Հիմնական
Գործի համար: ՎԴ/6404/05/22Վիճակագրական տողի համար: 2.1
Հայցվոր
ՕՆԻՐԱ ՔԼԱԲ ՍՊԸ
Պատասխանող
ՀՀ ՊԵԿ
Դատավոր
Վարչական:Վարչական վերաքննիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Վարչական գործ թիվ ՎԴ/6404/05/22
վարչական դատարանի որոշում
նախագահող դատավոր Ա.Ծատուրյան
03 հունվարի 2023թ. ք. Երևան
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ՝ դատավոր Ալ.Հարությունյան (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), քննելով թիվ ՎԴ/6404/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ծատուրյան) «Հայցի ապահովում ձեռնարկելու միջնորդությունը մերժելու մասին» 25.10.2022թ. որոշման դեմ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊ ընկերության (ներկայացուցիչ Էմին Խաչատրյան) կողմից բերված վերաքննիչ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ընկերությունը 17.10.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` հետևյալ պահանջների մասին՝ «Պարտավորեցնել պատասխանողին.
-արտակարգ դրության ժամանակահատվածում 15.03.20-31.03.20թ. և 2020թ. երկրորդ եռամսյակի համար ընկերության վճարած տուրքի գումարները ճանաչել գերավճար և դրանք հաշվառել 26.09.2022թ-ին առաջադրվող՝ 2022թ. չորրորդ եռամսյակի համար տուրքի վճարում,
- վերահաշվարկել և դադարած ճանաչել լիցենզիայի բացակայության պարագայում՝ 2020թ. սեպտեմբերի 25-ին կազմակերպչին առաջադրված տուրքի վճարման պարտավորությունը», որը 17.10.2022 թվականին մակագրվել է դատավոր Ա.Ծատուրյանին:
ՀՀ վարչական դատարանը 25.10.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ սույն գործով դատավարության մեջ որպես երրորդ անձ է ներգրավվել ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Հայցադիմումով հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է հայցի ապահովում ձեռնարկելու մասին միջնորդություն, որով միջնորդել է ձեռնարկել միջոցներ հայցի ապահովման համար և որպես հայցի ապահովման միջոցներ.
- 26.09.2022թ. պետական տուրքի վճարման առաջադրմամբ պայմանավորված արգելել պատասխանողին հայցվորի նկատմամբ կայացնել սահմանափակումների վերաբերյալ որոշումներ:
- արգելել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ 26.09.2022թ. առաջադրված պետական տուրքի գումարները վճարված չլինելու հանգամանքով պայմանավորված կասեցնել կամ դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի գործողությունը:
ՀՀ վարչական դատարանի 25.10.2022թ. որոշմամբ հայցվոր «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊ ընկերության ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին, մերժվել է:
Նշված որոշման դեմ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊ ընկերությունը (ներկայացուցիչ Էմին Խաչատրյան) բերել է վերաքննիչ բողոք, որով խնդրել է վերացնել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6404/05/22 վարչական գործով 25.10.2022թ. կայացված հայցի ապահովում ձեռնարկելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը և այն փոփոխել՝ բավարարել հայցվորի միջնորդությունը՝ ձեռնարկել միջոցներ հայցի ապահովման համար և որպես հայցի ապահովման միջոցներ 26.09.2022թ. պետական տուրքի վճարման առաջադրմամբ պայմանավորված արգելել պատասխանողին հայցվորի նկատմամբ կայացնել սահմանափակումների վերաբերյալ որոշումներ, արգելել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ 26.09.2022թ. առաջադրված պետական տուրքի գումարները վճարված չլինելու հանգամանքով պայմանավորված կասեցնել կամ դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի գործողությունը, որը Վերաքննիչ դատարանի 09.12.2022թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 03.01.2023թ. ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան:
Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Բողոքաբերը մեջբերել է ՀՀ վարչական դատարանի 25.10.2022թ. որոշմամբ արձանագրվածը և նշել, որ տվյալ դեպքում դատարանն արձանագրել է, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊ ընկերության ներկայացուցչի վերոնշյալ միջնորդությամբ վկայակոչված հանգամանքները ենթադրական բնույթ են կրում և չեն կարող որևէ կերպ դժավարացնել կամ անհնարին դարձնել սույն գործով կայացվելիք դատական ակտի կատարումը, այն դեպքում, երբ պետական տուրքի գծով պարտավորությունների գերավճարները պատասխանողի կողմից որպես այդպիսին չդիտարկվելու պայմաններում, անհիմն կերպով պատասխանողին լրացուցիչ պարտավորություններ առաջադրելու պայմաններում հայցվորի գույքի նկատմամբ կարող են կիրառվել սահմանափակումներ, արգելանք դրվել հայցվորի դրամական միջոցների և գույքի վրա, ինչը կսահամանափակի հայցվորի գործունեությունը, ինչպես նաև լրացուցիչ պարտավորության առաջադրմամբ պայմանավորված պետական մարմինների կողմից կարող են հարուցվել վարչական վարույթներ՝ պետական տուրքի պարտավորություն ունենալու հիմքով հայցվորին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ, իսկ հայցվորի գործունեության կասեցման պարագայում, բնականաբար, կդժվարանա, ընդհուպ անհնարին կդառնա դատական ակտի կատարումը: Ավելին, դատարանի կողմից վկայակոչված նախադեպային որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը հայցի ապահովման միջոցի ձեռնարկման համատեքստում կարևորել է անձանց իրավունքների պաշտպանությունը, շեշտադրելով, որ «հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Այն ուղղված է անձանց խախտված գույքային իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն», սույն դեպքում հայցի ապահովում չկիրառելու պարագայում հնարավոր է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կասեցվի հայցվորի գործունեությունը /քանի որ դա նախատեսված է օրենքով/, ինչն էլ իր հերթին կխոչընդոտի սույն վարչական գործով հայցվորի խախտված գույքային իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնմանը: Դատարանը նշել է նաև, որ. «Այսպիսով, հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանելու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը»: Մինչդեռ հենց այս տեսանկյունից անհրաժեշտ էր հայցի ապահովման միջոցների ձեռնարկումը, քանզի հակառակ պայմաններում հնարավոր չէ պաշտպանել հայցվորի իրավունքները և օրինական շահերը հնարավոր բացասական հետևանքներից, մասնավորապես, հայցվորի գործունեության կասեցումից, լիցենզիայի գործողության դադարեցումից: Ամփոփելով վերոշարադրյալը՝ հայտնել են, որ ՀՀ վարչական դատարանի կողմից սխալ է կիրառվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի դրույթները, ինչն էլ ազդել է միջնորդության քննարկման ելքի վրա:
Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է վերացնել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6404/05/22 վարչական գործով 25.10.2022թ. կայացված հայցի ապահովում ձեռնարկելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը և այն փոփոխել՝ բավարարել հայցվորի միջնորդությունը՝ ձեռնարկել միջոցներ հայցի ապահովման համար և որպես հայցի ապահովման միջոցներ 26.09.2022թ. պետական տուրքի վճարման առաջադրմամբ պայմանավորված արգելել պատասխանողին հայցվորի նկատմամբ կայացնել սահմանափակումների վերաբերյալ որոշումներ, արգելել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ 26.09.2022թ. առաջադրված պետական տուրքի գումարները վճարված չլինելու հանգամանքով պայմանավորված կասեցնել կամ դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի գործողությունը:
Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Ներկայացված պատասխանով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գտել է, որ ՀՀ վարչական դատարանի 22.10.2022թ. թիվ ՎԴ/6404/05/22 գործով կայացված որոշումը օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ է, այն բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից, ուստի վերաքննիչ բողոքը ենթակա է ամբողջությամբ մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
Վկայակոչել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և նշել, որ վերոնշյալ հոդվածից հետևում է, որ դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը: Նշվածից հետևում է, որ հայցի ապահովումը դիտարկվում է որպես դատարանի կողմից կատարվող դատավարական գործողություն, որը հետապնդում է գործով կայացվելիք վճռի կատարման երաշխիքներ ապահովելու նպատակ: Հայցի ապահովումը դատական պաշտպանության դիմած անձանց իրավունքների պաշտպանության նախնական /ժամանակավոր/ միջոց է, որը նպատակ ունի չեզոքացնել անձի համար իրավունքների խախտված /անբարենպաստ/ վիճակը, բացառել անձի իրավունքների ենթադրյալ խախտման հետևանքները՝ մինչև վիճելի խնդրի վերաբերյալ դատական ակտի կայացումը: Սույն դեպքում հայցվորը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում հետևյալ պահանջների մասին՝ պարտավորեցնել պատասխանողին. արտակարգ դրության ժամանակահատվածում 15.03.20-31.03.20թ. և 2020թ. երկրորդ եռամսյակի համար ընկերության վճարած տուրքի գումարները ճանաչել գերավճար և դրանք հաշվառել 26.09.2022թ-ին առաջադրվող՝ 2022թ. չորրորդ եռամսյակի համար տուրքի վճարում, վերահաշվարկել և դադարած ճանաչել լիցենզիայի բացակայության պարագայում՝ 2020թ. սեպտեմբերի 25-ին կազմակերպչին առաջադրված տուրքի վճարման պարտավորությունը: Վերը նշվածից հետևում է, որ սույն գործով ՀՀ վարչական դատարանի կողմից հայցը բավարարվելու պարագայում, Դատարանը պետք է վճիռ կայացնի արտակարգ դրության ժամանակահատվածում 15.03.20-31.03.20թ. և 2020թ. երկրորդ եռամսյակի համար ընկերության վճարած տուրքի գումարները գերավճար ճանաչելու և դրանք 26.09.2022թ-ին առաջադրվող՝ 2022թ. չորրորդ եռամսյակի համար տուրքի վճարում հաշվառելու, 2020թ. սեպտեմբերի 25-ին կազմակերպչին առաջադրված տուրքի վճարման պարտավորությունը վերահաշվարկելու և լիցենզիայի բացակայության պարագայում պարտավորությունը դադարած ճանաչելու վերաբերյալ: Այսինքն, սույն դեպքում հայցվորի պահանջը վերաբերում է արտակարգ դրության ժամանակահատվածում պարտավորությունները վերահաշվարկելուն: Հայցվորը միջնորդությամբ խնդրել է ՀՀ վարչական դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց, այն է՝ 26.09.2022թ. պետական տուրքի վճարման առաջադրմամբ պայմանավորված արգելել պատասխանողին հայցվորի նկատմամբ կայացնել սահմանափակումների վերաբերյալ որոշումներ: Միջնորդությունը ոչ թե նպատակ է հետապնդում հայցը բավարարելու պարագայում հետագայում ընկերության պարտավորությունների վերահաշվարկը ապահովելուն, այսինքն ուղղված է հայցը բավարարելու պարագայում կայացված վճռի կատարումը ապահովելուն, այլ հայցվորի կողմից նպատակ ունի կանխել «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊ ընկերության նկատմամբ պարտավորությունները չկատարելու պարագայում պատասխանողի կողմից որևէ գործողության կատարումը, հսկողական գործառույթների իրականացումը: Եվ այս պարագայում, եթե անգամ դատարանի կողմից բավարարվի ներկայացված հայցադիմումը, բողոքաբերը որևէ կերպ ներկայացված վերաքննիչ բողոքով չի ներկայացրել ապացույց առ այն, որ առկա է որևէ խոչընդոտող հանգամանք ընկերության կողմից վճարված գումարները գերավճար ճանաչելու և այդ գումարները 2022թ. չորրորդ եռամսյակի պետական տուրքի գծով պարտավորությունների մարմանը ուղղելու համար, կամ լիցենզիայի բացակայության պարագայում՝ 2020թ. սեպտեմբերի 25-ին կազմակերպչին առաջադրված տուրքի վճարման պարտավորությունը վերահաշվարկելու և դադարած ճանաչելու համար:
ՀՀ կառավարության կողմից 07.07.2022թ. ընդունվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 1052-Ն որոշումը, որի 1-ին կետով որոշվել է «Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ սահմանել պետական տուրքի գծով արտոնություն՝ վերջինիս փոխարեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1- ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի՝ 2022 թվականի երրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար հաշվեգրված 5.570.812.500 (հինգ միլիարդ հինգ հարյուր յոթանասուն միլիոն ութ հարյուր տասներիու հազար հինգ հարյուր) դրամ գումար պետական տուրքը վճարելու միջոցով: Ընկերության պետական տուրքի գծով պարտավորությունը խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար 12.07.2022 թվականի դրությամբ կազմել է 5.568.750.000 (հինգ միլիարդ հինգ հարյուր վաթսունութ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) դրամ, որն իր մեջ ներառել է 2020 թվականի 3-րդ, 2020 թվականի 4-րդ և 2022 թվականի 3-րդ եռամսյակների պետական տուրքի գումարները, ընդամենը՝ 4.125.000.000 (չորս միլիարդ հարյուր քսանհինգ միլիոն) դրամ և նշված եռամսյաների նկատմամբ հաշվարկված տույժերը՝ 1.443.750.000 (մեկ միլիա-դ չորս հարյուր քառասուներեք միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) դրամ: ՀՀ կառավարության 07.07.2022թ. N1052-Ն որոշման հիման վրա «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊ ընկերության խաղատան կազմակերպման NԽՏ-001 լիցենզիայի համար սահմանված պետական տուրքի գծով արտոնության 5.570.812.500 (հինգ միլիարդ հինգ հարյուր յոթանասուն միլիոն ութ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր) դրամ գումարի չափով կատարված վճարումը (ներառում է ապառք 4.125.000.000 դրամ՝ 25.06.2020թ.-2020թ. 3-րդ եռամսյակ, 25.09.2020թ.-2020թ. 4-րդ եռամսյակ և 27.06.2022թ.-2022թ. 3-րդ եռամսյակ և տույժ 1.445.812.500 դրամ) 23.09.2022թ. և 26.09.2022թ. արդեն իսկ հաշվառվել է ընկերության պետական տուրքի անձնական հաշվի քարտում և խաղատան կազմակերպման լիցենզիայի համար լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020թ. նոյեմբերի 20-ից մինչև թիվ ՎԴ/10433/05/20 վարչական գործով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022թ. մայիսի 18-ը, կատարվել է պետական տուրքի հաշվարկների պակասեցում (ներառում է 2021 թվականի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 2022 թվականի 1-ին, 2-րդ եռամսյակները): Ընդ որում, վերահաշվարկվել են նաև տույժերի գումարները: Արդյունքում ավել վճարված 2.062.500 դրամ գումարը ուղղվել է 2022 թվականի 4-րդ եռամսյակի պետական տուրքի մարմանը, ինչպես նաև 30.09.2022 թվականին Ընկերության կողմից վճարվել է 275.000.000 դրամ: Հայցվորին Օրենքի պահանջներին համապատասխան առաջադրվել է 2020թ. 4-րդ եռամսյակի համար պետական տուրքի վճարման պարտավորություն, որը մարվել է Որոշմամբ տրամադրված արտոնության գումարով: Վերջին հաշվով, սույն դեպքում Հայցվորի որևէ իրավունք չի խախտվել, իսկ պարտավորությունը հաշվարկման ենթակա չինելու պարագայում՝ նշված պարտավորությունը կպակասեցվեր /ինչպես սույն գործով պակասեցվել է մնացած ժամանակաշրջաններում/: Սույն դեպքում, միջնորդությունը բավարարելու և պատասխանողին հսկողական գործառույթներ իրականացնելուն ուղղված գործողությունները արգելելու բողոքաբերի կողմից ակնկալվող որոշման ընդունումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել կամ ուղղակիորեն հանգեցնել կայացվելիք վճռով հետագայում պետական տաւրքի պարտավորությունների վերահաշվարկ կատարելու անհնարինությանը: Մյուս կողմից ստացվում է, որ բողոքաբերը չարաշահում է հայցի ապահովում կիրառելու ինստիտուտը, որը այս պարագայում վերածվում է ոչ թե վճռի կատարմանն ուղղված միջոցի, այլ պատասխանողի հսկողական գործառույթները այս կերպ խոչընդոտելու Հայցվորի կողմից ընտրված եղանակի: Ստացվում է, որ բողոքաբերը ոչ թե դատարան է ներկայացրել հիմնավոր փաստարկներ, որ հայցի ապահովում չկիրառելու դեպքում կարող է իրական վտանգ ստեղծվել դատական ակտի կատարման համար, այլ ներկայացնում է ենթադրյալ փաստարկներ իր իրավունքների հնարավոր խախտման և հնարավոր հսկողական միջոցառումների իրականացման վերաբերյալ, այն դեպքում երբ այդ իրավունքների խախտման փաստ այս դեպքում առկա չէ, Պետական եկամուտների կոմիտեի հսկողական գործառույթները սահմանված են օրենքով, իսկ իր իրավունքները իրականում խախտվելու դեպքում՝ բողոքաբերը զրկված չէ դրանք օրենքով սահմանված միջոցներով ու եղանակներով պաշտպանելու հնարավորությունից:
Սույն դեպքում հայցվորը որևէ կերպ զրկված չէ համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրացնելու իր իրավունքները, ինչը նշանակում է, որ մինչև սույն գործով դատական ակտի կայացումը և կատարումը, որևէ կերպ չեն խախտվել հայցվորի իրավունքները և դրանք չեզոքացնելու անհրաժեշտություն առկա չէ: Հայցի ապահովում ձեռնարկելու միջնորդության հետ մեկտեղ պետք է ներկայացվեին նաև դրա չձեռնարկելու պարագայում առկա իրական վտանգի մասին հիմնավոր ապացույցներ, այլ ոչ ենթադրություններ, որ հայցի ժամանակավոր բավարարում չձեռնարկելու պարագայում հետագայում հայցի կատարումը կդառնա անհնար կամ դժվար, իսկ տվյալ դեպքում պետք է փաստել, որ հայցվորի կողմից չի ներկայացվել ապացույց առ այն, որը կհիմնավորեր այն հանգամանքը, որ հայցի ապահովման չձեռնարկումը կհանգեցնի դատական ակտի կատարման անհնարինության կամ դրա կատարումը կհանգեցնի դժվարությունների:
Թիվ ՎԴ/6404/05/22 գործով 25.10.2022թ. «Հայցի ապահովում ձեռնարկելու միջնորդությունը մերժելու մասին» որոշմամբ տրվել են միջնորդությունը մերժելու եզրահանգման փաստական և իրավական հիմնավորումները: Դատարանի որոշումը իրավաչափ է, կայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերը նշված դրույթներին և ՀՀ վճռաբեկ դատարանի խնդրո առարկա հարցի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումների պահանջներին համապատասխան, հետևաբար այն վերացնելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է ամբողջությամբ մերժել «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊ ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն դեպքում, վերաքննիչ բողոքի պահանջն է վերացնել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6404/05/22 վարչական գործով 25.10.2022թ. կայացված հայցի ապահովում ձեռնարկելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը և այն փոփոխել՝ բավարարել հայցվորի միջնորդությունը՝ ձեռնարկել միջոցներ հայցի ապահովման համար և որպես հայցի ապահովման միջոցներ 26.09.2022թ. պետական տուրքի վճարման առաջադրմամբ պայմանավորված արգելել պատասխանողին հայցվորի նկատմամբ կայացնել սահմանափակումների վերաբերյալ որոշումներ, արգելել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ 26.09.2022թ. առաջադրված պետական տուրքի գումարները վճարված չլինելու հանգամանքով պայմանավորված կասեցնել կամ դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի գործողությունը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային լսումների իրավունք»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներում հայտնել է դիրքորոշում առ այն, որ դատական պաշտպանության իրավունքը կլիներ անիրական, իսկ դատական պաշտպանության ընթացակարգը՝ անարդյունավետ, եթե ներպետական օրենսդրությունը թույլ տար վերջնական և պարտադիր բնույթ ունեցող դատական ակտերին մնալ չկատարված՝ ի վնաս մի կողմի: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ եթե պետությունը չի երաշխավորում վերջնական դատական ակտերի ի կատար ածումը, դա հանգեցնում է այնպիսի իրողության, որն անհամատեղելի է իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան երաշխավորելիս: Մեկնաբանելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ արդար դատաքննության իրավունքը ներառում է ոչ միայն վեճն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու, այլ նաև կայացված դատական ակտը կատարելուն ուղղված գործուն և արդյունավետ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտություն /տե՛ս Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 01.03.2010թ. վճիռը, կետ 66, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 07.05.2002թ. վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի 19.03.1997թ. վճիռը, կետ 40/:
Իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովելու գործուն կառուցակարգերից է դատավարական օրենսգրքերով ամրագրված հայցի ապահովման ինստիտուտը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։
Նշված հոդվածի վերլուծությունից ուղղակի հետևում է, որ օրենսդիրը հստակորեն սահմանել է այն դեպքերը, երբ հայցի ապահովումը թույլատրելի է։ Մասնավորապես, հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդության ներկայացման հնարավորությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված է բացառապես պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում։ Ընդ որում հայցի ապահովման միջոցի կիրառումն ուղղված է հայցապահանջի տեսական բավարարման դեպքում տվյալ դատական ակտի կատարման ապահովմանը։ Հետևաբար, յուրաքանչյուր կոնկրետ գործով հայցի ապահովում կիրառելու մասին հարցի լուծումը պայմանավորվում է այն հանգամանքով, թե արդյոք դատական ակտի կատարումը կարող է դժվարանալ կամ դառնալ անհնարին։
Վերոգրյալը վկայում է այն մասին, որ հայցի ապահովում ձեռնարկելու մասին միջնորդությունը հայցվորը պետք է հարուցի առկա փաստերի ու հիմնավոր կասկածների հիման վրա, որոնք թույլ են տալիս վերջինիս կարծելու, որ հայցի ապահովում չձեռնարկելը հետագայում կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, և փաստերը պետք է վերաբերեն դատավարության մասնակիցների կողմից կատարված կամ ձեռնարկվող այնպիսի գործողություններին, նման գործողություններ կատարելու հավանականությանը, որոնք ուղղակիորեն առաջացնում են ողջամիտ կասկածներ նման, նաև հավանական գործողությունների արդյունքում հնարավոր դատական ակտի կատարման անհնարինության կամ դրա կատարման դժվարացման վերաբերյալ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասը, ի թիվս այլնի, որպես հայցի ապահովման միջոց է նախատեսում դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը, որպիսի ապահովման միջոց ձեռնարկելը հայցվում է քննարկվող միջնորդությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշմամբ հայցի ապահովումը հանդես է գալիս որպես օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը, որով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը: Քննարկվող դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Դրանով իսկ այն ուղղված է անձանց խախտված իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն/տե՛ս Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով 27.11.2015թ. որոշումը/:
Մեկ այլ որոշմամբ արտահայտված ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, կամ էլ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը: Հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի` 13.157.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Այն ուղղված է անձանց խախտված գույքային իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն: Հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունն այն է, որ դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը (տե'ս, Արտավազդ Փարսադանյանը և Նարինե Փարսադանյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/6921/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկով արձանագրել է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի իրավունքները և օրինական շահերը: Ուստի հայցի ապահովման միջոց ձեռնարկելիս դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում հաշվի առնի գործում առկա բոլոր այն հանգամանքները, որոնք հիմնավորում են հայցի ապահովում չձեռնարկելու պարագայում դատական ակտի կատարման անհնարինությունը կամ դժվարացումը: (տե´ս, «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/5719/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1561 որոշմամբ արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան՝ ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից՝ կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: Ուստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ և ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք և բավարար հիմքեր՝ մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար:
Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը՝ հայցվորի պահանջը բավարարելու դեպքում:
Միևնույն ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձի ներկայացրած պահանջը դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատական ակտի կատարման անհնարինությունը կամ ցածր հավանականությունը իմաստազրկում են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրականացումը, քանի որ այդ իրավունքների իրականացման արդյունքում ակնկալվող նպատակին անձն այդպես էլ չի հասնում:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման ինստիտուտի նպատակը կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը երաշխավորելն է, անձի կողմից դատական պաշտպանության դիմելու իրավական նպատակի վերջնական իրացումն ապահովելն է: Հայցի ապահովման միջոց ձեռնարկելով դատարանը, ըստ էության, ժամանակավորպես բավարարում է հայցը՝ դրանով բացառելով գործին մասնակցող անձի իրավունքների ենթադրյալ խախտումն անվերականգնելի դառնալու հավանականությունը: Հակառակ պարագայում հայցի ապահովման միջոց չկիրառելը կարող է վտանգել հայցի ապահովման ինստիտուտի հիմնական առաքելությունը, այն է՝ հետագայում ընդունվող դատական ակտի կատարման ապահովումը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ընկերությունը 17.10.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` հետևյալ պահանջների մասին, այն է՝ «Պարտավորեցնել պատասխանողին.արտակարգ դրության ժամանակահատվածում 15.03.20-31.03.20թ. և 2020թ. երկրորդ եռամսյակի համար ընկերության վճարած տուրքի գումարները ճանաչել գերավճար և դրանք հաշվառել 26.09.2022թ-ին առաջադրվող՝ 2022թ. չորրորդ եռամսյակի համար տուրքի վճարում, վերահաշվարկել և դադարած ճանաչել լիցենզիայի բացակայության պարագայում՝ 2020թ. սեպտեմբերի 25-ին կազմակերպչին առաջադրված տուրքի վճարման պարտավորությունը»: Միաժամանակ հայցադիմումին կից ներկայացրել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել է 26.09.2022թ. պետական տուրքի վճարման առաջադրմամբ պայմանավորված արգելել պատասխանողին հայցվորի նկատմամբ կայացնել սահմանափակումների վերաբերյալ որոշումներ: Արգելել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ 26.09.2022թ. առաջադրված պետական տուրքի գումարները վճարված չլինելու հանգամանքով պայմանավորված կասեցնել կամ դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի գործողությունը:
ՀՀ վարչական դատարանը բողոքարկվող դատական ակտով մերժել է «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ, հետևյալ պատճառաբանությամբ. «... հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են, քանի որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊ ընկերության ներկայացուցչի վերոնշյալ միջնորդությամբ վկայակոչված հանգամանքները ենթադրական բնույթ են կրում և չեն կարող որևէ կերպ դժավարացնել կամ անհնարին դարձնել սույն գործով կայացվելիք դատական ակտի կատարումը:»:
Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի վերը նշված պատճառաբանությունը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի պատճառաբանությունն ըստ էության հանգում է նրան, որ հայցվորի կողմից չի հիմնավորվել կայացվելիք դատական ակտի կատարումն անհնարին դառնալու կամ դժվարանալու հանգամանքը, այլ՝ հայցվորի կողմից ներկայացված հանգամանքները առավելապես կրում են ենթադրական բնույթ: Վերոգրյալի կապակցությամբ՝ Վերաքննիչ դատարանը նկատում է, որ հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովման միջնորդության հիմքում դրված հիմնավորումները հիմնված են ենթադրությունների վրա և բացակայում է ներկայացված պահանջների հաշվառմամբ այն միասնական կապը և փոխկապվածությունը՝ միջնորդությամբ ներկայացված հայցի ապահովման միջոցի հետ, որով կհիմնավորվեր այն հանգամանքը, որ տվյալ հայցի ապահովման միջոցը չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հայցի ապահովման միջոցի՝ որպես ապագա վճռի կատարման երաշխիքներ ապահովելու դատավարական միջոցի, կիրառման համար բավարար չէ օրենքով նախատեսված հիմքերի վկայակոչումը, այլ այն պետք է պատճառաբանվի և յուրաքանչյուր գործով պատճառաբանությունները պետք է ներկայացվեն տվյալ գործի առանձնահատկությունների հաշվառմամբ:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցով հայցվորի հետապնդած վերջնանպատակը ընկերության վճարած տուրքի գումարները գերավճար ճանաչելն է և դրանք հաշվառել որպես 2022թ. չորրորդ եռամսյակի համար տուրքի վճարում, ինչպես նաև վերահաշվարկել 2020թ. սեպտեմբերի 25-ին կազմակերպչին առաջադրված տուրքի վճարման պարտավորությունը: Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով նշված իրավական դիրքորոշումները և ելնելով հայցադիմումի ու հայցապահանջի բովանդակությունից, արձանագրում է, որ հայցի ապահովման հայցվող միջոցները չկիրառելը չի կարող դժվարացնել կամ խոչընդոտել հայցվորի հետապնդած վերջնանպատակի իրացմանը: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված հայցի ապահովման միջոցն ուղղակիորեն կապված չէ հայցվորի կողմից ներկայացված պահանջի հետ և նշված հայցի ապահովման միջոցը ձեռնարկելն անմիջականորեն ուղղված չէ հայցվորի՝ սույն հայցով ներկայացված պահանջի հնարավոր բավարարման մասին վճռի կատարման անհնարինությունը կամ դժվարացումը բացառելուն, միջնորդությամբ նշված հայցի ապահովման միջոցի ձեռնարկումը չի կարող հանդիսանալ հայցը բավարարելու վերաբերյալ հնարավոր վճռի կատարումն ապահովելու անմիջական և ուղղակի երաշխիք: Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բացակայում են հայցի ապահովման հայցվող միջոցը կիրառելու հիմքերը:
Վերհիշյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու հայցվորի միջնորդությունը ենթակա էր մերժման, ուստի վերաքննիչ բողոքը հիմնավոր չէ և ենթակա է մերժման:
Վերոհիշյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով, 148-րդ հոդվածի 7-րդ մասով և 156-րդ հոդվածի 2-րդ մասով.
Ո Ր Ո Շ Ե Ց
«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊ ընկերության (ներկայացուցիչ Էմին Խաչատրյան) կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել՝ ՀՀ վարչական դատարանի ՎԴ/6404/05/22 վարչական գործով 25.10.2022թ-ի «Հայցի ապահովում ձեռնարկելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնելով անփոփոխ:
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն ստանալու պահից հինգ օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան։
ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 19 Հունվար 2023 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|