Հիմնական
Գործի համար: ԵԴ/1059/01/20Վիճակագրական տողի համար: 15.19.1
Ամբաստանյալ
Արտակ Համազասպի Խաչատրյան
Դատավոր
Երևան քաղաքի դատարան:
Հոդվածներ
Երևան քաղաքի դատարան: ՀՀ քաղաքացի Էդգար Ղուկասյանը 2016 թվականի մարտին, մտագրվելով մեկնել Եվրոպա, դիմել է Երևան քաղաքի Կիևյան 5 հասցեում գործող <<Միրիքլ Տուր>> տուրիստական գործակալության տնօրեն Քրիստինե Մկրտչյանին, ով կապնվել ` ՌԴ-ում գործող <<Միգրանտ>> տուրիստական գործակալության ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանի հետ և համաձայնություն ձեռք բերել 2200 եվրո գումարի դիմաց Էդգար Ղուկասյանի մեկնումը մատչելի տարբերակով կազմակերպելու հարցում:
Գործ N ԵԴ/1059/01/20
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Վ.Լ.Գրիգորյան
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Ս.Թովմասյանի,
Մասնակցությամբ`
ՄԵՂԱԴՐՈՂ` Մ.Անտոնյանի,
ՊԱՇՏՊԱՆ` Է.Բեգլարյանի,
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ` Ա.Խաչատրյանի,
2021 թվականի մարտի 05-ին Երևան քաղաքում, դռնբաց դատական նիստում, արագացված դատական քննության կարգով քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի`
Արտակ Համազասպի Խաչատրյանի /ծնված 1972 թվականի հունիսի 11-ին, Կոտայքի մարզի Արամուս գյուղում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, չդատված, հաշվառված է Աբովյան քաղաքի Չափիչ փողոցի 1-ին շենքի 11-րդ բնակարան հասցեում, բնակվում է Կոտայքի մարզի, Արամուս գյուղի Տիգրան Մեծ փողոցի տուն 18 հասցեում/ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 2-րդ մասով.
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
2017 թվականի մայիսի 12-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Ս.Հարությունյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 2-րդ մասով թիվ 58207217 քրեական գործը հարուցելու և վարույթ ընդունելու մասին:
2017 թվականի հոկտեմբերի 04-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Գ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել թիվ 58207217 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
2018 թվականի մարտի 21-ին քննիչ Գ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել թիվ 58207217 քրեական գործով Արտակ Համազասպի Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2018 թվականի մարտի 21-ին քննիչ Գ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել թիվ 58207217 քրեական գործով մեղադրյալ Արտակ Համազասպի Խաչատրյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
2018 թվականի մարտի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել մեղադրյալ Արտակ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց «Կալանավորումը» երկու ամիս ժամկետով ընտրելու մասին:
2018 թվականի ապրիլի 23-ին քննիչ Գ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել թիվ 58207217 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:
2020 թվականի հուլիսի 02-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ-ի օպերլիազոր Հ.Հարույթունյանը արձանագրություն է կազմել` Արտակ Համազասպի Խաչատրյանի կողմից ինքնկամ ներկայանալու մասին:
2020 թվականի հուլիսի 02-ին քննիչ Գ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել թիվ 58207217 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին:
2020 թվականի հուլիսի 02-ին Արտակ Համազասպի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա «գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում շահադիտական նպատակով, այն է` 2200 եվրո գումարի դիմաց, պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելով` կազմակերպել է ՀՀ քաղաքացու օտարերկրյա պետություն մուտքը, որպիսի գործողությունները կայացել են հետևյալում.
ՀՀ քաղաքացի Էդգար Ղուկասյանը 2016 թվականի մարտին, մտադրվելով մեկնել Եվրոպա, դիմել է Երևան քաղաքի Կիևյան 5 հասցեում գործող «Միրիքլ Տուր» տուրիստական գործակալության տնօրեն Քրիստինե Մկրտչյանին, ով կապնվել է ՌԴ-ում գործող «Միգրանտ» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանի հետ և համաձայնություն ձեռք բերել 2200 եվրո գումարի դիմաց Էդգար Ղուկասյանի մեկնումը մատչելի տարբերակով կազմակերպելու հարցում:
Այնուհետև, Քրիստինե Մկրտչյանը Արտակ Խաչատրյանի պահանջով նրան է ուղարկել Էդգար Ղուկասյանին «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի արտոնագրի տրամադրման համար պահանջված փաստաթղթերը, վերջինիս ՀՀ քաղաքացու BA2407596 սերիա-համարի անձնագիրը և պայմանավորված 2200 եվրո գումարը` բանկային փոխանցման եղանակով: Շուրջ 2 ամիս անց Արտակ Խաչատրյանը նախաքննությամբ չպարզված անձի միջոցով ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում Քրիստինե Մկրտչյանին է վերադարձրել Էդգար Ղուկասյանի BA2407596 սերիա-համարի անձնագիրը, որում փակցված է եղել 015642106 համարի կեղծ արտոնագիր:
Քրիստինե Մկրտչյանը նշված անձնագիրը տրամադրել է Էդգար Ղուկասյանին, ով, օգտագործելով իր BA2407596 սերիա-համարի անձնագրում փակցված նշված արտոնագիրը, 2016 թվականի օգոստոսի 06-ին փորձել է Վրաստանի Թբիլիսի քաղաքի օդանավակայանից մեկնել Ուկրաինա` Կիև, ապա Վարշավա, սակայն մեկնումը ձախողվել է, քանի որ Թբիլիսիի օդանավակայանում բացահայտվել է անձնագրում փակցված 015642106 ահմարի արտոնագրի կեղծ լինելու հանգամանքը, և Է.Ղուկասյանի ելքն արգելվել է:
Այնուհետև` 2017 թվականի սկզբներին, Արտակ Խաչատրյանի ցուցմունքով` Էդգար Ղուկասյանը ձեռք է բերել ՀՀ քաղաքացու AP0557386 սերիա-համարի իր անձնագիրը, որում արդեն իսկ փակցված է եղել «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի թիվ 005297136 կեղծ արտոնագիրը, և 2017 թվականի ապրիլի 20-ին հաշվառվել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ուղևորների հաշվառման ծառայությունում Երևան-Աթենք թիվ A30933 չվերթի համար, սակայն ՀՀ ԿԱ ԱԱԾ ՍԶ աշխատակիցների կողմից բացահայտվել է «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի թիվ 005297136 արտոնագրի կողծ լինելու հանգամանքը, և Է.Ղուկասյանի ելքը ՀՀ-ից կասեցվել է:»:
2020 թվականի հուլիսի 04-ն ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա.Մանուկյանը որոշում է կայացրել Արտակ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց «Կալանավորումը» վերացնելու մասին:
2020 թվականի հուլիսի 04-ին քննիչ Գ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել թիվ 58207217 քրեական գործով մեղադրյալ Արտակ Համազասպի Խաչատրյանի նկտամամբ որպես խափանման միջոց «Գրավը» կիրառելու մասին` գրավի չափ սահմանելով 1.500.000 ՀՀ դրամը, ինչպես նաև մինչև գրավը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը որպես խափանման միջոց ընտրել նաև չհեռանալու մասին ստորագրությունը:
2020 թվականի հուլիսի 06-ին քննիչ Գ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել 2020 թվականի հուլիսի 04-ին Արտակ Համազասպի Խաչատրյանի նկատմամբ ընտրված «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոցը վերացնելու մասին:
2020 թվականի սեպտեմբերի 22-ին քննիչ Գ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել AP0557386 և BA2407596 համարների անձնագրերը որպես իրեղեն ապացույց ճանաչելու մասին:
2020 սեպտեմբերի 22-ին որոշում է կայացրել 2017 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ԱԱԾ ՀՀԳՎ օ/լ կաղմից կազմված զեկուցագիրը, 2017 թվականի ապրիլի 20-ին կազմված 3/200401 համարի ակտը, ՍԷԿՏ համակարգից ստացված Էդգար Սիրակի Ղուկասյանի սահմանահատումների պատմությունը, 2017 թվականի հունիսի 21-ին Գայանե Պարգևի Ներկարարյանից առգրավված Էդգար Ղուկասյանի տվյալներով լրացված 2 ավիատոմսերը, 2017 թվականի հուլիսի 04-ին Քրիստինե Մկրտչյանի կողմից ներկայացված 2 ձայնագրությունների պարունակությամբ լազերային սկավառակը, «ՎՏԲ» բանկի դրամարկղի մուտքի 160730010423072 համարի անդորրագիրը և «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից ստացված «Զվարթնոց» օդանավակայանի տեսագրությունները պարունակող լազերային սկավառակն այլ փաստաթուղթ ապացույց ճանաչելու մասին:
2020 թվականի հեկտեմբերի 07-ին թիվ 58207217 քրեական գործը` հաստատված մեղադրական եզրակացությամբ, ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Արագացված դատական քննություն.
Մինչ քրեական գործով դատաքննությունը սկսելը, ամբաստանյալ` Արտակ Համազասպի Խաչատրյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու բնույթը և հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ:
Մինչ դատաքննությունը սկսելը, մեղադրող Մ.Անտոնյանը հայտնեց, որ թեպետ մեղադրական եզրակացությունը հաստատելիս դատախազն առարկել է դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ, սակայն ներկայումս փոխում է այդ դիրքորոշումը և չի առարկում դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ:
Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1 և 375.2 հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները (որպես մեղադրյալ հարցաքննված Արտակ Խաչատրյանի ցուցմունքները /հատոր 2, գ.թ. 152-154, 188-189/, վկա Գայանե Ներկարարյանի ցուցմունքը /հատոր 1, գ.թ. 56-59, 68-70, հատոր 2, գ.թ. 77-80/, վկա Էդգար Ղուկասյանի ցուցմունքները /հատոր 1, գ.թ. 51-54, 139-141, հատոր 2, գ.թ. 72-75/, վկա Քրիստինե Մկրտչյանի ցուցմունքները /հատոր 1, գ.թ. 103, 108-113, 157-159, 166-170, 183-185, հատոր 2, գ.թ. 59-64, 114-116/, վկա Արման Ղազարյանի ցուցմունքը /հատոր 2, գ.թ. 41-46/, Աշոտ Մովսիսյանի և Հակոբ Սերոբյանի ցուցմունքները /հատոր 2, գ.թ. 47-51, 52-56/, վկա Արսեն Այվազյանի ցուցմունքները /հատոր 2, գ.թ. 13-16, 25-29/, Արմինե Տոնյանի ցուցմունքը /հատոր 2, գ.թ. 4-12/, վկա Համլետ Առուշանյանի ցուցմունքները /հատոր 2, գ.թ. 34-39, 65-69/, Քրիստինե Մկրտչյանի և Արտակ Խաչատրյանի առերես հարցաքննությունը /հատոր 2, գ.թ. 155-159/, փաստաթղթաբանական փորձաքննության արդյունքում 21.04.2017թ. ստացված փորձագետի թիվ 17-0763 եզրակացությունը /հատոր 1, գ.թ. 12-14, 36/, փաստաթղթաբանական փորձաքննության արդյունքում 10.08.2017թ. ստացված փորձագետի թիվ 48201701 եզրակացությունը /հատոր 1, գ.թ. 131-138ա/, զննում կատարելու մասին արձանագրությունը /հատոր 1, գ.թ. 73-77/, զննում կատարելու մասին արձանագրությունը /հատոր 1, 147-156ա/, «Զվարթնոց» օդանավակայանի տեսագրությունները զննելու մասին արձանագրությունը /հատոր 2, գ.թ. 81-85/, Ք.Մկրտչյանի, Գ.Ներկարարյանի, Է.Ղուկասյանի և Ա.Ազարյանի բջջային հեռախոսահամարների վերծանումները զննելու մասին արձանագրությունը /հատոր 2, գ.թ. 190-233/, ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության օպերլիազորի կողմից 20.04.2017թ. կազմված զեկուցագիրը /հատոր 1, գ.թ. 4, հատոր 2, գ.թ. 238-241/, 20.04.2017թ. ԱԱԾ մարմինների ծառայողի կողմից կազմված թիվ 3/200401 ակտը /հատոր 1, գ.թ. 8, հատոր 2, գ.թ. 238-241/, Էդգար Ղուկասյանի սահմանահատումների պատմությունը /հատոր 1, գ.թ. 22, հատոր 2, գ.թ. 238-241/, Գ.Ներկարարյանից առգրավված 2 ավիատոմսերը /հատոր 1, գ.թ. 66-67ա, հատոր 2, 238-241/, Ք.Մկրտչյանի կողմից ներկայացված երկու ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակը /հատոր 1, գ.թ. 147-156ա, հատոր 2, գ.թ. 238-241/, «ՎՏԲ»-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի դրամարկղի մուտքի 160730010423072 համարի անդորրագիրը /հատոր 2, գ.թ. 11, 238-241/, «Զվարթնոց» օդանավակայանի տեսագրությունները պարունակող լազերային սկավառակը /հատոր 2, գ.թ. 81-85, 238-241/, Էդգար Ղուկասյանին պատկանող BA2407596 և AP0557386 սերիա-համարի անձնագրերը /հատոր 1, գ.թ. 36, 138ա, հատոր 2, գ.թ. 235-237/), գտնում է, որ ամբաստանյալ Արտակ Համազասպի Խաչատրյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը:
Դատարանի իրավական վերլուծությունները.
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս` դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1.Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` մինչև դատական քննությունը կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով կալանքի տակ պահելու ժամկետը, մեղմացնում է նշանակված պատիժը կամ լրիվ ազատում պատիժը կրելուց:
ՀՀ վճռաբեկ դատարանը Կարեն Հարությունյանի վերաբերյալ գործով վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի մի շարք դրույթներ, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածները, հանգել է այն հետևության, որ պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով` հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի` Կարեն Հարությունյանի վերաբերյալ գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի ՎԲ-201/07 որոշումը):
Պատժի տեսակների միջև ճիշտ ընտրություն կատարելու և արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը գնահատելու հարցերին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ. Մադաթյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(…) այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա:
Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը: (…)» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի վերաբերյալ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը):
Մեկ այլ` Ս.Թոմոյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «Պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ` իր անհատական հատկանիշներով: Ընդ որում` անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս: Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ` գնահատվում են նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկությունները` վարքագիծն ընտանիքում և կենցաղում, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կրթությունը, առողջական վիճակը, տարիքը, ծառայությունը պետության և հասարակության առջև և այլն:» (տե՛ս Սերյոժա Սարգսի Թոմոյանի վերաբերյալ 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԼԴ2/0019/01/09 որոշումը):
Ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, հանցանքի կատարումից հետո վերջինիս դրսևորած վարքագիծը, այն, որ վերջինս նախկինում դատված չի եղել, օժանդակել է վարույթն իրականացնող մարմնին, իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել է կատարածի համար:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանք դատարանը չի արձանագրում:
Հաշվի առնելով ամբաստանյալ Արտակ Համազասպի Խաչատրյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, դրանք համադրելով նրա անձը բնութագրող հանգամանքների հետ` դատարանը գտնում է, որ Արտակ Համազասպի Խաչատրյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է տուգանքի ձևով նախատեսված պատժի:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3 հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը:
Սույն գործի տվյալներով հիմնավորված է, որ ամբաստանյալ Ա.Խաչատրյանը քրեական գործի քննության ընթացքում դեպքի վերաբերյալ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարածի համար, աջակցել է քրեական հետապնդում իրականացնող մարմնին` արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցին, իսկ պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները սույն գործով բացակայում են:
Հետևաբար, նշված հանգամանքների գնահատմամբ, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:
Քննարկելով վերջնական պատժարափի հարցը, դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`
«Մինչև դատական քննությունը կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով կալանքի տակ պահելու ժամկետը, մեղմացնում է նշանակված պատիժը կամ լրիվ ազատում պատիժը կրելուց:»:
Այսպիսով, Դատարանը, հաշվի առնելով 2018 թվականի մարտի 21-ի որոշմամբ խափանման միջոց «Կալանավորումը» ընտրելու հիմքով Ա.Խաչատրյանի` 2 օր անազատության մեջ գտնվելու ժամկետը, գտնում է, որ անհրաժեշտ է մեղմացնել նշանակված պատիժը և վերջնական պատիժ նշանակել տուգանքի ձևով` նվազագույն աշխատավարձի հարյուրիննսունապատիկի` 190.000 /հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
Քննարկելով խափանման միջոցի հարցը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արտակ Համազասպի Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց «Գրավը» ընտրված է ճիշտ և վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Քննարկելով գրավի 1.500.000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի հարցը` Դատարանը գտնում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն պետք է վերադարձվի գրավը վճարողին:
Քննարկելով սույն գործով 2020 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված ՀՀ քաղաքացու AP0557386 և BA2407596 համարների անձնագրերի հարցը, հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, ուստի դատարանը գտնում է, որ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դրանք պետք է հանձնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ, 365-րդ, 375.3-րդ հոդվածներով` դատարանը.
Վ Ճ Ռ Ե Ց
Արտակ Համազասպի Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
Հաշվի առնելով 2018 թվականի մարտի 21-ի որոշմամբ խափանման միջոց «Կալանավորումը» ընտրելու հիմքով 2 օր անազատության մեջ գտնվելու ժամկետը` ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով Արտակ Համազասպի Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը նվազեցնել և վերջնական պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրիննսունապատիկի` 190.000 /հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
Արտակ Համազասպի Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` «Գրավը», թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո գրավի 1.500.000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարը վերադարձնել այն վճարողին` Գոհար Նորայրի Խաչատրյանին:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2020 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված ՀՀ քաղաքացու AP0557386 և BA2407596 համարների անձնագրերը հանձնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը:
Դատավճիռը, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի, կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան` հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ` Վ.Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 24 Օգոստոս 2021 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|