Հիմնական
Գործի համար: ԵԴ/13273/02/21Վիճակագրական տողի համար: 12.3
Հայցվոր
Ռոբերտ Սեդրակի Քոչարյան
Պատասխանող
Նիկոլ Վովայի Փաշինյան
Հայաստանի Հանրապետություն
Դատավոր
Երևան քաղաքի դատարան:Քաղաքացիական վերաքննիչ:
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13273/02/21
Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
10-ը հունվարի 2023 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը`
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆԻ,
մասնակցությամբ՝
հայցվորի ներկայացուցիչ՝ Հ. Ալումյանի,
պատասխանողների ներկայացուցիչ՝ Դ. Հունանյանի,
դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության` արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին՝
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ՝ դատավոր Ա․ Մկրտչյանի/ 14․04․2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության` արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին ընդունվել է վարույթ։
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ՝ դատավոր Ա․ Մկրտչյանի/ 06․05․2021թ. որոշմամբ թիվ ԵԴ/13273/02/21 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․07․2021թ. որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/13273/02/21 քաղաքացիական գործով՝ «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» 06.05.2021 թվականին կայացված որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ գործի քննությունը նորից սկսելու համար:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ՝ դատավոր Ս․ Սահակյանի/ 23.09.2021թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
2.Հայցադիմումի հակիրճ բովանդակությունը, հայցվորի դիրքորոշումը.
Դիմելով դատարան` հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը 1998-2008 թվականներին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը, որով հայցվորը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1- րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքն ուներ հետևյալ ձևակերպումը.
<<2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը, որի նախապատրաստումը և անցկացումը մեծ դժգոհություններ են առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ: Տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կառույցներ, որոնց թվում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարը և բազմահազար քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն ժամանակ գործող վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Ըստ նրանց՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչով պայմանավորված, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ:
Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները: Միաժամանակ, ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝ կապահովվի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը և պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կգործեն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:
Հասարակության լայն շրջանակներում աճող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի իշխանական համակարգը պահելու համար՝ իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքական գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերի /հանցավոր ներգրավմամբ/, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ գործողություններով, քաղաքացիների հիմնական իրավունքների անհիմն և ապօրինի խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը:
Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ՀՀ Նախագահի ընտրություններին հաջորդող՝ 2008թ. փետրվարի 23-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման միջոցներ հանդիսացող՝ ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան երաշխավորված՝ իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների սահմանազանցմամբ խախտելով:>>:
Պատասխանողը, ով 01.03.2021 թվականի դրությամբ աշխատում էր որպես ՀՀ վարչապետ, 01.03.2021 թվականին, մոտ 17.000 մարդկանց մասնակցությամբ, Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ է ունեցել, որի ժամանակ, ի թիվս այլնի, հայտարարել է.
<<2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում:
Այս հանգամանքները պատշաճ իրավական գործընթացների շրջանակում պետք է ուսումնասիրվեն ու գնահատվեն դատարանի կողմից: Այս համոզմունքն է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները Մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում են, որ դատավարությունն այնընդհատ ձգձգվի՝ ունենալով միայն ու միայն մեկ նպատակ. որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, այսինքն՝ չբացահայտվի, հրապարակային չդառնան բազմաթիվ նրբություններ և ճշմարտություններ: Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում: Ինչի՞ համար են ձգում այդ ժամանակը: Որովհետև ոմանք հույս ունեն՝ ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը, հիմա էլ հույս ունեն, որ այդ բռնազավթմանը կհասնեն: Բայց մեր ասելիքը կրկին ու կրկին շարունակում է մնալ նույնը:
Իսկ Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար: Եվ այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ: Ինչպես բազմիցս ասել եմ, սպանությունների հեղինակները կոնկրետ անուն-ազգանունով մարդկանց չեն թիրախավորել, այլ թիրախավորել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ նա չունենա, մտքով անգամ չանցնի իշխանություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում: Իսկ սպանություններ կատարողները մինչև օրս բացահայտված չեն նաև այն պատճառով, որ հենց Մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված փամփուշտներով, պարկուճներով: Այսինքն՝ այն ժամանակ գործող իշխանությունը ինքը հոգ է տարել, որ սպանությունների և այլ ապօրինի գործողությունների պոտենցիալ սպացույցներն անհետանան, ոչնչանան: Ինչու՞: Այս հարցերի պատասխանները թերևս կստանանք Մարտի 1-ի գործով դատաքննության փուլում: Այս պատճառով է, որ ամեն ինչ արվում է այդ փուլը ձգձգելու համար:
Այս ամենն ասում եմ ոչ միայն օրվա խորհուրդն ընդգծելու համար, բայց ուզում եմ ասել, որ այդ նույն մարդիկ, բացարձակապես նույն մարդիկ, այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ: Եվ Զինված ուժերի գլխավոր շտաարի հայտարարությունն այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը, այդ թվում 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Սա ուզում եմ ասել առանց սեթևեթանքների: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք>>:
Պատասխանողի այս հայտարարությունը կարելի է գտնել ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով.
https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2021/03/01/Nikol-Pashinyan-Speech/?fbclid=IwAR30d5uL1y8ekXdotsmXCRg7WM8xgouBPFK54ddLrbmPtWu0hDOjrq8LNFs
Նույն ելույթը Պատասխանողը տեղադրել է նաև իր ֆեյսբուքյան էջին: Դա կարելի է տեսնել հետևյալ հղումով, այս տեսանյութը ունեցել է 833 հազար դիտում.
https://www.facebook.com/watch/live/?v=273974464121312&ref=watchpermalink
Նույն ելույթը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական Youtube ալիքով: Դա կարելի է տեսնել հետևյալ հղումով, այս տեսանյութն ունեցել է 234 դիտում.
https://www.youtube.com/watch?v=50jrymrqYHI
Նույն ելույթը հրապարակվել է նաև մի շարք զանգվածային լրատվամիջոցներով, այն է.
1. Հանրային հեռուստաընկերության <<Լուրեր>>-ի Youtube ալիքով: Դա կարելի է տեսնել հետևյալ հղումով, այս տեսանյութն ունեցել է 4228 դիտում.
https://www.youtube.com/watch?v=d59vr90ctu4
2. 1in TV-ի Youtube ալիքով: Դա կարելի է տեսնել հետևյալ հղումով, այս տեսանյութն ունեցել է 1325 դիտում.
https://www.youtube.com/watch?v-xnEF7oF8iqk
3. <<Ազատություն>> TV-ի Youtube ալիքով: Դա կարելի է տեսնել հետևյալ հղումով, այս տեսանյութն ունեցել է 137632 դիտում.
https://www.youtube.com/watch?v=Ns7smvzJZOg
4. armeniasputnik.am էլեկտրոնային էջում: Դա կարելի է տեսնել հետևյալ հղումով, այս նյութն ունեցել է 99 դիտում.
https://armeniasputnik.am/politics/20210301/26641686/marti-1-in-ishxanutyuny-banaky-hanec-sepakan-joxovrdi-dem-nikol-pashinyan.html
5. armtimes.com էլեկտրոնային էջում: Դա կարելի է տեսնել հետևյալ հղումով, այս նյութն ունեցել է 482 դիտում.
https://armtimes.com/hy/article/207878
6. armtimes.com էլեկտրոնային էջում: Դա կարելի է տեսնել հետևյալ հղումով, այս նյութն ունեցել է 1227 դիտում.
https://armtimes.com/hy/article/207859
7. news. am էլեկտրոնային էջում: Դա կարելի է տեսնել հետևյալ հղումով.
https://news.am/arm/news/631424.html
8. 168. am -ի Youtube ալիքով: Դա կարելի է տեսնել հետևյալ հղումով, այս տեսանյութն ունեցել է 694 դիտում.
https://www.youtube.com/watch?v-og2F-YaQ08
9. 168.am էլեկտրոնային էջում: Դա կարելի է տեսնել հետևյալ հղումով, այս նյութն ունեցել է 886 դիտում.
https://168.am/2021/03/01/1472185.html
10. PastinfoTV-ի Youtube ալիքով: Դա կարելի է տեսնել հետևյալ հղումով, այս տեսանյութն ունեցել է 26 դիտում.
https://www.youtube.com/watch?v=biRPS4gqmXM
Ինչպես կարելի է տեսնել գործի հանգամանքներից, պատասխանող Նիկոլ Փաշինյանը, լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետ, 01.03.2021 թվականին, խոսելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին՝ անդրադարձել է այդ ժամանակվա իշխանությունների գործողություններին և շուրջ 17.000 ներկաներին ու բազմաթիվ ունկնդիրներին հայտնել, որ դրանք (իշխանությունները) այդ ժամանակ <<բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին>>: Ընդ որում, նա մասնավորեցրել է, որ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Այս արտահայտություններից հետևում է, որ Պատասխանողն ուղղակիորեն մատնանշում է Հայցվորին՝ որպես բանակը ժողովրդի դեմ հանողներից և քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացնողներից մեկի:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը հայցվորին մեղադրել է այն բանում, որ ինքն ու իր թիմը գործադրում են հնարավոր և անհնար միջոցները, որպեսզի Մարտի 1-ի գործով դատավարությունն անընդհատ ձգձգվի՝ ունենալով միայն ու միայն մեկ նպատակ. որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, այսինքն՝ չբացահայտվի, հրապարակային չդառնան բազմաթիվ նրբություններ և ճշմարտություններ: Ընդ որում, որպես այդ ձգձգումների ևս մեկ նպատակ, Նիկոլ Փաշինյանը մատնանշել է հայցվորի կողմից իշխանության բռնազավթման նպատակը:
Ն. Փաշինյանն իր խոսքում ևս մեկ անգամ պնդել է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո՛, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար: Ավելին, նա պնդել է, որ <<այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ>>:
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը պնդում է արել, որ այն ժամանակ (2008 թվականի մարտի մեկի դրությամբ գործող) իշխանությունը ինքը հոգ է տարել, որ սպանությունների և այլ ապօրինի գործողությունների պոտենցիալ ապացույցներն անհետանան, ոչնչանան: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ <<այդ նույն մարդիկ, բացարձակապես նույն մարդիկ, այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ: Եվ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը, այդ թվում 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Սա ուզում եմ ասել առանց սեթևեթանքների: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք>>:
Այսպիսով, պատասխանող Նիկոլ Փաշինյանի՝ վերևում մեջբերված հայտարարություններից երևում է, որ նրա խոսքը վերաբերում է, ի թիվս այլոց, հայցվորին: Ընդ որում, այդ խոսքի միջոցով տարածվել են այնպիսի փաստական տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը:
Պատասխանողի վերը մեջբերված հայտարարությունները հանդիսանում են զրպարտություն:
Հայցվորը պնդմամբ պատասխանողը, լինելով ՀՀ վարչապետ, վերը նշված իր ելույթով խախտել է նաև հայցվորի անմեղության կանխավարկածը, որը արդար դատաքննության բաղկացուցիչ մասն է: Չսպասելով հայցվորի վերաբերյալ քրեական գործի ավարտին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյանը արել է այնպիսի հայտարարություններ, որոնցից աներկբա հետևում է, որ ինքը հաստատված է համարում հայցվորին վերագրվող մեղադրանքի մի շարք դրույթների հաստատված լինելը: Վարչապետ Փաշինյանը նաև հայտարարել է, որ մարտի 1-ի գործը բացահայտված է, քանի որ <<սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է>>: Կանխորոշելով գործի ելքը, նա հայտարարել է, որ կարծում է, որ հանրությանը դա ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում: Այլ կերպ ասած, Պատասխանողի հայտարարություններից հետևում է, որ, նրա կարծիքով, նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացրած՝ մարտի 1-ի իրադարձությունների վարկածը հաստատված է և դա աներկբա կերևա դեռևս դատաքննության փուլում:
Անմեղության կանխավարկածի սկզբունքը չի արգելում իշխանական մարմիններին՝ քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկություններ հայտնել հասարակությանը, սակայն, դրանով հանդերձ, պահանջում է նրանցից լինել առավելագույնս շրջահայաց և զգոն, որպեսզի պահպանել անմեղության կանխավարկածը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի վերլուծությունը ցույց է տալիս, որ նա, խոսելով Հայցվորի վերաբերյալ քրեական գործի մասին, չի պահպանել առավելագույն շրջահայացությունը և զգոնությունը, այլ՝ իր արտահայտություններում և պնդումներում եղել է առավելագույնս կատեգորիկ: Դրանով Հայաստանի վարչապետը խախտել է անմեղության կանխավարկածի վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից սահմանված ևս մեկ չափանիշ՝ հանրային իշխանությունների պաշտոնական հայտարարություններում ձևակերպումների մանրակրկիտ ընտրության կարևորությունը:
Տվյալ դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ՝ հայցվորի անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ հրապարակողը այդ պահին աշխատել է որպես ՀՀ վարչապետ, և այդ տեղեկությունները տարածվել են, ի թիվս այլնի, ՀՀ վարչապետի պաշտոնական էլեկտրոնային էջում, ինչպես նաև ՀՀ կառավարության Յութուբյան էջում: Հետևաբար, անմեղության կանխավարկածի խախտող պետք ճանաչվի Նիկոլ Փաշինյանը, իսկ դրա արդյունքում հասցված ոչ նյութական վնասը պետք է հատուցվի Հայաստանի Հանրապետության կողմից:
Ինչպես զրպարտությամբ, այնպես էլ անմեղության կանխավարկածի խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի չափը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը դիտած կամ կարդացած անձանց աննախադեպ մեծ քանակը, այն, որ հայտարարության հեղինակը զբաղեցնում է ՀՀ բարձրագույն՝ վարչապետի պաշտոնը, ինչպես նաև այն, որ նրա խոսքը հեղինակավոր է շատերի համար ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ՝ ՀՀ սահմաններից դուրս:
Ելնելով վերը շարադրվածից, խնդրել է՝
1. Հաստատել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից արված հետևյալ հայտարարություններով.
<<2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում:
Այս հանգամանքները պատշաճ իրավական գործընթացների շրջանակում պետք է ուսումնասիրվեն ու գնահատվեն դատարանի կողմից: Այս համոզմունքն է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները Մարտի 1-ի գործով մերադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում են, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի՝ ունենալով միայն ու միայն մեկ նպատակ. որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, այսինքն՝ չբացահայտվի, հրապարակային չդառնան բազմաթիվ նրբություններ և ճշմարտություններ: Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում: Ինչի համար են ձգում այդ ժամանակը: Որովհետև ոմանք հույս ունեն՝ ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը, հիմա էլ հույս ունեն, որ այդ բռնազավթմանը կհասնեն: Բայց մեր ասելիքը կրկին ու կրկին շարունակում է մնալ նույնը:
Իսկ Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո՛, հանել են սեփական ժողովրդի դեմ, քանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար: Եվ այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ: Ինչպես բազմիցս ասել եմ, սպանությունների հեղինակները կոնկրետ անուն-ազգանունով մարդկանց չեն թիրախավորել, այլ թիրախավորել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ նա չունենա, մտքով անգամ չանցնի իշխանություն ունենալ Հայաստանի Հայրապետությունում: Իսկ սպանություններ կատարողները մինչև օրս բացահայտված չեն նաև այն պատճառով, որ հենց Մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված փամփուշտներով, պարկուճներով: Այսինքն՝ այն ժամանակ գործող իշխանությունը ինքը հոգ է տարել, որ սպանությունների և այլ ապօրինի գործողությունների պոտենցիալ ապացույցներն անհետանան, ոչնչանան: Ինչու՞: Այս հարցերի պատասխանները թերևս կստանանք Մարտի 1-ի գործով դատաքննության փուլում: Այս պատճառով է, որ ամեն ինչ արվում է այդ փուլը ձգձգելու համար:
Այս ամենն ասում եմ ոչ միայն օրվա խորհուրդն ընդգծելու համար, բայց ուզում եմ ասել, որ այդ նույն մարդիկ, բացարձակապես նույն մարդիկ, այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ: Եվ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը, այդ թվում 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Սա ուզում եմ ասել առանց սեթևեթանքների: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք:>>
խախտվել է հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածով և <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը,
2. Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես արդար դատաքննության իրավունքի խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման գումար,
3. պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հրապարակայնորեն հերքել 01.03.2021 թվականին Հանրապետության հրապարակում հայցվորի վերաբերյալ հնչեցված՝ վերը մեջբերված արտահայտությունները, հերքումը տարածելով Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube ալիքով, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, Հանրային հեռուստաընկերության <<Լուրեր>>-ի Youtube ալիքով, lin TV-ի Youtube ալիքով, <<Ազատություն>> TV-ի Youtube ալիքով, 168.am -ի Youtube ալիքով, PastinfoTV-ի Youtube ալիքով, armeniasputnik.am, armtimes.com , armtimes.com , news.am, 168.am էլեկտրոնային լրատվության միջոցներով:
4. պատասխանող Նիկոլ Փաշինյանից հօգուտ հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:
16.12.2022թ. կայացած դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է գրավոր դիրքորոշում, որով հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի հնչեցված դիրքորոշումից, հայցի՝ զրպարտությանը վերաբերող մասով պատասխանող կողմի առարկություններից պարզ է դարձել մի շատ կարևոր հանգամանք. պատասխանող կողմը չի պնդում, որ Նիկոլ Փաշինյանի 01.03.2021 թվականի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:
Պատասխանողի առարկությունները (ինչպես հայցի՝ զրպարտությանը վերաբերող, այնպես էլ՝ անմեղության կանխավարկածի խախտման մասով) հանգում են այն բանին, որ հայցվոր կողմը չի ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբերում էր հայցվորին: Համապատասխանաբար, հայցվոր կողմի վրա է ընկնում այն փաստի ապացուցման պարտականությունը, որ Նիկոլ Փաշինյանի 01.03.2021 թվականի խոսքի այն հատվածը, որը մեջբերված է հայցադիմումում, վերաբերել է հայցվորին կամ առնվազն՝ սովորական քաղաքացին, ով լսել կամ կարդացել է այդ խոսքը, կարող էր հանգել այդպիսի հետևության:
Այս կապակցությամբ կարևոր է համարել զուգահեռներ անցկացնել մեկ այլ քաղաքացիական գործի հետ, որով կայացված վերջնական որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Խոսքը թիվ ԵԴ/20035/02/18 գործի մասին է, որում հայցվոր էր հանդիսանում պարոն Ռոբերտ Քոչարյանը, իսկ պատասխանող՝ պարոն Նիկոլ Փաշինյանը: Նշված գործը նույնպես վերաբերում էր զրպարտության հետ կապված իրավահարաբերություններին. Հայցվորը պնդում էր, որ Պատասխանողը զրպարտչական տեղեկություններ է տարածել իր մասին: Նշված գործի քննության ընթացքում, ինչպես և այժմ, պատասխանող Նիկոլ Փաշինյանն իր առարկությունների հիմքում դրել էր այն պնդումը, որ այդ գործով քննարկման առարկա դարձած հրապարակային հայտարարություններում նկատի չի ունեցել պարոն Ռ. Քոչարյանին: Այն բանից հետո, երբ դատական նիստի ընթացքում պարոն Փաշինյանի ներկայացուցիչը հրապարակայնորեն հայտարարեց, որ իր վստահորդը նկատի չի ունեցել պարոն Ռոբերտ Քոչարյանին, հայցվոր կողմը հայցից հրաժարվեց: Թեև ԵԴ/20035/02/18 գործով քննարկվող՝ պարոն Փաշինյանի արած հրապարակային արտահայտություններից ակնհայտորեն երևում էր, որ դրանք վերաբերում են պարոն Քոչարյանին, սակայն այն հանգամանքը, որ դատարանի առջև, մոտ մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայությամբ պարոն Փաշինյանն իր ներկայացուցչի միջոցով հայտարարեց, որ նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին՝ հավասարազոր էր կամավոր հրապարակային հերքման:
Ինչպես և թիվ ԵԴ/20035/02/18 գործով, այս գործով ևս պատասխանողը փորձում է ոչ թե հիմնավորել իր խոսքերի ճշմարտացիությունը, այլ ասում <<դե ապացուցեք, որ Ռոբերտ Քոչարյանին եմ նկատի ունեցել>>: Ընդ որում, երբ ուղիղ հարց ենք տալիս՝ ու՞մ է նկատի ունեցել պատասխանողը, ապա որևէ անգամ ուղիղ պատասխան չի տրվում: Ուղիղ պատասխան չի տրվում նաև այն դեպքում, երբ պատասխանող կողմին մեկ այլ ուղիղ հարց է տրվում. <<ի վերջո, խնդրում ենք ասել՝ պարոն Փաշինյանը իր խոսքում պարոն Քոչարյանին է նկատի ունեցել, թե ոչ>>:
Նման պայմաններում հայցվոր կողմն, իհարկե, կկրի իր վրա օրենքով դրված պարտականությունն՝ ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանի 01.03.2021 թվականի խոսքի այն հատվածը, որը մեջբերված է հայցադիմումում, վերաբերել է հայցվորին կամ առնվազն՝ սովորական քաղաքացին, ով լսել կամ կարդացել է այդ խոսքը, կարող էր հանգել այդպիսի հետևության: Այսպես.
Պատասխանող Նիկոլ Փաշինյանի 01.03.2021 թվականի ելույթի այն հատվածը, որը քննարկվում է սույն գործով, սկսվում է այսպես.
2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ:
Ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ Նախագահն է հանդիսացել պարոն Ռոբերտ Քոչարյանը, սույն գործով հայցվորը: Այսինքն, <<այդ ժամանակվա կառավարողները>> արտահայտությունն ուղղակիորեն վերաբերում է պարոն Քոչարյանին: Առնվազն, պարոն Քոչարյանն այն անձանցից մեկն է, ում <<այդ ժամանակվա կառավարողները>> արտահայտությունն ուղղակիորեն վերաբերում է:
Ավելին, հենց դրա հաջորդ նախադասության մեջ ասված է, որ անձիք, ում մասին գնում է խոսքը, Պատասխանողի խոսելու օրվա՝ 01.03.2021 թվականի դրությամբ մեղադրվում են Մարտի 1-ի գործով և այդ օրվա դրությամբ գործը քննվում է դատարանում: Ինչպես երևում է մեր կողմից սույն դատարան ներկայացրած նյութերից, նշված օրվա դրությամբ Հայցվորը թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ամբաստանվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, նշված մեղադրանքը վերաբերում էր 2008 թվականի Մարտի 1-ի գործին: Նշված քրեական գործով պարոն Քոչարյանից բացի ամբաստանվում էր ևս երեք հոգի: Այսինքն, պարոն Քոչարյանն այն անձանցից մեկն է, ում <<Մարտի 1-ի գործով մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ>> արտահայտությունն ուղղակիորեն վերաբերում է:
Եթե Պատասխանողի խոսքը բացի Հայցվորից վերաբերվել է նաև այլ անձանց, ապա դա ոչինչ չի փոխում. Հայցվորն իր մասով պահանջ է ներկայացրել և Պատասխանողը պարտավոր է կամ ապացուցել իր ասածը, կամ՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել ու հատուցել ոչ նյութական վնասը:
Նախնական դատական նիստերի ընթացքում քննարկվել է նաև այն հարցը, թե ինչ կարգավիճակով է Պատասխանողը հանդես եկել 01.03.2021 թվականի հանրահավաքի ընթացքում:
Այդ կապակցությամբ նշել է, որ նախնական դատական նիստի ընթացքում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում հայցվորի ներկայացուցչի կողմից տրված պատասխանները չեն կարող դիտվել որպես հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխություն:
Դրա հետ մեկտեղ, նշել է, որ ելույթի օրը՝ 01.03.2021 թվականին պատասխանող Նիկոլ Փաշինյանը զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը, ինչը հանրաճանաչ փաստ է: Սակայն հանրահավաքի հրավիրելը, այդ հանրահավաքի ընթացքում ելույթ ունենալը, դատարաններում քննվող քրեական գործերը քննարկելը, այդ գործով անցնող անձանց գործողություններին գնահատական տալը ընդգրկված չէ ՀՀ վարչապետի լիազորությունների շրջանակների մեջ, ինչը նույնպես անվիճելի փաստ է:
Հետևաբար, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչեցված մտքերը չեն կարող վերագրվել ՀՀ վարչապետին՝ որպես պաշտոնատար անձի և չեն կարող քաղաքացիաիրավական հետևանքներ առաջացնել որևիցե մեկի համար, բացի ֆիզիկական անձ Նիկոլ Փաշինյանի: Այդ է պատճառը, որ հայցադիմումում ֆիզիկական անձ Նիկոլ Փաշինյանը մատնանշված է որպես պատասխանող:
Այլ է իրավիճակը հայցադիմումի մյուս մասի հետ կապված, որը վերաբերում է անմեղության կանխավարկածին: Այդ մասով հայցը ուղղված է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ելնելով Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի առանձնահատկություններից: Այսպես.
166. [Եվրոպական] Դատարանն ընդգծում է, որ անձի անմեղության կանխավարկածը կխախտվի, եթե հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի վերաբերյալ դատական ակտը կամ պաշտոնատար անձի հայտարարությունը պարունակի կարծիք, որ տվյալ անձը մեղավոր է՝ նախքան նա մեղավոր կճանաչվի օրենքով նախատեսված կարգով: Նույնիսկ որևիցե ֆորմալ ձևակերպման բացակայության պայմաններում, բավարար կլինի որևիցե հիմնավորում, որը կվկայեր այն մասին, որ դատարանը կամ պաշտոնատար անձը մեղադրյալին մեղավոր են համարում: (...)
Պատասխանող Նիկոլ Փաշինյանի 01.03.2021 թվականի ելույթի՝ հայցադիմումում մեջբերված հատվածից հստակորեն երևում է, որ նա մեղավոր է համարում այն անձանց, ում մասին խոսում է իր ելույթում: Այդ մասին է վկայում ինչպես ելույթի այդ հատվածն ամբողջությամբ, այնպես էլ, մասնավորապես, դրա հետևյալ հատվածները. <<եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում>», <<իսկ Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո՛, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար>>, <<այն ժամանակ գործող իշխանությունը ինքը հոգ է տարել, որ սպանությունների և այլ ապօրինի գործողությունների պոտենցիալ ապացույցներն անհետանան, ոչնչանան»>:
Պատասխանող կողմի գրավոր պատասխանի տեքստում առկա են պնդումներ, թե՝ պարոն Ն. Փաշինյանի հրապարակային խոսքը պաշտպանվում է Մահմանադրության 42-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներով, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, քանի որ համապատասխան արտահայտություններն իրենցից ներկայացում են կարծիք: Մինչդեռ, ինչպես երևաց Եվրոպական դատարանի մեջբերված դիրքորոշումներից, բարձրաստիճան պաշտոնատար անձիք պետք է ձեռնպահ մնան հենց հատկապես այդպիսի կարծիքներ արտահայտելուց:
Նախնական դատական նիստում հարց բարձրացվեց նաև այն հանգամանքի վերաբերյալ, թե ինչ կարգավիճակում է պարոն Փաշինյանը գտնվել՝ իր արտահայտությունները կատարելիս: Այս հարցն առաջացել է, մասնավորապես, այն բանի հետ կապված, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունների համար: Այս հարցի պատասխանը ևս կարելի է գտնել Եվրոպական դատարանի վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումներում: Այսպես.
Եվրոպական դատարանում Կուզմինն ընդդեմ Ռուսաստանի (Kouzmin v. Russia) գործով առաջացել էր հետևյալ իրավական խնդիրը: Դիմողը՝ պարոն Կուզմինը, ով Կրասնոյարսկի մարզի նախկին դատախազն էր, 1998 թվականի մայիս ամսվա դրությամբ մեղադրվում էր ծանր հանցագործության կատարման մեջ և դեռ առկա չէր գործն ըստ էության լուծող դատական ակտ: Կրասնոյարսկի մարզի նահանգապետի թեկնածու Ալեկսանդր Լեբեդը 1998 թվականի մայիսի 07-ին, 12-ին և 13-ին իր նախընտրական ելույթներում Կուզմինին անվանել էր հանցագործ, ով պետք է նստի ճաղերի ետևում: Եվրոպական դատարանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը պնդում էր, որ պետությունը չի կարող պատասխանատվություն կրել անմեղության կանխավարկածի խախտման համար, քանի որ պարոն Լեբեդը այդ պահին դեռ չի հանդիսացել Կրասնոյարսկի նահանգապետ այլ ընդամենը նախընտրական արշավ է իրականացրել: Պարոն Լեբեդը նահանգապետ էր ընտրվել միայն 17.05.1999 թվականին, ինչը հիմք էր տալիս ՌԴ ներկայացուցչին պնդելու, որ հարցազրույցներ տալու պահին նա հանդիսացել է մասնավոր անձ, հետևաբար Պետությունը, ըստ ՌԴ ներկայացուցչի, այդ հայտարարությունների համար պատասխանատու չէ: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը նշել է.
62. Տվյալ դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ա. Լեբեդը այդ պահին հանդիսացել է ոչ միայն Կրասնոյարսկի տարածաշրջանի նահանգապետի թեկնածու, այլ նաև պաշտոնաթող գեներալ, ակնառու դեմք ռուսաստանյան հասարակությունում, ով զբաղեցրած է եղել պետական բարձր պաշտոններ և շատ հայտնի քաղաքական գործիչ: Ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության իշխանությունների, Եվրոպական Դատարանը չի համարում, որ մայիսի 07-ին, 12-ին և 13-ին հանդես գալով հեռուստատեսությամբ, Ա. Լեբեդն իր վիճելի արտահայտությունները կատարել է որպես <<մասնավոր անձ>>: (...) Եվրոպական դատարանն այդ առնչությամբ հիշեցնում է, որ զանգվածային լրատվության միջոցներում այդպիսի ագրեսիվ արշավը առանձին դեպքերում կարող է խանգարել գործի արդարացի քննությանը, ազդեցություն գործելով հասարակական կարծիքի վրա և, այդպիսով, մեղադրյալի մեղավորության հարցի վերաբերյալ դատարանի որոշման վրա: (...) Սակայն այս վաղ փուլերում, նախքան դիմողի վերաբերյալ քրեական գործով նրա դատի տալը, հատկապես կարևոր էր չանել այնպիսի հրապարակային հայտարարություններ, որոնք կարող էին մեկնաբանվել որպես այն բանի հաստատում, որ որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձիք դիմողին մեղավոր են համարում:
63. Այսպիսով, հաշվի առնելով այն հատուկ հանգամանքները, որոնցում հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում արվել էին Ա. Լեբեդի վիճելի հայտարարությունները, Եվրոպական Դատարանը եզրակացնում է, որ խոսքը գնացել է պաշտոնատար անձի հայտարարությունների մասին, որոնք դրդում էին հասարակությանը հավատալ դիմողի մեղավորությանը և նախապես կանխորոշում էին իրավասու մարմինների կողմից կատարվելիք փաստերի գնահատականը:
64. Վերը նշված փաստարկների հիման վրա Եվրոպական Դատարանը չի համարում, որ քննարկվող հայտարարություններն ընդգրկվում էին <<մասնավոր անձանց» կողմից տարածվող տեղեկություններից պատվի, արժանապատվության ու գործարար համբավի պաշտպանությամբ, չբացառելով իհարկե, որ այդպիսի պաշտպանության միջոց գոյություն է ունեցել ազգային օրենսդրությունում:
Հետևաբար, Պետությունը կրում է պատասխանատվություն անձի անմեղության կանխավարկածի խախտման համար նաև այն դեպքում, երբ անմեղության կանխավարկածը խախտող արտահայտություններ թույլ տված պաշտոնատար անձը արտահայտությունները կատարելու պահին չի գործել որպես պաշտոնատար անձ:
Եվրոպական դատարանում քննված՝ Բուտկևիչուսն ընդդեմ Լիտվայի գործով առաջացել էր հետևյալ իրավական խնդիրը. դիմողին, ով Լիտվայում հայտնի քաղաքական գործիչ էր, մեղադրանք էր առաջադրվել կաշառք ստանալու համար: Լիտվայի Սեյմի (պարլամենտի) նախագահը, պատասխանելով լրագրողների այն հարցի, թե ինքն արդյո՞ք կասկածում է, որ Բուտկևիչուսը կաշառք է ստացել, պատասխանել էր այսպես. <<հիմնվելով ինձ մոտ առկա նյութերի վրա, ես չունեմ կասկածներ»>: Մեկ այլ անգամ Սեյմի նախագահը նույն գործի հետ կապված հայտարարել էր. <<եղել և մնում է մեկ կամ երկու համոզիչ փաստ. /դիմողը/ վերցրել է գումարներ, խոստանալով կրիմինալ ծառայություններ>>: Վերջապես երրորդ դեպքում Սեյմի նախագահն իր հարցազրույցում ասել էր, որ <<Կենտրոնը և Նոր Միությունը /կուսակցություններ/ համակարգում են կաշառակերի պաշտպանությունը>> և որ այդ կուսակցությունները ձգձգում են դատավարությունը և գիտակցաբար դիմողից <<զոհ>> են սարքում: Այդ գործով Եվրոպական դատարանն արտահայտել է մի շարք դիրքորոշումներ, որոնք կարևոր են սույն գործի համար: Այսպես.
49. (...) [անմեղության կանխավարկածը] խախտվում է, եթե պաշտոնատար անձի կողմից մեղադրյալի վերաբերյալ արված արտահայտությունը կարծիք է պարունակում, որ վերջինս մեղավոր է՝ նախքան մեղավորությունը կհաստատվի օրենքով սահմանված կարգով: Բավարար է, նույնիսկ ֆորմալ հաստատումների բացակայության պայմաններում, որոշ հիմքեր ենթադրելու, որ տվյալ պաշտոնատար անձը մեղադրյալին մեղավոր է համարում: Ավելին, անմեղության կանխավարկածը կարող է խախտվել ոչ միայն դատավորի կամ դատարանի, այլ նաև իշխանության այլ մարմինների կողմից: (...)
50. [Եվրոպական] Դատարանը նշում է, որ վիճարկվող հայտարարությունները արվել են գլխավոր դատախազի և Սեյմի նախագահի կողմից՝ բուն քրեանան գործով վարույթի հետ չկապված կոնտեքստում, այսինքն, ազգային լրատվամիջոցներին տրված հարցազրույցների ձևով:
[Եվրոպական] Դատարանն ընդունում է, որ այն հանգամանքը, որ իրեն հանցագործություն մեղսագրելու պահին դիմողը հանդիսանում էր կարևոր քաղաքական գործիչ, պահանջում էր պետության բարձրագույն պաշտոնատար անձանցից, այդ թվում՝ նաև գլխավոր դատախազից ու Սեյմի նախագահից, տեղեկատվություն տրամադրել հասարակությանը ենթադրյալ իրավախախտման և կայանալիք քրեական դատավարության մասին: Սակայն [Եվրոպական] Դատարանը չի կարող համաձայնել կառավարության այն փաստարկներին, որ այդ հանգամանքը կարող է արդարացնել պաշտոնատար անձանց կողմից մամուլին տրված իրենց հարցազրույցներում ցանկացած ձևակերպումների օգտագործումը:
53. (...) [Եվրոպական] Դատարանը համամիտ չէ, որ Սեյմի նախագահի կողմից արված՝ <<կաշառքի>> հիշատակումները կապ չունեին այդ որոշման հետ: Անվիճելի է, որ դիմողի կողմից կատարված հանցագործությունները թեև հետագայում դատախազության ու դատարանների կողմից որակվել են որպես խարդախության փորձ, նախքան դիմողի դատապարտումը հաճախ հիշատակվել են և լայն հասարակության կողմից ընկալվել են որպես <<կաշառք>>: Կառավարությունը չէր վիճարկում, որ Սեյմի նախագահի խոսքերն այն մասին, որ դիմումատուն <<կաշառակեր է>> կապ չունեն այն դատավարության հետ, որի մասին գնում է խոսքը: [Եվրոպական] Դատարանի կարծիքով, դրա համար էլ այդ հայտարարությունը կարելի է մեկնաբանել իբրև այն բանի հաստատում, որ Սեյմի նախագահի տեսակետից, դիմողը կատարել է այն հանցագործությունները, որոնցում իրեն մեղադրում են:
Թեև Սեյմի նախագահի՝ վիճարկվող հայտարարություններն ամեն անգամ կարճ են եղել և արվել են այնպիսի հանգամանքներում, որոնք իրար հետ փոխկապակցված չեն, [Եվրոպական] Դատարանի կարծիքով, դրանք հավասարազոր են պաշտոնատար անձի հայտարարությանը, որ դիմողը մեղավոր է, ինչը դրդում էր հասարակությանը նրան մեղավոր համարել, ինչպես նաև՝ նրան վաղաժամ դատապարտել՝ նախքան իրավասու դատական մարմնի կողմից հանգամանքների քննությունը:
Տվյալ դեպքում պարոն Ռոբերտ Քոչարյանը 01.03.2021 թվականի դրությամբ մեղադրվում էր 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեջ, որը [ըստ մեղադրանքի] դրսևորվել է, ի թիվս այլի, ՀՀ զինված ուժերը ապօրինի օգտագործելու միջոցով, ինչպես նաև ակնհայտորեն իր լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ այլ գործողություններով, քաղաքացիների հիմնական իրավունքների անհիմն և ապօրինի խախտմամբ և սահմանափակմամբ:
Այն դեպքում, երբ նշված մեղադրանքով քրեական գործը քննվում էր դատարանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում բազմամարդ հանրահավաքի մասնակիցների և մեծաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ արել է հետևյալ հայտարարությունը.
<<2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում:
Այս հանգամանքները պատշաճ իրավական գործընթացների շրջանակում պետք է ուսումնասիրվեն ու գնահատվեն դատարանի կողմից: Այս համոզմունքն է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները Մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում են, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի՝ ունենալով միայն ու միայն մեկ նպատակ. որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, այսինքն՝ չբացահայտվի, հրապարակային չդառնան բազմաթիվ նրբություններ և ճշմարտություններ: Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում: Ինչի՞ համար են ձգում այդ ժամանակը: Որովհետև ոմանք հույս ունեն՝ ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը, հիմա էլ հույս ունեն, որ այդ բռնազավթմանը կհասնեն: Բայց մեր ասելիքը կրկին ու կրկին շարունակում է մնալ նույնը: Իսկ Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո՛, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար: Եվ այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ: Ինչպես բազմիցս ասել եմ, սպանությունների հեղինակները կոնկրետ անուն-ազգանունով մարդկանց չեն թիրախավորել, այլ թիրախավորել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ նա չունենա, մտքով անգամ չանցնի իշխանություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում: Իսկ սպանություններ կատարողները մինչև օրս բացահայտված չեն նաև այն պատճառով, որ հենց Մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված փամփուշտներով, պարկուճներով: Այսինքն՝ այն ժամանակ գործող իշխանությունը ինքը հոգ է տարել, որ սպանությունների և այլ ապօրինի գործողությունների պոտենցիալ ապացույցներն անհետանան, ոչնչանան: Ինչու՞: Այս հարցերի պատաախանները թերևս կստանանք Մարտի 1-ի գործով դատաքննության փուլում: Այս պատճառով է, որ ամեն ինչ արվում է այդ փուլը ձգձգելու համար:
Այս ամենն ասում եմ ոչ միայն օրվա խորհուրդն ընդգծելու համար, բայց ուզում եմ ասել, որ այդ նույն մարդիկ, բացարձակապես նույն մարդիկ, այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ: Եվ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը, այդ թվում 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Սա ուզում եմ ասել առանց սեթևեթանքների: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք>>:
Համադրելով այս հայտարարության բովանդակությունը Եվրոպական դատարանի վերը մեջբերված իրավական դիրքորոշումների հետ հեշտ է կռահել, որ՝
- այս հայտարարությամբ խախտվում է պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը (տես՝ վերը մեջբերված՝ Իսմոիլովն ու այլք. Ընդդեմ Ռուսաստանի (Ismoilov and Others v. Russia) գործով 24.04.2008 թվականի վճիռը, գանգատ թիվ 2947/05,
- այս հայտարարության համար այնքանով, որքանով այն խախտում է պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը, պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը՝ անկախ այն բանից, թե ինչ կարգավիճակով (որպես ՀՀ վարչապետ, թե որպես ֆիզիկական անձ) է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկել (տես՝ վերը մեջբերված՝ Կուզմինն ընդդեմ Ռուսաստանի (Kouzmin v. Russia) գործով 18.03.2010 թվականի վճիռը, գանգատ N 58939/00),
- ՀՀ վարչապետը (ինչպես և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք) չի օգտվում Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված՝ իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքից, եթե այդ կարծիքը կայանում է նրանում, որ քննվող քրեական գործով մեղադրյալը իրականում մեղավոր է (տես՝ վերը մեջբերված՝ Իսմոիլովն ու այլք. ընդդեմ Ռուսաստանի (Ismoilov and Others v. Russia) գործով 24.04.2008 թվականի վճիռը, գանգատ թիվ 2947/06, Բուտկևիչուսն ընդդեմ Լիտվայի գործով 26.03.2002 թվականի վճիռը, գանգատ N 48297/99),
- անմեղության կանխավարկածը խախտվում է նաև այն դեպքում, եթե մեղադրյալի կողմից հանցանք կատարած լինելու մասին պաշտոնյայի կարծիքը ոչ ամբողջական կերպով է համընկնում մեղադրանքի բովանդակության հետ, սակայն ակնհայտ է, որ խոսքը այն գործի մասին է, որը տվյալ պահին քննվում է տվյալ անձի վերաբերյալ (տես՝ վերը մեջբերված՝ Բուտկևիչուսն ընդդեմ Լիտվայի գործով 26.03.2002 թվականի վճիռը, գանգատ N 48297/99):
Վերը շարադրվածը վկայում է այն մասին, որ հայցը ենթակա է բավարարման ամբողջությամբ: Ինչ վերաբերում է պահանջվող դրամական փոփհատուցման չափին, ապա այն պայմանավորված է նրանով, որ զրպարտությունը և անմեղության կանխավարկածի խախտումը դրսևորվել են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրելով և Պատասխանողի խոսքը ունեցել է մեծ տարածում, ինչը կանխատեսելի է եղել Պատասխանողի համար:
Ելնելով վերոգրյալից՝ հայցվորի ներկայացուցիչը խնդրել է ներկայացված հայցը բավարարել:
3.Պատասխանողների դիրքորոշումը.
Պատասխանողների ներկայացուցիչը ներկայացված հայցադիմումի պատասխանով նշել է, որ ելույթի՝ հայցադիմումի մեջ առանձնացված հատվածում ոչ մի տեղ չկա հայցվորի՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի անունը, ելույթի՝ հայցադիմումի մեջ առանձնացված հատվածը (զուտ դրա բովանդակության վերլուծության հիման վրա) ուղղված է անորոշ հասցեատերերի, օրինակ՝ ինչպես շարադրված է՝ հայցադիմումի մեջ ելույթի այդ հատվածում՝ ա. «Հայաստանի այն ժամանակվա կառավարողներ», բ. «մարտի մեկի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմ», գ. «2008 թվականի իշխանություններ», դ. «քննչական մարմիններ» և այլն, որոնցից ոչ ոք չի նույնացվում կոնկրետ իրավաբանական կամ ֆիզիկական անձի հետ:
Տվյալ արտահայտությունն ուղղված է ոչ թե կոնկրետ հայցվորին, այլ անորոշ հասցեատիրոջ, զրպարտություն չկա և չի էլ կարող լինել, քանի որ հակառակ իրավական գնահատականն անհիմն սահմանափակում է խոսքի ազատության սահմանադրական իրավունքը: Այլ կերպ ասած, պատասխանող Նիկոլ Փաշինյանին վերագրվող արտահայտությունները լիովին իրավաչափ են, քանի որ չեն պարունակում զրպարտության հատկանիշներ:
Զրպարտություն համարվող արտահայտություններին ծանոթանալիս, ակնհայտ է, որ կասկածելի են՝ դրանք հասցեագրված են հենց հայցվոր Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ այլ ֆիզիկական անձի: Ընդ որում, այդ կասկածի առկայությունն հաստատվում է հենց հայցի հիմքում վկայակոչված փաստերով ու փաստարկներով, քանի որ Հայցվորը ո՛չ թե մատնանշում է կոնկրետ իրեն ուղղված արտահայտություն, այլ վերլուծում է, որ տվյալ արտահայտությունն ուղղված կոնկրետ իրեն՝ ի թիվս այլ անձանց՝ առանց հստակեցնելու կոնկրետ ովքեր են այդ այլ անձինք՝ չնշելով որևիցե անուն: Ի դեպ, հնարավոր չէ նշել այդ այլ անձանց որևիցէ անուն, քանի որ ինչպես նշվեց, այդ արտահայտությունների հասցեատերերն անորոշ են, քանի որ չեն նույնացվում որևիցե ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ:
Պատասխանողի դեմ ներկայացված հայցը ենթակա է մերժման, քանի որ վերջինիս վերագրվող արտահայտությունները չեն պարունակում զրպարտության հատկանիշներ, իրավաչափ են, խոսքի ազատության իրավունքի սահմաններում են։
Հայցվորի պնդմամբ՝ պատասխանողն իր խոսքի ընթացքում արատավորել է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը զրպարտության եղանակով, որի վերաբերյալ իրավահարաբերությունը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով՝ հայցվորի կողմից պատասխանողին որպես զրպարտություն վերագրվող արտահայտությունները չեն պարունակում ինչպես 1087.1-րդ հոդվածով նախատեսված, այնպես էլ Վճռաբեկ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումներով այդ հոդվածով նախատեսված իրավունքի նորմերի մեկնաբանություններով դուրս բերված զրպարտության հատկանիշները՝ պատասխանողին վերագրվող արտահայտություններով պատասխանողը չի զրպարտել հայցվորին, ավելին՝ պատասխանողը կենսագործել է իր կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքը և նրան վերագրվող գործողությունները՝ այդպիսի արտահայտություններ կատարելը, իրավաչափ է և խոսքի ազատության իրավունքի սահմաններում է:
Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածի խախտման հարցին, ապա պատասխանողների ներկայացուցիչը, հայտնել է, որ անհասկանալի է ինչու է Հայցվորը պնդում՝ Պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանը խախտել է Հայցվորի անմեղության կանխավարկածը այն պայմաններում, երբ ինչպես նշվեց սույն պատասխանի նախորդ կետերում, Պատասխանողին վերագրվող արտահայտություններն ունեն անորոշ հասցեատեր:
Բացի դրանից, անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման բացակայությունը հիմնավորվորվել է նաև հենց հայցադիմումի բովանդակությամբ, քանի որ թեև հայցադիմումի 8-րդ էջում շարադրված է. «Չսպասելով հայցվորի վերաբերյալ քրեական գործի ավարտին, Հայաստանի Հանրապետությն վարչապետ Ն. Փաշինյանը արել է այնպիսի հայտարարություններ, որոնցից աներկբա հետևում է, որ ինքը հաստատված է համարում Հայցվորին վերագրվող մեղադրանքի մի շարք դրույթների հաստատված լինելը: Վարչապետ Փաշինյանը նաև հայտարարել է, որ մատրի 1-ի գործը բացահայտված է, քանի որ <<սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է>>: Կանխորոշելով գործի ելքը, նա հայտարարել է, որ կարծում է, որ հանրությանը դա ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում: Այլ կերպ ասած, Պատասխանողի հայտարարություններից հետևում է, որ [նրա կարծիքով] նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացրած՝ մարտի 1-ի իրադարձությունների վարկածը հաստատված է և դա աներկբա կերևա դեռևս դատաքննության փուլում»։
Հայցվորն այդպես էլ չի հստակեցրել՝ որ արտահայտությամբ է խախտված իր անմեղության կանխավարկածը՝ առանձնացնելով ընդամենը երկու արտահայտություն, դրանք են «սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է», «Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում»: Միննույն ժամանակ, Հայցվորը չի հստակեցրել բացի այս արտահայտություններից, իր կարծիքով, ուրիշ ինչ արտահայտություններով է խախտվել իր անմեղության կանխավարկածը՝ ընդամենը նշելով, որ «Ն. Փաշինյան արել է այնպիսի հայտարարություններ, որոնցից աներկբա հետևում է, որ ինքը հաստատված է համարում Հայցվորին վերագրվող մեղադրանքի մի շարք դրույթների հաստատված լինելը»:
Խոսելով Հայցվորի կողմից առանձնացված արտահայտությունների մասին՝ պետք է նաև ուշադրություն դարձնել Հայցվորի կողմից հայցադիմումի մեջ շարադրված և հայցի հիմքում վկայակոչված իր մեղադրանքի ձևակերպմանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, որի բովանդակությունից, սակայն, ակնհայտ է, որ Հայցվորը մեղադրվել է ոչ թե սպանության (հանցագործության դիսպոզիցիան նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով), այլ սահմանադրական կարգը տապալելու մեջ (հանցագործության դիսպոզիցիան նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, որն ի դեպ ճանաչվել է ՀՀ սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ Սահմանադրական դատարանի 26.03.2021թ.-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ): Այս տեսանկյունից, ինչպե՞ս կարող է խախտվել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող անձի անմեղության կանխավարկածը Պատասխանողին վերագրվող վերը նշված արտահայտություններով, որտեղ խոսվում է սպանությունների մասին:
Բացի դրանից, Պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին վերագրվող ելույթի՝ հայցադիմումի մեջ առանձնացված հատվածում խոսվում է, ընդամենը, այսպես կոչված «մարտի մեկի գործի» բացահայտված լինելու մասին: Մինչդեռ, որևիցե հանցագործության վերաբերյալ քրեական գործը կարող է բացահայտվել տարբեր կերպ, այլ ոչ թե միայն կոնկրետ անձի մեղքի հաստատմամբ:
Պատասխանողների ներկայացուցչի կողմից 25.02.2022թ. ներկայացվել է առարկություն, որի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանին վերագրվող հայտարարության ոչ մի նախադասություն չի պարունակում զրպարտության հատկանիշները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով և Վճռաբեկ դատարանի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով՝ զրպարտության վերաբերյալ իրավունքի նորմերին տրված մեկնաբանության համաձայն:
Մասնավորապես, ինչպես հստակ է հայցադիմումի մեջ շարադրված հայտարարության բովանդակությունից, այն կարծիք է. «Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում»: Այլ կերպ ասած, ողջ հայտարարությունը ոչ թե փաստական տվյալների ներկայացում է, այլ՝ կարծիք:
Ողջ հայտարարությունն ուղղված է անորոշ թվով անձանց քննադատությանը, ովքեր Հայաստանում եղել են իշխանություն 2008 թվականին՝ կարծիք ներկայացնելու միջոցով:
Ամփոփելով վերոգրյալը նշել է որ, հայտարարությունը չունի հստակ հասցեատեր, այն կարծիք է, այլ ոչ թե փաստացի տվյալների ներկայացում, ավելին՝ այն նույնիսկ գնահատողական դատողություն չէ, քանի որ, ինչպես նշվեց, չունի հստակ հասցեատեր, այսինքն՝ չի պարունակում հստակ տեղեկություն կամ դատողություն՝ որևիցե կոնկրետ անձի կողմից գործողություն, անգործություն դրսևորելու մասին:
Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածի խախտմանը, Պատասխանող կողմի համար անհասկանալի է՝ ինչպես կարող է հայտարարությամբ այն խախտվել, երբ դարձյալ հայտարարությունը չունի հստակ հասցեատեր և նման պայմաններում անհասկանալի է՝ ինչ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է կրել որևիցե մեկը, այդ թվում՝ Հայցվորն այդ հայտարարության հետևանքով, ինչն ունի իրավական նշանակություն, քանի որ Հայցվոր կողմը, որպես կիրառելի իրավունքի նորմ, վկայակոչել է Քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածը՝ պնդելով, որ հայտարարությամբ իրեն պատճառվել է ոչ նյութական վնաս այդ հոդվածի իմաստով: Մինչդեռ, այդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ: Ի վերջո, նկատի ունենալով, որ Հայցվորը ողջ Հայտարարությունն է վկայակոչում իր հայցի հիմքում՝ անհասկանալի է, թե հայտարարությունը ինչ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի որոշում է, գործողություն կամ անգործություն, ինչը նույնպես ունի իրավական նշանակություն՝ ըստ Քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
Ելնելով վերոգրյալից՝ պատասխանողների ներկայացուցիչը խնդրել է ներկայացված հայցը մերժել:
4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1․ 01.03.2021թ. Հանրապետության հրապարակում Նիկոլ Վովայի Փաշինյանը ելույթ է ունեցել, որի ժամանակ, ի թիվս այլնի, հայտարարել է հետևյալը.
<<2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում:
Այս հանգամանքները պատշաճ իրավական գործընթացների շրջանակում պետք է ուսումնասիրվեն ու գնահատվեն դատարանի կողմից: Այս համոզմունքն է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները Մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում են, որ դատավարությունն այնընդհատ ձգձգվի՝ ունենալով միայն ու միայն մեկ նպատակ. որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, այսինքն՝ չբացահայտվի, հրապարակային չդառնան բազմաթիվ նրբություններ և ճշմարտություններ: Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում: Ինչի՞ համար են ձգում այդ ժամանակը: Որովհետև ոմանք հույս ունեն՝ ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը, հիմա էլ հույս ունեն, որ այդ բռնազավթմանը կհասնեն: Բայց մեր ասելիքը կրկին ու կրկին շարունակում է մնալ նույնը:
Իսկ Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո՝, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար: Եվ այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ: Ինչպես բազմիցս ասել եմ, սպանությունների հեղինակները կոնկրետ անուն-ազգանունով մարդկանց չեն թիրախավորել, այլ թիրախավորել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ նա չունենա, մտքով անգամ չանցնի իշխանություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում: Իսկ սպանություններ կատարողները մինչև օրս բացահայտված չեն նաև այն պատճառով, որ հենց Մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված փամփուշտներով, պարկուճներով: Այսինքն՝ այն ժամանակ գործող իշխանությունը ինքը հոգ է տարել, որ սպանությունների և այլ ապօրինի գործողությունների պոտենցիալ սպացույցներն անհետանան, ոչնչանան: Ինչու՞: Այս հարցերի պատասխանները թերևս կստանանք Մարտի 1-ի գործով դատաքննության փուլում: Այս պատճառով է, որ ամեն ինչ արվում է այդ փուլը ձգձգելու համար:
Այս ամենն ասում եմ ոչ միայն օրվա խորհուրդն ընդգծելու համար, բայց ուզում եմ ասել, որ այդ նույն մարդիկ, բացարձակապես նույն մարդիկ, այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ: Եվ Զինված ուժերի գլխավոր շտաարի հայտարարությունն այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը, այդ թվում 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Սա ուզում եմ ասել առանց սեթևեթանքների: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք>>:
5.Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը.
Գնահատելով գործում առկա ապացույցները՝ Դատարանը գալիս է հետևյալ եզրահանգմանը․
Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով․
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
Նույն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` ՀՀ վճռաբեկ դատարանը 27.04.2012թ. թիվ ԼԴ/0749/02/10 որոշմամբ արձանագրել է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Տվյալ դեպքում, ըստ հայցվորի, պատասխանողի կողմից հայցվորին վերաբերող զրպարտող արտահայտություններ են արվել Երևանի Հանրապետության հրապարակում 2021թ․ մարտի 1-ին տեղի ունեցած ելույթի ընթացքում։
Դատարանը նախ հաստատված և անվիճելի է համարում այն փաստը, որ 2021թ․ մարտի 1-ին պատասխանողը հայցում նշված բովանդակությամբ հրապարակային ելույթ է ունեցել Երևանի Հանրապետության հրապարակում։
Դատարանը հետազոտելով այդ ելույթը գտնում է, որ այն հիմնականում իրենից ներկայացնում է քաղաքական խոսք, քանի որ պարունակում է քաղաքական խոսքին բնորոշ հատկանիշներ և քաղաքական գնահատականներ, բացի այդ այն միևնույն ժամանակ պարունակում է նաև հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ կարծիքներ և դատողություններ։
Այստեղ հարկ է նկատել, որ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ քաղաքական խոսքը կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճը սահմանափակելու առումով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառման նեղ ոլորտ ունի (տե՛ս Ուինգրովն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 25.11.1996 թվականի վճիռը, կետ 58), ինչը դատարանի գնահատմամբ սույն գործի լուծման համար ունի ելակետային նշանակություն։
Սահմանադրական դատարանը 15․11․2011թ․ թիվ ՍԴՈ-997 որոշմամբ նաև գտել է, որ իր վարույթում քննվող գործի քննության համար ելակետային նշանակություն ունի «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը:
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը դեռևս 2005 թվականին անդրադառնալով այդ հասկացությունների մեկնաբանմանը, առանձնացրել է երեք արտահայտություն` անվանարկում (defamatiօn), գրավոր արտահայտություն, որը վնասում է անձին (libel), ինչպես նաև հայտարարություն կամ գործողություն, որ ասվել կամ արվել է այլ անձի վիրավորելու նպատակով (insսlt): Անվանարկումը լինելով երևույթի ընդհանրական բնութագրում` իրավական հստակության տեսանկյունից պահանջում է որոշակիացնել դրա դրսևորումները` անցողիկ կամ մնայուն բնույթը, արտահայտման ձևը, դիտավորության ու կեղծ փաստի առկայությունը և այլն, ինչը կարևոր է փոխհատուցման կանոնակարգման առումով:
Վերոգրյալի համատեքստում դատարանը նաև հաստատված է համարում, որ ելույթի ընթացքում պատասխանողը որևէ կոնկրետ անձի՝ մասնավորապես հայցվորին, չի անվանարկել, չի զրպարտել, այլ, ելույթի վիճելի հատվածը վերաբերել է <<այն ժամանակվա կառավարողներին, իշխանություններին>>, <<մեղադրվող անձանց>>, <<ոմանց>>, <<կրակողներին>>, <<սպանություններ կատարողներին>>, այլ կեպ ասած, դատարանի գնահատմամբ, քննադատության են ենթարկվել խմբեր։
Եվրոպական դատարանը կրկին վերահաստատել է, որ զրպարտության վերաբերյալ իրավական նորմերի հիմնարար պահանջներից մեկն այն է, որ զրպարտության կապակցությամբ հայցի հարուցման հիմք պետք է հանդիսանա կոնկրետ անձի վերաբերյալ փաստական տվյալի վկայակոչումը (տե՛ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 43):
Այս կապակցությամբ դատարանը ավելորդ չի համարում նշել նաև, որ, օրինակ, ԱՄՆ-ում իրավունքը վաղուց ապահովում է պաշտպանություն քննադատված խմբի չանվանարկված /չվկայակոչված/ ներկայացուցիչների կողմից զրպարտության վերաբերյալ ներկայացված հայցերից (տե՛ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 32, որով հղում է կատարվել Աբրամսոնն ընդդեմ Պատակիի գործով ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանի որոշմանը, ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանների որոշումների Ժողովածու, հատոր 248, էջ 93):
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն՝ քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:
Նույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը շոշափող եղանակով կամ ձևով նրա անունն աղավաղելու կամ օգտագործելու դեպքում կիրառվում են նույն օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված կանոնները:
Վերոգրյալից ելնելով դատարանը եզրահանգում է, որ պատասխանողը կոնկրետ հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալներ չի ներկայացրել, հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը շոշափող եղանակով կամ ձևով նրա անունը չի աղավաղել կամ օգտագործել։
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով հայցն անհիմն է և ենթակա է մերժման։
Արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու և խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով․
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162․1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․2-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու կամ քրեական վարույթը կարճելու մասին չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում:
Տվյալ դեպքում, ըստ հայցվորի, պատասխանողի կողմից հայցվորի անմեղության կանխավարկածը խախտող արտահայտություններ են արվել Երևանի Հանրապետության հրապարակում 2021թ․ մարտի 1-ին տեղի ունեցած ելույթի ընթացքում։
Դատարանը նախ հաստատված և անվիճելի է համարում այն փաստը, որ 2021թ․ մարտի 1-ին պատասխանողը հայցում նշված բովանդակությամբ հրապարակային ելույթ է ունեցել Երևանի Հանրապետության հրապարակում։
Դատարանը հետազոտելով այդ ելույթը գտնում է, որ այն հիմնականում իրենից ներկայացնում է քաղաքական խոսք, քանի որ պարունակում է քաղաքական խոսքին բնորոշ հատկանիշներ և քաղաքական գնահատականներ, բացի այդ այն միևնույն ժամանակ պարունակում է նաև հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ կարծիքներ և դատողություններ՝ կապված նաև 2008թ․ մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ։
Դատարանը հաստատված և անվիճելի է համարում նաև այն փաստերը, որ 2021թ․ մարտի 1- դրությամբ պատասխանողը ՀՀ վարչապետն էր, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը, որով հայցվորը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1- րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):
Եվրոպական դատարանը վերահաստատել է, որ որ 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված անմեղության կանխավարկածը քրեական գործերով արդար դատաքննության այն բաղադրիչներից մեկն է, որը պահանջվում է 6-րդ հոդվածի 1-ին կետով (տե՛ս Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 02.10.2012 թվականի վճիռը, կետ 185):
Եվրոպական դատարանը նաև նշել է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը կարող է խախտվել ոչ միայն դատավորի կամ դատարանի կողմից, այլ նաև այլ պետական մարմինների կողմից, այդ թվում՝ դատախազների կողմից (տե՛ս Ալլենե դե Ղիբեմոն ընդդեմ Ֆրանսիայի [Allenet de Ribemont v. France], 1995 թվականի փետրվարի 10, § 36, շարք Ա, թիվ 308):
Վերոգրյալից ելնելով դատարանը գտնում է, որ անձի անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը կարող է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162․1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի իմաստով ոչ նյութական վնասի հատուցման պահանջի հիմք լինել և այդ սկզբունքը կարող է խախտվել ոչ միայն դատավորի կամ դատարանի կողմից, այլ նաև այլ պետական մարմինների կողմից։
Եվրոպական դատարանը նաև նշել է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը կխախտվի, եթե քրեական իրավախախտման մեջ մեղադրվող անձի վերաբերյալ պետական պաշտոնյայի հայտարարության մեջ կարծիք արտահայտվի այն մասին, որ նա մեղավոր է, նախքան դա ապացուցված կլինի օրենքի համաձայն: Նույնիսկ որևէ պաշտոնական եզրակացության բացակայության պայմաններում, դա բավարար պատճառ կարող է հանդիսանալ կարծելու, որ պաշտոնյան գտնում է, որ մեղադրյալը մեղավոր է (տե՛ս Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 02.10.2012 թվականի վճիռը, կետ 185):
Շարունակելով միտքը, Եվրոպական դատարանը նշել է, որ բացի այդ, հայտարարությունն այն մասին, որ անձին պարզապես կասկածում են հանցագործություն կատարելու մեջ, պետք է հստակորեն տարբերակվի այն բացահայտ արված հայտարարությունից, որ անհատը, թեպետ դեռ չի կայացվել վերջնական մեղադրական եզրակացություն, կատարել է տվյալ հանցագործությունը (տե՛ս Մատյաշևիչն ընդդեմ Սերբիայի [Matijašević v. Serbia], թիվ 23037/04, § 48, ՄԻԵԴ 2006-X, և Խայդարովն ընդդեմ Ռուսաստանի [Khaydarov v. Russia], թիվ 21055/09, § 149, 2010 թվականի մայիսի 20): Վերջինով խախտվում է անմեղության կանխավարկածի դրույթը, մինչդեռ առաջին տեսակի հայտարարությունը Դատարանի կողմից քննված տարբեր իրավիճակներում համարվել է անվիճարկելի (տե՛ս Գարիցկին ընդդեմ Լեհաստանի [Garycki v. Poland], թիվ 14348/02, § 67, 2007 թվականի փետրվարի 6): Այն հարցը, թե արդյոք պետական պաշտոնյայի կողմից արված հայտարարությամբ խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը, պետք է որոշվի այն կոնկրետ հանգամանքների համատեքստում, որոնց պայմաններում արվել է վիճարկվող հայտարարությունը (տե՛ս Դակտարասի գործը՝ վերևում հիշատակված, § 43): (տե՛ս Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 02.10.2012 թվականի վճիռը, կետ 186):
Վերոգրյալի համատեքստում դատարանը նախ հաստատված է համարում, որ ելույթի ընթացքում պատասխանողը որևէ կոնկրետ անձի՝ մասնավորապես հայցվորին, ընդհանրապես չի անդրադարձել, ուստիև հնարավոր չէր խախտել նրա անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ ինչն արդեն իսկ բավարար է արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու և խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջն անհիմն գնահատելու համար /այստեղ առկա են ակնհայտ զուգահեռներ արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու և խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի անհիմն լինելու պատճառաբանությունների և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու ու զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի անհիմն լինելու պատճառաբանությունների միջև/։
Այնուամենայնիվ, հիմք ընդունելով վերը հիշատակված՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 02.10.2012 թվականի վճիռի 185-րդ, 186-րդ կետերը, դատարանը նաև հաստատված է համարում, որ պատասխանողն իր ելույթում որևէ անձի մեղավորության մասին կարծիք չի հայտնել, որևէ անձի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ հայտարարություն չի արել, այլ ընդհակառակը՝ հայտարարել է, որ <<կան մեղադրվող անձինք>>, <<գործի հանգամանքները պատշաճ իրավական գործընթացների շրջանակում պետք է ուսումնասիրվեն և գնահատվեն դատարանի կողմից>>։
Ինչ վերաբերում է <<Մարտի 1-ի գործի բացահայտված լինելու>> եզրույթին, ապա այդ հայտարարությունը բառացիորեն հնչել է այսպես․ <<Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է։ Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում:>>։
Նշված արտահայտության մասով դատարանը գտնում է, որ այդ արտահայտությունը պետք է գնահատել դրան նախորդող և հաջորդող արտահայտությունների համատեքստում, մասնավորապես՝ դրան նախորդած <<կան մեղադրվող անձինք>> և հաջորդած՝ <<գործի հանգամանքները պատշաճ իրավական գործընթացների շրջանակում պետք է ուսումնասիրվեն և գնահատվեն դատարանի կողմից>> արտահայտությունների, որոնք համակցության մեջ գնահատելու արդյունքում դատարանը գտնում է, որ այդ արտահայտությունը, Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 02.10.2012 թվականի վճիռի 186-րդ կետի իմաստով, բացահայտ արված հայտարարություն չէ այն մասին, որ որևէ անձ կատարել է հանցագործություն։
Բացի այդ, Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը 07․04․2018թ․ կայացված թիվ ԵԿԴ/4689/02/15 որոշմամբ արձանագրել է, որ ոչ նյութական վնասի հատուցման հիմք հանդիսացող տառապանքի, մասնավորապես` հոգեկան տառապանքի հաստատման համար պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նման տառապանքը հաստատելու համար ուղղակի ապացույցներ (օրինակ` բժշկական փաստաթղթեր, փորձագետի եզրակացություն) կարող են և չներկայացվել: Տառապանքի առկայությունը կարող է հաստատվել ցանկացած ապացույցով, այդ թվում` կողմի, նրա հարազատների ցուցմունքներով: Այլ կերպ ասած` հոգեկան տառապանքի առկայությունը հիմնավորելու համար չափից ավելի ֆորմալ պահանջները չեն բխի հոգեկան տառապանքի առանձնահատկություններից: Ուստի ցանկացած ապացույց, որը կարող է վկայել հոգեկան տառապանքի առկայության մասին (օրինակ` ձերբակալվածին պահելու պայմանները, տևողությունը, անձի անհատական հատկանիշները` դյուրագրգիռությունը, ներշնչվողականությունը և այլն), պետք է գնահատվի դատարանի կողմից:
Վերոգրյալի լույսի ներքո դատարանը փաստում է, որ պատասխանողի հոգեկան տառապանքի առկայության մասին վկայող որևէ ապացույց դատարան չի ներկայացվել։
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու և խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով ևս հայցն անհիմն է և ենթակա է մերժման։
Անդրադառնալով դատական ծախսերի փոխհատուցմանը և գործին մասնակցող անձանց միջև դրանց բաշխելուն` Դատարանը գալիս է հետևյալ եզրահանգմանը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ հայցը մերժվում է, իսկ հայցադիմումի համար օրենքով սահմանված չափով պետական տուրքը նախապես վճարվել է հայցվորի կողմից՝ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 188-189-րդ և 191-192-րդ հոդվածներով` Դատարանը
ՎՃՌԵՑ
Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության` արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին, մերժել:
Պետական տուրքի հարցը համարել լուծված։
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Քաղաքացիական գործ թիվ
դատարանի 06.05.2021 թվականի որոշման դեմ ԵԴ/13273/02/21
Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան
Հրապարակվում է 2021 թվականի հուլիսի 30-ին, Երևան քաղաքում
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)
նախագահությամբ դատավոր՝ Հ.ԵՆՈՔՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ն.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
Կ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննելով թիվ ԵԴ/13273/02/21 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության` արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» 06.05.2021 թվականին կայացված որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի (ներկայացուցիչ՝ Հայկ Ալումյան) կողմից բերված վերաքննիչ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը․
Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության` արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին։
Դատարանի 14․04․2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանը թիվ ԵԴ/13273/02/21 քաղաքացիական գործով 06.05.2021 թվականին կայացված որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճել է։
Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանը (ներկայացուցիչ՝ Հայկ Ալումյան)։
Վերաքննիչ դատարանի 22․06․2021 թվականին կայացված որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, իսկ 15․07․2021 թվականի որոշմամբ որոշվել է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․
Ըստ բողոքաբերի՝ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, ՀՀ Սահմանադրությունը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան։
Նշել է, որ Դատարանի որոշումից հետևում է, որ 01.03.2021 թվականին ելույթ ունենալով Հանրապետության Հրապարակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացրել է վարչարարություն։ Մինչդեռ Դատարանը չի նշել, թե ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով ՀՀ վարչապետին վերապահված ո՞ր լիազորությունն է այդ ընթացքում իրականացրել ՀՀ վարչապետը։ Ոչ Սահմանադրությամբ, և ոչ էլ ՀՀ օրենքներով նախատեսված չէ նման բովանդակությամբ վարչարարություն առհասարակ և մասնավորապես ՀՀ վարչապետի կողմից։
Տվյալ դեպքում, Նիկոլ Փաշինյանը, զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, 01.03.2021 թվականին Հանրապետության հրապարակում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ելույթ ունենալով վարչարարություն չի իրականացրել, հանրահավաքի ելույթը չի կարող համարվել «Վարչական մարմնի գործունեություն» «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով։ Ավելին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտի մեկի դեպքերի հետ կապված այդ դեպքերի ընթացքում հանցագործություն կատարած և այդ հանցագործության համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձ է, ով իր սեփական (օրինական ուժի մեջ մտած դատավճռին տրամագծորեն հակասող) վարկածն է հնչեցրել այդ հանրահավաքի ժամանակ։
Ինչ վերաբերում է Դատարանի կողմից վկայակոչված և գրեթե ամբողջությամբ մեջբերված ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0441/02/16 քաղաքացիական գործով 07.04.2018 թվականին կայացված որոշմանը, ապա այդ որոշմամբ սահմանված են իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ենթակա լինելու հանգամանքը պարզելու նպատակով գնահատման ենթակա երեք հանգամանքները.
1․ արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե ոչ,
2․ արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե ոչ,
3․ արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի՝ սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և աոարկայացմանը), թե ոչ։
Նշել է, որ տվյալ դեպքում ակնհայտորեն բացակայում է վերը նշված 2-րդ կետը, իրավահարաբերության բովանդակությունը (հանրահավաքի ընթացքում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին գնահատականներ տալը, այդ իրադարձությունների մեղավորների հարցի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները) չի կազմում ՀՀ վարչապետի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը։
Վերը շարադրված հիմնավորումներն ամբողջապես վերաբերում են ինչպես զրպարտության, այնպես էլ անմեղության կանխավարկածի խախտման հետ կապված պահանջներին, որոնք երկուսն էլ բխում են Նիկոլ Փաշինյանի կողմից 01.03.2021 թվականին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հրապարակայնորեն հնչեցված խոսքից։
Ելնելով վերոգրյալից խնդրել է թիվ ԵԴ/13273/02/21 քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընղհանուր իրավասության դատարանի 06.05.2021 թվականի որոշումը վերացնել և գործն ուղարկել նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության։
3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը․
1․ Սույն գործի շրջանակներում հայցադիմումով հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը խնդրել է՝
1/ Հաստատել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից արված հետևյալ հայտարարություններով.
«2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի աոաջ: Ու պիտի, այո, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ զնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում:
Այս հանգամանքները պատշաճ իրավական գործընթացների շրջանակում պետք է ուսումնասիրվեն ու գնահատվեն դատարանի կողմից: Այս համոզմունքն է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները Մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում են, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի ունենալով միայն ու միայն մեկ նպատակ, որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, այսինքն՝ չբացահայտվի, հրապարակային չդառնան բազմաթիվ նրբություններ և ճշմարտություններ: Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում: Ինչի համար են ձգում այդ ժամանակը: Որովհետև ոմանք հույս ունեն ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը, հիմա էլ հույս ունեն, որ այդ բռնազավթմանը կհասնեն: Բայց մեր ասելիքը կրկին ու կրկին շարունակում է մնալ նույնը:
Իսկ Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար: Եվ այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ: Ինչպես բազմիցս ասել եմ, սպանությունների հեղինակները կոնկրետ անուն-ագգանունով մարդկանց չեն թիրախավորել, այլ թիրախավորել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ նա չունենա, մտքով անգամ չանցնի իշխանություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում: Իսկ սպանություններ կատարողները մինչև օրս բացահայտված չեն նաև այն պատճառով, որ հենց Մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված փամփուշտներով, պարկուճներով: Այսինքնª այն ժամանակ գործող իշխանությունը ինքը հոգ է տարել, որ սպանությունների և այլ ապօրինի գործողությունների պոտենցիալ ապացույցներն անհետանան, ոչնչանան: Ինչո ւ: Այս հարցերի պատասխանները թերևս կստանանք Մարտի 1-ի գործով դատաքննության փուլում: Այս պատճառով է, որ ամեն ինչ արվում է այդ փուլը ձգձգելու համար:
Այս ամենն ասում եմ ոչ միայն օրվա խորհորդն ընդգծելու համար, բայց ուզում եմ ասել, որ այդ նույն մարդիկ, բացարձակապես նույն մարդիկ, այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ: Եվ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների Գլխավոր շտաբի հայտարարությունը, այդ թվում 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Սա ուզում եմ ասել առանց սեթևեթանքների: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք:», խախտվել է հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի՝ Հայաստանի Հանրապետւթյան Սահմանադրության 66-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
2/ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես արդար դատաքննության իրավունքի խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման գումար:
3/ Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին հրապարակայնորեն հերքել 01.03.2021 թվականին Հանրապետության հրապարակում հայցվորի վերաբերյալ հնչեցված վերը մեջբերված արտահայտությունները, հերքումը տարածելով Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube ալիքով, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի Youtube ալիքով, 1in TV-ի Youtube ալիքով, «Ազատություն» TV-ի Youtube ալիքով, 168.am-ի Youtube ալիքով, PastinfoTV-ի Youtube ալիքով, armeniasputnik.am, armtimes.com, armtimes.com, news.am, 168.am էլեկտրոնային լրատվության միջոցներով:
4/ Պատասխանող Նիկոլ Փաշինյանից հօգուտ հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի հատուցում» (գ․թ․6-17)։
2․ Հայցվոր՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ներկայացուցիչ՝ Հայկ Ալումյանն իր պահանջների հիմքում, մասնավորապես հայցադիմումի «Հայցապահանջների հիմնավորումները» մասում նշել է այն մասին, որ.
«Հայցվորը պնդում է, որ պատասխանող Նիկոլ Փաշինյանը զրպարտել է իրեն:
Այսպես. Ինչպես կարելի է տեսնել գործի հանգամանքներից, պատասխանող Նիկոլ Փաշինյանը, լինելով Հայաստանի հանրապետության վարչապետ, 01.03.2021 թվականին, խոսելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին՝ անդրադարձել է այդ ժամանակվա իշխանությունների գործողություններին և շուրջ 17.000 ներկաներին ու բազմաթիվ ունկնդիրներին հայտնել, որ դրանք (իշխանությունները) այդ ժամանակ «բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին»: Ընդ որում, նա մասնավորեցրել է, որ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Այս արտահայտություններից հետևում է, որ Պատասխանողն ուղղակիորեն մատնանշում է հայցվորին՝ որպես բանակը ժողովրդի դեմ հանողներից և քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացնողներից մեկի:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը Պատասխանողին մեղադրել է այն բանում, որ ինքն ու իր թիմը գործադրում են հնարավոր և անհնար միջոցները, որպեսզի Մարտի 1-ի գործով դատավարությունն անընդհատ ձգձգվի՝ ունենալով միայն ու միայն մեկ նպատակ, որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, այսինքն՝ չբացահայտվի, հրապարակային չդառնան բազմաթիվ նրբություններ և ճշմարտություններ: Ընդ որում, որպես այդ ձգձգումների ևս մեկ նպատակ, Նիկոլ Փաշինյանը մատնանշել է Պատասխանողի կողմից իշխանության բռնազավթման նպատակը:
Ն. Փաշինյանն իր խոսքում ևս մեկ անգամ պնդել է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար: Ավելին, նա պնդել է, որ «այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ»:
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը պնդում է արել, որ այն ժամանակ (2008 թվականի մարտի մեկի դրությամբ գործող) իշխանությունը ինքը հոգ է տարել, որ սպանությունների և այլ ապօրինի գործողությունների պոտենցիալ ապացույցներն անհետանան, ոչնչանան:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ «այդ նույն մարդիկ, բացարձակապես նույն մարդիկ, այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ: Եվ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների Գլխավոր շտաբի հայտարարությունը, այդ թվում 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Սա ուզում եմ ասել առանց սեթևեթանքների: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք» (գ․թ․6-17)։
4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․
Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Վերաքննիչ դատարանն սույն վերաքննիչ բողոքի շրջանակներում անհրաժեշտ է համարում պարզել՝ տվյալ դեպքում գործը ենթակա է քննության վարչական թե քաղաքացիական դատավարության կարգով։ Ըստ այդմ՝ հարկ է համարում նշել հետևյալը․
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (...) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, (․․․)։
ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը։
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է այս կամ այն գործի՝ դատարանի քննությանը ենթակա լինելու կամ չլինելու հարցի հետ, (...) (տե՛ս Լուսակերտ Սարգսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/7047/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ինչպես ցանկացած հարաբերություն, այնպես էլ իրավական նորմերի միջոցով կարգավորվող հասարակական հարաբերությունը՝ իրավահարաբերությունը, որոշակի փոխկապակցված տարրերի (սուբյեկտ, օբյեկտ և բովանդակություն) ամբողջություն (համակարգ) է, որոնց բովանդակային-որակական տարբերությունը հնարավորություն է տալիս իրավահարաբերությունները տարանջատելու միմյանցից։ Մասնավորապես` հանրային իրավահարաբերությունը մասնավոր հարաբերությունից տարանջատվում է թե՛ սուբյեկտային կազմով, թե՛ բովանդակությամբ և թե՛ օբյեկտով: Այդ տարրերն առանձին-առանձին անհրաժեշտ են, իսկ իրենց համակցության մեջ բավարար են, որպեսզի փաստվի իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը:
Իրավահարաբերությունը հանրային հատկանիշով բնութագրելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ հարաբերության կողմ հանդես գա հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը (վարչական մարմիններ, դրանց պաշտոնատար անձինք, այդ թվում` պետական և համայնքային ծառայողներ): Մինչդեռ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի` իրավահարաբերության կողմ լինելը դեռևս չի նշանակում, որ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ հանրային բնույթը` որպես իրավահարաբերության բնութագրիչ, ծավալային առումով ներառում է իրավահարաբերության թե՛ սուբյեկտային կազմը, թե՛ օբյեկտը, թե՛ բովանդակությունը և ի հայտ է գալիս միայն վերոնշյալ երեք տարրերի համակցությամբ:
Իրավահարաբերության բովանդակությունը տվյալ հարաբերության սուբյեկտների փոխադարձ իրավունքների և պարտականությունների ամբողջությունն է, որը հանրային բնույթի իրավահարաբերության պարագայում հանգում է հետևյալին. այդ հարաբերության կողմ հանդիսացող հանրային իշխանության սուբյեկտն ունի օրենքով սահմանված իր իշխանական լիազորություններն իրականացնելու պարտականություն, ինչն էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների իրացման անհրաժեշտ ու բավարար պայմանն է։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային իրավահարաբերության սուբյեկտ հանդիսացող իշխանության մարմինը հանրային իրավահարաբերության շրջանակներում կարող է օժտված լինել ոչ թե իրավունքներով, այլ մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկն ընտրելու, այսինքն՝ օրենքով սահմանված որոշակի դեպքերում և բավարար փաստական հիմքերի առկայության պայմաններում վարչական հայեցողություն դրսևորելու հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ հանրային իրավահարաբերության` իշխանական լիազորություններով չօժտված կողմը, բացի իր հանրային սուբյեկտիվ իրավունքներից, կարող է կրել նաև այդ հարաբերության բովանդակության մեջ ներառված պարտականություններ, քանի որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց հանրային սուբյեկտիվ իրավունքներն իրացնելիս պետք է պահպանեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգային իրավական կարգավորումներն ու օրենսդրական բոլոր պահանջները:
Իրավահարաբերության օբյեկտն այն նյութական և (կամ) հոգևոր արժեքն է, ինչի կապակցությամբ որոշակի իրավաբանական փաստի (փաստական կազմի) հիման վրա կողմերի միջև ծագում է իրավահարաբերությունը: Հանրային իրավահարաբերությունները ծագում են հանրային շահը սպասարկող սուբյեկտների` պետության և համայնքի կողմից այն իրացնելու ու կյանքի կոչելու, սոցիալական ոլորտում այն առարկայացնելու կապակցությամբ, քանի որ հանրային իրավունքով կարգավորվող հարաբերության շրջանակներում սուբյեկտը գործում է ոչ թե իր, այլ հանրային շահերի վերհանման և ապահովման նպատակով:
Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.
1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,
2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,
3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ (տե՛ս Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով 22․04․2016 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը (տե՛ս «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 և թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):
Սույն գործի փաստերը համադրելով վերը նշված նորմերի և Վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների վերլուծությունների հետ Վերաքննիչ դատարանը նշում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է պարզել սույն գործի սուբյեկտային կազմը, իրավահարաբերությունը և օբյեկտը։
Ըստ այդմ՝ տվյալ դեպքում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը հայց է հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ։
Այսինքն՝ պատասխանող կողմում հանդես են գալիս ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը և Հայաստանի Հանրապետությունը, որոնք ի թիվս այլ, այդ թվում՝ մասնավոր իրավահարաբերությունների ոլորտում սուբյեկտ հանդիսանալով օժտված են նաև հանրային իշխանական լիազորություններով։ Սակայն հարկ է նշել, որ միայն վերջիններիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը դեռևս բավարար չէ, որպեսզի Դատարանը հետևության հանգեր սույն գործը վարչական դատարանին ընդդատյա լինելու մասին, քանի որ և Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ վարչապետը մասնավոր իրավահարաբերության ոլորտում ևս ունեն բազմաթիվ լիազորություններ և կատարում են դրանցից բխող գործողություններ։ Խնդիրը կայանում է նրանում, որ հարցի լուծման համար ոչ պակաս կարևոր նշանակություն ունի նաև իրավահարաբերության բովանդակությունը կամ այլ կերպ ասած բնույթը։ Մասնավորապես հանրային իրավահարաբերության ոլորտում կողմերից մեկը՝ պետական վերահսկող և/կամ կարգադրիչ գործառույթներով օժտված մարմինը, մյուսի նկատմամբ օժտված է վերահսկողական և իրավասու է խախտումներ հայտնաբերելիս հարուցել համապատասխան վարույթներ և ընդհուպ՝ հարկադրանքի միջոցներ կիրառել մյուսի նկատմամբ։ Մինչդեռ մասնավոր իրավահարաբերությունների մասնակիցները հանդես են գալիս կողմերի հավասարության, կամքի ինքնավարության և քաղաքացիական շրջանառությանը բնորոշ այլ սկզբունքների հիման վրա։
Հետևաբար անդրադառնալով սույն գործով իրավահարաբերության բովանդակությանը, Վերաքննիչ դատարանը նշում է, որ տվյալ դեպքում հայցվորը հայցադիմումով պահանջել է պարտավորեցնել պատասխանողին հերքել իր հասցեին հնչեցված զրպարտություն պարունակող տեղեկությունները, ինչպես նաև հաստատել, որ կատարված արտահայտություններով խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը։
Վերաքննիչ դատարանն անդրադառնալով նշված պահանջի, ըստ այդմ՝ կողմերի միջև ծագած իրավահարաբերության բնույթին, արձանագրում է, որ այն իր բնույթով քաղաքացիաիրավական է, քանի որ որևէ կերպ չի ասոցացվում հանրային իշխանական լիազորություններին և դրանց իրականացմանը։ Դատարանի այն հետևությունները, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ արտահայտություններն անելիս հանդես է եկել որպես հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմին և իրականացրել է վարչարարություն, որը դրսևորվել է որոշակի գործողությունների տեսքով, Վերաքննիչ դատարանը գնահատում է ոչ ճիշտ, քանի որ հանրահավաքի ընթացքում հնչեցված արտահայտությունները չեն կարող համարվել վարչարարություն հետևյալ պատճառաբանությամբ․
Իրավահարաբերությունները որպես հանրային իրավահարաբերություններ պետք է դիտարկվեն ոչ միայն այդ իրավահարաբերությունների սոսկ սուբյեկտային կազմը հաշվի առնելով, այլ առաջին հերթին բուն իրավահարաբերության բնույթը հաշվի առնելով․ միայն սուբյեկտի կարգավիճակը դեռևս բավարար չէ պնդելու, որ իրավահարաբերությունը հանրային իրավահարաբերություն է։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
Տվյալ դեպքում, հնչեցված արտահայտությունները չեն կարող որակվել այնպիսի գործողություններ, որոնք իրենցից ենթադրում են վարչարարություն, քանի որ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս վարչապետը որևէ վարչարարություն չի իրականացնում։ Նույն տրամաբանությամբ՝ հանրահավաքի ցանկացած մասնակից ելույթ ունենալիս չի կարող համարվել վարչարարություն իրականացնող անձ։
Սույն պարագայում, կողմերի միջև ծագած իրավահարաբերությունները քաղաքացիաիրակավական տիրույթում են, քանի որ անձի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորելու հետ կապված վեճերն իրենց բնույթով քաղաքացիաիրավական են և կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերով։
Այլ կերպ ասած՝ սույն իրավահարաբերությունը առնչվում է անձի պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցմանը, ուստի, անկախ սուբյեկտային կազմից, այն իր բնույթով վարչական իրավահարաբերություն չէ և նշված եղանակով անձին ենթադրաբար զրպարտելը կամ վիրավորելը հանրահավաքի ժամանակ հնչեցված արտահայտություններով, չի կարող որակվել որպես վարչարարություն և այդպիսի վեճը ենթակա է քննության ընդհանուր իրավասության դատարանում։
Ինչ վերաբերում է սույն իրավահարաբերությունը հանրային շահի իրացման կապակցությամբ ծագելուն (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), ապա Վերաքննիչ դատարանը նշում է հետևյալը․
Շահերի տեսության համաձայն, այն իրավանորմերը, որոնք ծառայում են հանրային կամ ընդհանուր շահին, պատկանում են հանրային իրավունքին։ Իսկ եթե իրավանորմերը նախատեսված են պաշտպանելու մասնավոր կամ անհատական շահերը, ապա գործ ունենք մասնավոր իրավունքի հետ։
Նշվածի համատեքստում, հաշվի առնելով նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, ակնառու է, որ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության հարաբերություններում գործ ունենք ոչ թե հանրային շահի, այլ մասնավոր շահի հետ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացված հայցով նպատակ է հետապնդել ոչ թե հանրային, այլ սեփական՝ մասնավոր շահերի, մասնավորապես՝ իր պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի, ըստ այդմ՝ իր արդար դատաքննության իրավունքը խաթարելու հետևանքով կրած վնասի հատուցում ստանալ։
Մինչդեռ, վարչական դատավարության սկզբունքների, կանոնների և երաշխիքների առաջնային նպատակը հանրային իշխանության (իրավազորության) իրացման ընթացքում հնարավոր ոչ իրավաչափ գործողություններից ֆիզիկական և իրավաբանական անձանց պաշտպանությունն է, ինչն էլ բովանդակային դրսևորում է ստանում դատավարական այնպիսի սկզբունքների մեջ, ինչպիսիք են, օրինակ, գործի հանգամանքների ex officio պարզումը դատարանի կողմից (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդված), վիճարկման հայցով ապացուցման բեռի ամբողջական փոխանցումը պատասխանողին (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ)։
Հետևաբար, տվյալ դեպքում բացակայում է այն դեպքը, երբ կողմերի միջև վեճը ծագել է հանրային իշխանության (իրավազորության) իրացման ընթացքում դրսևորած ոչ իրավաչափ գործողությունից, հակառակը՝ ըստ հայցվորի ընկալման՝ վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններ անելիս ՀՀ վաչրապետ Նիկոլ Փաշինյանը չի իրականացրել վարչարարություն, սույն իրավահարաբերությունն իր բնույթով քաղաքացիաիրավական է և չի կարող ընկալվել որպես՝ վարչական, իսկ միայն այն հանգամանքը, որ պատասխանողները ՀՀ վարչապետը և Հայաստանի Հանրապետությունն են, չի կարող հիմք հանդիսանալ սույն գործի՝ վարչական դատավարության կարգով քննության ենթակա լինելուն, քանի որ նույն մարմինները, կապված իրենց գործառույթների և իրավական կարգավիճակի հետ, այլ անձանց հետ իրավահարաբերություններում կարող են հանդես գալ նաև որպես մասնավոր իրավահարաբերության կոմղմեր, ինչպես սույն պարագայում։
Այսինքն՝ նույն ՀՀ վարչապետն իր պարտականությունների իրականացման ընթացքում կարող է հանդես գալ որպես հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ, սակայն այդ պարտականությունների իրականացման սահմաններից դուրս վերջինս հանդես է գալիս որպես անհատ, անձ, ով քաղաքացիաիրավական առումով հանդիսանում է նաև մասնավոր իրավահարաբերության սուբյեկտ։ Նույն տրամանաբությամբ նաև Հայաստանի Հանրապետությունը, կախված իրավահարաբերության բնույթից, կարող է հանդես գալ տարբեր կարգավիճակներով։
Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրային իշխանական լիազորություններով օժտված լինելը, դեռևս չի նշանակում, որ սույն վեճը ենթակա է քննության հանրային իրավունքի նորմերով, հետևաբար պետք է ուշադրություն դարձնել իրավահարաբերության բնույթին, որը տվյալ դեպքում զուտ քաղաքացիաիրավական է և կապված է մասնավոր շահի հետ։
Ամփոփելով վերոգրյալը Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքաբերի փաստարկները հիմնավոր են, սույն դեպքում գործը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով։
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հիմնավոր համարելով վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները՝ արձանագրում է, որ տվյալ դեպքում բողոքարկված դատական ակտը ենթակա է վերացման։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ կամ բավարարելով բողոքը` վերացնում է որոշումը և (կամ) կայացնում է նոր որոշում։
5․Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործն ուղարկվում է քննության, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման այդ փուլում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ, 380-րդ և 387-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը.
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վերաքննիչ բողոքը բավարարել: Վերացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/13273/02/21 քաղաքացիական գործով՝ «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» 06.05.2021 թվականին կայացված որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ գործի քննությունը նորից սկսելու համար:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից տասնհինգ օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Հ.ԵՆՈՔՅԱՆ Ն.ՄԱՐԳԱՐՅԱՆ Կ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 11 Հունվար 2023 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|