Հիմնական
Գործի համար: ՎԴ/6260/05/19Վիճակագրական տողի համար: 2.2
Հայցվոր
Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ
Պատասխանող
Արաբկիր վարչական շրջան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարություն
Դատավոր
Վարչական:Վարչական վերաքննիչ:
Գործ թիվ ՎԴ/6260/05/19
Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
14 դեկտեմբերի 2020թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը`
նախագահությամբ` դատավոր Արթուր Ծատուրյանի
քարտուղարությամբ` Շողինե Ջուլհակյանի
Աշխեն Սարգսյանի
մասնակցությամբ`
հայցվոր՝ <Սփեյս Մենեջմենթ>
ՍՊ ընկերության
(ք.Երևան, Վ.Սարգսյան 10, տարածք 89,
ՀՎՀՀ՝ 02584098, պետական գրանցման համար՝ 286.110.06305)
ներկայացուցիչ՝
Ալեքսանդր Կոչուբաևի
(ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, արտոնագիր թիվ 2606, լիազորագիր` տրված 21.06.2019 թվականին, երեք տարի ժամկետով)
պատասխանողներ՝ Երևանի քաղաքապետարանի
(ք.Երևան, Արգիշտի 1)
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի
(ք.Երևան, Ն․Զարյան 27)
դռնբաց դատական նիստում քննեց վարչական գործն ըստ հայցի` <Սփեյս Մենեջմենթ> ՍՊ ընկերության ընդդեմ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի և Երևանի քաղաքապետարանի` գովազդի թույլտվություն տրամադրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պատասխանողներին պարտավորեցնելու պահանջի մասին:
1.Գործի դատավարական նախապատմությունը.
<Սփեյս Մենեջմենթ> ՍՊ ընկերությունը 12.08.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ` Դատարան) ընդդեմ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության` խնդրելով պարտավորեցնել պատասխանողներին 08.07.2019 թվականի դիմումի հիման վրա տրամադրել օրենքով նախատեսված գովազդի թույլտվությունը:
Նշված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը Դատարանը 15.08.2019 թվականի որոշմամբ վերադարձրել է հայցվորին: Վերջինս նշված որոշումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելով 28.08.2019 թվականին հայցադիմում Է ներկայացրել Դատարան ընդդեմ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության` գովազդի թույլտվություն տրամադրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պատասխանողներին պարտավորեցնելու պահանջի մասին:
Հայցադիմումին կից հայցվորը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց` ժամանակավորապես բավարարելով հայցը:
Դատարանը 30.08.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Դատարանը մերժել է հայցվորի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:
01.10.2019 թվականին Դատարանում ստացվել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը` արագացված դատաքննություն կիրառելու մասին, որը Դատարանի 07.10.2019 թվականի որոշմամբ մերժվել է:
Դատարանի 21.02.2020 թվականի որոշմամբ ոչ պատշաճ պատասխանող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը փոխարինվել է պատշաճ պատասխանողով` Երևանի քաղաքապետարանով:
Դատարանի 07.08.2020 թվականի որոշմամբ վարչական գործը նշանակվել է դատաքննության:
Գործի քննությունն ավարտվել է 24.11.2020 թվականին և վճռի հրապարակումը նշանակվել 14.12.2020 թվականին:
Որպես իր պահանջի հիմնավորում հայցվորի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել իր դիմումների, ինչպես նաև ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 12․07․2019 թվականի թիվ 25/01-1560 և 30,07,2019 թվականի թիվ 25/01-25/14716 գրությունների պատճենները:
2.Հայցի հակիրճ բովանդակությունը.
Հայցվորի ներկայացուցիչը դիմելով Դատարան հայտնում է հետևյալը:
<Սփեյս Մենեջմենթ> ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) 08.07.2019 թվականին գովազդի թույլտվության ստացման դիմում է ներկայացրել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին:
Գովազդի թույլտվություն ստանալու կարգը և ժամկետները սահմանված են Երևանի ավագանու 18.11.2009 թվականի թիվ 37-Ն որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ՝ Կարգ):
Կարգի 13-րդ կետի համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը գովազդի միջոց տեղադրելու համար գովազդատուից, գովազդակրից դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դրանց համապատասխանությունը սույն կարգի պահանջներին: Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա աշխատակազմը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա աշխատակազմը դիմողին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն:
Գովազդի թույլտվության 08.07.2019 թվականի դիմումին ի պատասխան՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը 12.07.2019թ. նշել է, որ անհրաժեշտ է համալրել դիմումը, մասնավորապես՝ կցել Ընկերության պետական գրանցման վկայականի և ընկերության կանոնադրության պատճենները, ինչպես նաև վերաձևակերպել լիազորագիրը: Այլ թերություններ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը չի նշել:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նշված պահանջները իր կողմից կատարվել են:
Կարգի 14-րդ կետի համաձայն՝ եթե դիմումում կամ կից փաստաթղթերում առկա են ոչ ձևական, էական սխալներ, կամ Կանոնների 13-րդ կետում սահմանված ժամկետում ձևական թերությունները չեն շտկվել, ապա վարչական շրջանի ղեկավարը դիմումը ստանալուց կամ թերությունները շտկելու համար սահմանված ժամկետի լրանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժում է դիմումը (համալրված փաստաթղթերը իր կողմից ներկայացվել են 19.07.2019թ. և ըստ Հայփոստ ՓԲԸ-ի պնդման Արաբկիր շրջանի ղեկավարի կողմից ստացվել 22.07.2019թ.):
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը եռօրյա ժամկետում չի մերժել ներկայացված դիմումը, ինչը նշանակում է, որ ներկայացված դիմումը չի պարունակել ոչ ձևական, էական խախտումներ, իսկ նախկինում առկա ձևական թերությունները շտկվել են, իսկ պակասող փաստաթղթերը՝ համալրվել:
Կարգի 14-րդ կետի ուժով՝ եթե դիմումը և կից փասաաթղթերը համապատասխանում են Կանոնների պահանջներին, կամ դիմողի կողմից վերացվել են ձևական խախտումները, ապա աշխատակազմը դիմումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն:
Վարչական շրջանի ղեկավարը Կարգի 13-րդ կետի պահանջների հաշվառմամբ եռօրյա ժամկետում չի մերժել ներկայացված դիմումը, ինչը նշանակում է, որ վերջինս երկօրյա ժամկետում պարտավոր էր դիմումը ուղարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն: Վարչական շրջանի աշխատակազմը փաստաթղթերի համալրումը ստացել է 22.07.2019թ. և դիմումը չմերժելու պարագայում պարտավոր էր ամենաուշը 23.07.2019թ. այն ուղարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն:
Համաձայն Կարգի 16-րդ կետի՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Կանոնների պահանջներին: Այն դեպքում, եթե համաձայնության տրամադրման համար անհրաժեշտ է հաշվի առնել Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կարծիքները, ապա ապահովելով այդ գործընթացը, դիմումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է համաձայնություն կամ մերժում դրա տրամադրումը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից առ այսօր չի ստացվել գովազդի թույլտվությունը կամ դրա մերժումը: Փոխարենը 30.07.2019թ. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից ստացել են գրություն, որ դիմումը անհրաժեշտ է համալրել ևս մեկ փաստաթղթով, ինչը ոչ իրավաչափ պահանջ է, քանի որ Կարգի 13-րդ կետով նախատեսված դիմումի թերությունները շտկելու և կից փաստաթղթերի ցանկը համալրելու ժամկետը լրացված է եղել: Բացի այդ՝ պահանջվող փաստաթուղթը նախատեսված չէ Կարգի 12-րդ կետով, որով սահմանվում է գովազդի թույլտվություն ստանալու դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի վկայակոչմամբ հայտնել է, որ քննարկվող դեպքում 30.07.2019թ. վարչական մարմինը, ըստ էության, մերժել է բարենպաստ վարչական ակտի ընդունումը:
Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է պարտավորեցնել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանին և Երևանի քաղաքապետարանին ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ գովազդի թույլտվություն տրամադրելու մասին:
Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը պնդեց հայցն ամբողջությամբ և խնդրեց այն բավարարել:
3.Պատասխանողների դիրքորոշման հակիրճ բովանդակությունը.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված պատասխանողների ներկայացուցիչները չեն ներկայացել դատական նիստին և հայցադիմումի պատասխան չեն ներկայացրել:
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար, Դատարանը գործի քննությունն անցկացրել է առանց պատասխանող կողմերի մասնակցության:
4.Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և ՀՀ վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված 08․07․2019 թվականի դիմումով Ընկերությունը (ներկայացուցիչ Ա.Կոչուբաև) խնդրել է տրամադրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի սահմաններում արտաքին գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) թույլտվություն: Նշված դիմումում որպես գովազդային միջոցի տեղադրման վայր նշվել է՝ Հրաչյա Քոչար 26՝ <Ռիո մոլի> դիմաց, Ազատության պողոտա 1՝, Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթ, Ազատության պողոտա-Բաբայան խաչմերուկ, Ռեդիսսոն Բլու հոթել Երևանի դիմաց, Կոմիտասի պողոտա։
Նշված դիմումով գովազդային միջոցի տեղադրման ժամկետ է սահմանվել՝ 1 տարի; Նույն դիմումով՝ որպես տեղադրվող գովազդի միջոց է սահմանվել ՝գովազդային վահանակներ՝ 3x6 չափի, LED էկրան՝ 100մ քառ:
Նույն դիմումին կից ներկայացվել են՝ գովազդի միջոցի նախագծերը, գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը) երկու օրինակից՝ գովազդի չափերի նշումով, լիազորագրի և լիազորված անձը հաստատող փաստաթղթի պատճենները, տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթի պատճենները:
2) Վերոնշյալ դիմումին ի պատասխան՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը 12.07.2019 թվականի թիվ 25/01-1560 գրությամբ հայտնել է հետևյալը. <...Ձեր դիմումին կից ներկայացված 21.06.2019 թվականի լիազորագիրը տրված է Արեն Ապիկյանի անունից հանդես գալու համար, այլ ոչ թե ընկերության, ուստի անհրաժեշտ է ներկայացնել <Սփեյս Մենեջմենթ> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից հանդես գալու համար օրենքով սահմանված կարգով տրամադրված լիազորագիր, ինչպես նաև լիազորագիրը տվող անձի (ընկերության տնօրենի կամ այլ իրավասու անձի) իրավասությունը հավաստող փաստաթղթերի՝ ընկերության պետական գրանցման վկայականի և ընկերության կանոնադրության պատճենները>:
3) Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված 22․07․2019 թվականի (ըստ հայցադիմումի տեղեկությունների) Ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է Ընկերության կողմից տրված լիազորագիրը, Ընկերության պետական գրանցման վկայականի և Ընկերության կանոնադրության պատճենները:
4) Վերոնշյալ՝ 08.07.2019 թվականի դիմումին ի պատասխան՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը 30.07.2019 թվականի թիվ 25/01-25/14716 գրությամբ հայտնել է հետևյալը. <Ի պատասխան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված 08․07․2019թ․ ՁԵր հ․1560 դիմումի՝ հայտնում եմ, որ Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի հ.37-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն չհանդիսացող գովազդի օբյեկտի վրա գովազդ, գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է միայն տվյալ գովազդի օբյեկտի սեփականատիրոջ, օրինական օգտագործողի կամ տիրապետողի համաձայնության, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի առկայության դեպքում, ինչը դիմումին կից ներկայացված չէ։>:
5) 21.06.2019 թվականի լիազորագրի համաձայն՝ <Սփեյս Մենեջմենթ> ՍՊ ընկերությունը ... ի դեմս տնօրեն Արեն Ապիկյանի... լիազորում է Ալեքսանդր Կոչուբաևին ՍՊԸ-ի անունից դիմել բոլոր ՀՀ պետական, ոչ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին...:
Լսելով հայցվորի ներկայացուցչին, գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում Դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, …:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
Նույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է` պարտավորեցման հայցով` վարչական մարմինը` հայցվող վարչական ակտի ընդունումը մերժելու հիմք հանդիսացած փաստերի մասով, և ֆիզիկական կամ իրավաբանական անձը` այն փաստերի մասով, որոնցով հիմնավորվում է իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունումը:
Համաձայն նույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի` հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:
Նույն օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին:
Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ պարտավորեցման հայցով անձը կարող է պահանջել պարտավորեցնել վարչական մարմնին ընդունելու իր համար այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը վարչական մարմինը մերժել է: Այսինքն՝ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:
Միաժամանակ Դատարանը հարկ է համարում նշել, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է, և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, Դատարանը գտնում է, որ եթե ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարվում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, Դատարանը պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ ասած՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության:
Ընդ որում, պարտավորեցման հայցի դեպքում օրենսդիրը, կարևորելով հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության պարզումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել է, որ վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին: Դա նշանակում է, որ պարտավորեցման հայցի մերժումը ևս պայմանավորված է հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ: Այսինքն, եթե ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա չի հաստատվում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, պարտավորեցման հայցը ենթակա է մերժման, և այս դեպքում վարչական դատարանը չի անդրադառնում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշմանը:
Դիմելով Դատարան, հայցվորը խնդրել է պարտավորեցնել պատասխանողներ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանին և Երևանի քաղաքապետարանին` ընդունելու գովազդի թույլտվություն տրամադրելու մասին բարենպաստ վարչական ակտ:
<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետը իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները. (...) օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում և դրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաև քաղաքային նշանակության հրապարակներում և այգիներում) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն. (...):
Նույն օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները. (...) օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության գովազդային գոտի չհամարվող տարածքներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
ՀՀ Երևան քաղաքի ավագանու 18.11.2009 թվականի թիվ 37-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ Երևան քաղաքի ավագանին որոշել է Երևան քաղաքի քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում և դրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաև քաղաքային նշանակության հրապարակներում և այգիներում) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու լիազորությունը պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:
Նույն որոշմամբ ՀՀ Երևան քաղաքի ավագանին հաստատել է նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները` համաձայն N 1 հավելվածի (այսուհետ՝ Կանոններ) և Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն ստանալու դիմումի և թույլտվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
Կանոնների 11-րդ կետի համաձայն՝ Գովազդ, Գովազդային միջոց տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը դիմում է ներկայացնում դրա տեղաբաշխման (տեղադրման) վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին, իսկ տրանսպորտային միջոցի վրա Գովազդ տեղադրելու դեպքում՝ Երևան քաղաքի որևէ վարչական շրջանի ղեկավարին: Դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարը) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը), գովազդային միջոցի տեղադրման վայրը և ժամկետը, տեղադրվող Գովազդի միջոցը, Գովազդի տեսակը, հայցում` հողամասի տրամադրման (եթե Գովազդի միջոցը տեղադրվելու է հողամասի վրա) կամ Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի (եթե Գովազդը, Գովազդի միջոցը տեղադրվելու է հենասյուների կամ այլ գույքի վրա) օգտագործման համաձայնություն տալու մասին, դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը և կնիքը՝ կնիք ունենալու դեպքում: Դիմումը կարող է ներկայացվել համաձայն Որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի:
Կանոնների 12-րդ կետի համաձայն՝ դիմումին կցվում են.
ա) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի,
բ) Գովազդի միջոցի նախագիծը, այն կոնստրուկցիա, կառույց կամ տեխնիկական այլ միջոց լինելու դեպքում՝ համապատասխան փորձաքննության եզրակացությունը,
գ) Գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը) երկու օրինակից՝ գովազդի չափերի նշումով, իսկ էլեկտրոնային էկրանի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ էլեկտրոնային գովազդային նյութերը կրիչով,
դ) (ենթակետն ուժը կորցրել է 15.03.11 N 199-Ն)
ե) եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
զ) հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր՝ դիմողի ցանկությամբ,
է) տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:
Կանոնների 13-րդ կետի համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ) գովազդի միջոց տեղադրելու համար գովազդատուից, գովազդակրից դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դրանց համապատասխանությունը սույն կարգի պահանջներին: Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Աշխատակազմը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Աշխատակազմը դիմողին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն:
Կանոնների 14-րդ կետի համաձայն՝ եթե դիմումում կամ կից փաստաթղթերում առկա են ոչ ձևական, էական սխալներ, կամ Կանոնների 13-րդ կետում սահմանված ժամկետում ձևական թերությունները չեն շտկվել, ապա վարչական շրջանի ղեկավարը դիմումը ստանալուց կամ թերությունները շտկելու համար սահմանված ժամկետի լրանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժում է դիմումը:
Կանոնների 15-րդ կետի համաձայն՝ եթե դիմումը և կից փաստաթղթերը համապատասխանում են Կանոնների պահանջներին, կամ դիմողի կողմից վերացվել են ձևական խախտումները, ապա Աշխատակազմը դիմումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ ուրվանկարների և համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության համապատասխան հողհատկացման, Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի օգտագործման (համաձայնության) թույլտվության հարցերի քննարկման և լուծման համար:
Գովազդի ընթացիկ տեղադիրի փոփոխման պարագայում կազմակերպությունը պարտավոր է դրա մասին նախապես՝ Կանոնների 16-րդ կետով համաձայնեցման կամ մերժման համար նախատեսված ժամկետի ավարտից առնվազն 3 աշխատանքային օր առաջ գրավոր տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը։
Կանոնների 16-րդ կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Կանոնների պահանջներին: Այն դեպքում, եթե համաձայնության տրամադրման համար անհրաժեշտ է հաշվի առնել Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կարծիքները, ապա ապահովելով այդ գործընթացը, դիմումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է համաձայնություն կամ մերժում դրա տրամադրումը:
Կաննոնների 18-րդ կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից համաձայնություն տրված ուրվանկարները, սահմանված չափի տեղական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերը, ինչպես նաև սույն կարգով նախատեսված այլ փաստաթղթերը (հողհատկացման որոշում և այլն) ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ տրվում է գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն՝ համաձայն ձևի: Եթե համաձայնության տրամադրումը մերժվել է, ապա գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն տալը մերժում է նույն ժամկետում, ընդ որում թույլտվությունը տրվում է դիմումում նշված ժամկետով:
Սույն գործի փաստերի, մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված 08․07․2019 թվականի դիմումի համաձայն՝ Ընկերությունը (ներկայացուցիչ Ա.Կոչուբաև) խնդրել է տրամադրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի սահմաններում արտաքին գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) թույլտվություն, դիմումին կից ներկայացնելով գովազդի միջոցի նախագծերը, գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը) երկու օրինակից՝ գովազդի չափերի նշումով, լիազորագրի և լիազորված անձը հաստատող փաստաթղթի պատճենները, տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթի պատճենները:
Վերոնշյալ դիմումին ի պատասխան՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը 12.07.2019 թվականի թիվ 25/01-1560 գրությամբ հայտնել է հետևյալը. <...Ձեր դիմումին կից ներկայացված 21.06.2019 թվականի լիազորագիրը տրված է Արեն Ապիկյանի անունից հանդես գալու համար, այլ ոչ թե ընկերության, ուստի անհրաժեշտ է ներկայացնել <Սփեյս Մենեջմենթ> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից հանդես գալու համար օրենքով սահմանված կարգով տրամադրված լիազորագիր, ինչպես նաև լիազորագիրը տվող անձի (ընկերության տնօրենի կամ այլ իրավասու անձի) իրավասությունը հավաստող փաստաթղթերի՝ ընկերության պետական գրանցման վկայականի և ընկերության կանոնադրության պատճենները>:
Դրանից հետո, Ընկերության ներկայացուցիչը շտկելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 12.07.2019 թվականի թիվ 25/01-1560 գրությամբ մատնանշած սխալը, նույն դիմումը, ըստ հայցադիմումի տեղեկությունների՝ 22․07․2019 թվականին կրկին ներկայացրել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ կից ներկայացելով Ընկերության կողմից տրված լիազորագիրը, Ընկերության պետական գրանցման վկայականի և Ընկերության կանոնադրության պատճենները: Ընդ որում, Դատարանը նշում է, որ դիմումին կից ներկայացված լիազորագրի համաձայն՝ <Սփեյս Մենեջմենթ> ՍՊ ընկերությունը ... ի դեմս տնօրեն Արեն Ապիկյանի... լիազորում է Ալեքսանդր Կոչուբաևին ՍՊԸ-ի անունից դիմել բոլոր ՀՀ պետական, ոչ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին...:
Վերոնշյալ՝ 08.07.2019 թվականի դիմումին ի պատասխան՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը 30.07.2019 թվականի թիվ 25/01-25/14716 գրությամբ հայտնել է հետևյալը. <Ի պատասխան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված 08․07․2019թ․ ՁԵր հ․1560 դիմումի՝ հայտնում եմ, որ Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի հ.37-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն չհանդիսացող գովազդի օբյեկտի վրա գովազդ, գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է միայն տվյալ գովազդի օբյեկտի սեփականատիրոջ, օրինական օգտագործողի կամ տիրապետողի համաձայնության, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի առկայության դեպքում, ինչը դիմումին կից ներկայացված չէ։>:
Մինչդեռ, Դատարանի գնահատմամբ, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը, վերոնշյալ՝ 30.07.2019 թվականի թիվ 25/01-25/14716 գրությամբ խախտել է Կանոնների 13-րդ կետի պահանջը, քանի որ իր նախորդ՝ 12.07.2019 թվականի թիվ 25/01-1560 գրությամբ պարտավոր էր Ընկերությանն առաջարկել երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը, եթե այն ամբողջական չէր։ Իսկ Ընկերությունը, շտկված դիմումը կից փաստաթղթերով 22․07․2019 թվականին ներկայացնելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին, առնվազն 25․07․2019 թվականի դրությամբ ունեցել է օրինական ակնկալիք, որ իր դիմումի հիման վրա պետք է ընդունվի իր կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտը, քանի որ այդ օրվա դրությամբ այլևս լրացել է Կանոնների 14-րդ կետով սահմանված դիմումը մերժելու երեք աշխատանքային օրվա և Կանոնների 15-րդ կետով սահմանված՝ դիմումը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն համաձայնեցման ուղարկելու երկու աշխատանքային օրվա ժամկետը։
Հետևաբար, վերոնշյալ փաստական և իրավական հիմնավորումներով Դատարանը եզրահանգում է, որ հայցը ենթակա է բավարարման ամբողջությամբ:
Դատարանը հայցը բավարարելու հիմքում դնում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի չորրորդ մասի դրույթը, ըստ որի` ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը համարում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է, և նույն օրենսգրքի 86րդ հոդվածի ութերորդ մասի դրույթը, ըստ որի` պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Դատարանն արձանագրում է, որ պարտավորեցման հայցի բավարարման պայմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 30.07.2019 թվականի թիվ 25/01-25/14716 գրությունը ենթակա է անվավեր ճանաչման։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է ... մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նկատի ունենալով, որ հայցը ենթակա է բավարարման և հայցվորը վճարել է հայցադիմումը դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ պետական տուրքի գումարը, Դատարանը գտնում է, որ պատասխանող Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանից հօգուտ հայցվորի ենթակա է բռնագանձման նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 4.000 ՀՀ դրամի չափով:
5.Եզրափակիչ մաս.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 114-րդ, 123-126-րդ հոդվածներով, Դատարանը`
Վ Ճ Ռ Ե Ց
1. <Սփեյս Մենեջմենթ> ՍՊ ընկերության հայցը բավարարել։
Անվավեր ճանաչել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 30.07.2019 թվականի թիվ 25/01-25/14716 գրությունը և պարտավորեցնել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանին և Երևանի քաղաքապետարանին` ընդունել բարենպաստ վարչական ակտ <Սփեյս Մենեջմենթ> ՍՊ ընկերության 08.07.2019 թվականի գովազդի թույլտվություն տրամադրելու մասին դիմումի հիման վրա։
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանից հօգուտ <Սփեյս Մենեջմենթ> ՍՊ ընկերության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:
2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից` 2020թ. դեկտեմբերի 14-ից, մեկ ամիս հետո:
3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
4.ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի համաձայն` սույն վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:
ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ
_______________________________________-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 11 Հունվար 2023 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|