Հիմնական
Գործի համար: ԿԴ/2725/02/21Վիճակագրական տողի համար: 6.1
Հայցվոր
Սեդրակ Հոմբերտի Մարտիկյան
Պատասխանող
<<Կոտայք>>ջրօգտագործողների ընկերություն
Դատավոր
Կոտայքի մարզ:Գործ № ԿԴ/2725/02/21
ՎՃԻՌ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
02 դեկտեմբերի 2021 թվական քաղաք Եղվարդ
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
Նախագահությամբ` դատավոր Հ. Ջալալյանի
քարտուղարությամբ` Մ. Լևոնյանի
մասնակցությամբ՝
հայցվոր՝ Սեդրակ Հոմբերտի Մարտիկյանի
(նույնականացման քարտի տվյալները՝ 009240920,
տրված՝ 28.12.2017 թվականին, 005-ի կողմից,
հաշվառման վայրի հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան,
Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան նրբանցք,
2 շենք, բնակարան 36)
hայցվորի ներկայացուցիչ` Սուսաննա Սարգսյանի
(նույնականացման քարտի տվյալները՝ 010396356,
տրված՝ 19.03.2019 թվականին, 011-ի կողմից,
02.09.2021 թվականին հասարակ գրավոր կարգով տրված լիազորագիր,
փաստաբանական գործունեության արտոնագիր` թիվ 1536)
պատասխանողի ներկայացուցիչներ՝ Վլադիկ Սպարտակի Աբրոյանի
(նույնականացման քարտի տվյալները՝ 012127379,
տրված՝ 15.09.2020 թվականին, 005-ի կողմից,
հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Վիլնյուսի փողոց,
25 շենք, բնակարան 85)
Վարդգես Սերյոժայի Կիրակոսյանի
(անձնագրային տվյալները՝ AT0424833,
տրված՝ 23.04.2020 թվականին, 046-ի կողմից,
հաշվառման վայրի հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Կոնդի փողոց, 98 տուն,
20.05.2021 թվականին հասարակ գրավոր կարգով տրված լիազորագիր)
դռնբաց դատական նիստում, քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սեդրակ Հոմբերտի Մարտիկյանի ընդդեմ ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության (ՀՎՀՀ 03526407, հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ, Մ. Թումասյան 14)՝ աշխատանքից ազատելու և պայմանագիրը լուծելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Նկարագրական մաս.
Գործի դատավարական նախապատմությունը.
05.03.2021 թվականին Սեդրակ Հոմբերտի Մարտիկյանի ներկայացուցչի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Աբրոյանի` Սեդրակ Մարտիկյանին աշխատանքից ազատելու և պայմանագիրը լուծելու 11.02.2021 թվականի թիվ 50 հրամանը, որպես հետևանք վերականգնել նախկին աշխատանքում (պաշտոնում) և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը:
Դատարանի 18.03.2021 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորի ներկայացուցիչը, կատարելով համապատասխան ուղղում, 30.03.2021 թվականին հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել 11.02.2021 թվականի ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Աբրոյանի թիվ 50 հրամանը՝ Սեդրակ Մարտիկյանին աշխատանքից ազատելու և պայմանագիրը լուծելու մասին և որպես հետևանք Սեդրակ Մարտիկյանին վերականգնել նախկին աշխատանքում (պաշտոնում):
Դատարանի 08.04.2021 թվականի որոշմամբ կրկին ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և դատարանում ներկայացված համարվել այն սկզբնապես ներկայացնելու օրը` 05.03.2021 թվականը:
Դատարանի 08.04.2021 թվականի որոշմամբ պատասխանողից պահանջվել են ապացույցներ:
Դատարանի 29.04.2021 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ, որը տեղի է ունեցել 21.05.2021 թվականին, ժամը 12։00-ին:
03.05.2021 թվականին պատասխանողի կողմից Դատարան է մուտքագրվել հայցադիմումի պատասխան, որին կից ներկայացվել են Դատարանի որոշմամբ պահանջված ապացույցները:
21.05.2021 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ հայցապահանջն ավելացնելու վերաբերյալ, որը Դատարանի 21.05.2021 թվականի արձանագրային որոշմամբ բավարարվել է։
23.06.2021 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ հայցապահանջն ավելացնելու վերաբերյալ, որը Դատարանի 15.07.2021 թվականի արձանագրային որոշմամբ բավարարվել է:
Դատարանի 15.07.2021 թվականի արձանագրային որոշմամբ կողմերի միջև բաշխվել է ապացուցման բեռի պարտականությունը:
Դատարանի 16.09.2021 թվականի որոշմամբ նախնական դատական նիստն ավարտվել է, և Դատարանն որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին, որը տեղի է ունեցել 29.10.2021 թվականին, ժամը 11:00-ին:
12.11.2021 թվականին գործի դատաքննությունը հայտարարվել է ավարտված, և 02.12.2021 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
Հայցվորի դիրքորոշումը.
Դիմելով դատարան` հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ հայցվորը 06.03.2017 թվականին պատասխանող ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա ընդունվել է աշխատանքի որպես ջրօգտագործման և հաշվառման բաժնի պետ: 11.02.2021 թվականի թիվ 50 հրամանով ազատվել է աշխատանքից: 06.03.2017 թվականին <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Մ. Հովհաննիսյանի, ով գործել է կանոնադրության հիման վրա, որպես գործատու և քաղաքացի Սեդրակ Մարտիկյանի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, ըստ որի` Ս.Մարտիկյանն ընդունվել է աշխատանքի <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությունում որպես ջրօգտագործման և հաշվառման բաժնի պետ, աշխատավարձը սահմանվել է 220.000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկային պարտավորությունները: Պայմանագրի 4.4 կետով Ս. Մարտիկյանը պարտավորվել է կատարել գործատուի այլ իրավասու հանձնարարությունները և ցուցումները: Պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել 03.06.2017 թվականից մինչև 30.12.2017 թվականը: 06.08.2018 թվականի թիվ 1 համաձայնագրով պայմանագիրը գործատուի և աշխատողի միջև փոփոխության է ենթարկվել, և Սեդրակ Մարտիկյանը նշանակվել է <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության գլխավոր ճարտարագետի պաշտոնին, ամսական աշխատավարձ է սահմանվել 420.000 ՀՀ դրամը: 18.04.2019 թվականին թիվ 1 համաձայնագրով պայմանագիրը գործատուի և աշխատողի միջև կրկին փոփոխության է ենթարկվել, և Սեդրակ Մարտիկյանը պահպանել է <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության գլխավոր ճարտարագետի պաշտոնը՝ ամսական 370.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Պայմանագրի մնացած կետերը մնացել են անփոփոխ: 10.02.2021 թվականին <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից առաջարկվել է Սեդրակ Մարտիկյանին ներկայացնել գրավոր բացատրություն 04.02.2021 և 05.02.2021 թվականներին ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց տեղյակ պահելու աշխատանքի չներկայանալու վերաբերյալ: Բացատրություն տալու համար Սեդրակ Մարտիկյանին տրամադրվել է մեկ օր ժամանակ: 10.02.2021 թվականին <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից առաջարկվել է Սեդրակ Մարտիկյանին ներկայացնել ևս մեկ գրավոր բացատրություն 03.02.2021 թվականին իր և Արման Մինասյանի միջև տեղի ունեցած վիճաբանության պատճառների մասին: Բացատրություն տալու համար տրվել է երկու օր ժամանակ: 11.02.2021 թվականին ի կատարումն 10.02.2021 թվականի <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գրավոր ցուցումի, սահմանված ժամկետում Սեդրակ Մարտիկյանը ներկայացրել է գրավոր զեկուցագիր, որով հայտնել է, որ ի պատասխան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հարցմանը տեղեկացնում է, որ տեղեկությունն այն մասին, որ ինքը 04.02.2021 և 05.02.2021 թվականներին ամբողջ աշխատանքային օրերին անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատավայր, իրականությանը չեն համապատասխանում: Սակայն, քանի որ կա պահանջ բացատրություն ներկայացնելու, պարզաբանել է, թե ինչ աշխատանքներ է իրականացրել 04.02.2021 և 05.02.2021 թվականներին՝ ամբողջ աշխատանքային օրերին: 03.02.2021 թվականի երեկոյան, տեղեկանալով այն մասին, որ մոտակա օրերի ընթացքում հիմնարկում սպասվում են ստուգումներ վերադասի կողմից, 04.02.2021 թվականին ուղևորվել է Գառնի «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊ ընկերությանը պատկանող ՀԷԿ, վերջիններիս հետ ջրօգտագործման պայմանագրի կնքման շուրջ քննարկումների, դրա հետ կապված տևական ժամանակ առկա թյուրըմբռնումները վերացնելու նպատակով: Նշել է նաև այն հանգամանքը, որ նախնական պայմանավորվածությունը ՀԷԿ-ի Գեղարդ համայնքի բնակիչների և <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության միջև ոռոգման սեզոնի սկզբին ձեռք է բերվել դեռևս նախորդ տնօրենի նախաձեռնությամբ և որը մնացել էր անավարտ: «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊ ընկերություն հասել է մոտավորապես մեկ ժամ անց, ժամը 10:00-ի սահմաններում, որտեղ տնօրինության հետ պայմանագրի շուրջ աշխատել է մինչև երեկո: Պայմանագրի հետ կապված հարցերի քննարկման, դրա վերաբերյալ ճշգրտումներ կատարելու նպատակով 04.02.2021 թվականին հեռախոսազրույցներ է ունեցել հիմնարկի աշխատակիցներ Թադևոս Թադևոսյանի, Արմենուհի Վահանյանի, Խաչիկ Հայրապետյանի և Հասմիկ Խաչատրյանի հետ: Աշխատանքները Գառնի ՀԷԿ-ում աշխատանքային օրվա հետ կապված՝ ՀԷԿ-ի տնօրինության խնդրանքով դադարեցվել են և շարունակվել հաջորդ օրը՝ 05.02.2021 թվականին: 05.02.2021 թվականին կրկին աշխատանքային օրվա սկզբին, առավոտյան ժամը 09:00-ին ուղևորվել է Գառնի «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊ ընկերություն և ինչպես նախորդ օրը պայմանագրի հետ կապված հիմնարար փաստաթղթերից տեղեկություններ ստանալու նպատակով հեռախոսազանգերով քննարկումներ է արել Խաչիկ Հայրապետյանի, Արմենուհի Վահանյանի հետ: Ավելացրել է նաև, որ ժամը 10:44-ին իր և Թադևոս Թադևոսյանի հեռախոսազրույցի ընթացքում վերջինս իրեն հայտնել է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մեկնել է ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարդենիկ՝ քեռու հոգեհանգստին, իսկ ժամը 15:19-ի հեռախոսազանգի ընթացքում էլ տեղեկացել է, որ հոգեհանգստին մասնակցելու նպատակով հիմնարկի աշխատակիցների մեծ մասը մեկնել են ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ.Վարդենիկ, իսկ մնացածներն ավելի վաղ են ավարտել աշխատանքը, որի հետևանքով էլ հիմնարկի դռները փակվել են, իսկ ինքը բանալի չունի: Անկախ հիմնարկը շուտ փակվելուց, ինքը շարունակել է ՀԷԿ-ում իրականացնել անհրաժեշտ գործողություններ մինչև 16:00, որից հետո վերադարձել է Երևան ատամնաբույժի մոտ:
Հայտնել է նաև, որ 17.01.2021 թվականից գտնվել է ամբուլատոր բուժման մեջ՝ տանելով ծանր խրոնիկական գրանուլացվող պերիոդոնտիտ, որի պատճառով տարել է վիրաբուժական միջամտություն՝ դրենաժի տեղադրմամբ, իսկ բուժումները շարունակվում են մինչև օրս: Այդ ընթացքում բացակայել է միայն վիրահատության հաջորդ օրը, փոխարինելով նախորդ երկու շաբաթներին շաբաթ և կիրակի օրերով: Բուժումները սկսելուց առաջ իրենց միջև տեղի է ունեցել բանավոր զրույց իր հերթական արձակուրդի վերաբերյալ, որն իրեն կտար լիարժեք բուժման հնարավորություն առանց աշխատանքից բացակայելու, բայց տնօրենը պատասխանել է, որ ինքն անհոգ լինի այդ հարցի վերաբերյալ և խիստ անհրաժեշության դեպքում ինքը կարող է այցելել բժշկին նաև աշխատանքային ժամերի ընթացքում: Վիրահատության բարդությունը թույլ է տվել իրեն հետագա բուժման օրերի համար ստանալ անաշխատունակության թերթիկ, որի մեջ է նաև 05.02.2021 թվականի ամբողջ օրը: 11.02.2021 թվականին <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն արձակել է թիվ 50 հրամանը՝ Սեդրակ Մարտիկյանին աշխատանքից ազատելու մասին: Սեդրակ Մարտիկյանն իր աշխատանքից ազատման հրամանը ստանալիս՝ 12.02.2021 թվականին կատարել է գրառում, որտեղ նշել է, որ իրեն աշխատանքից հեռացրել են առանց ծանուցման, այն որ իրեն հեռացրել են, մեկ օր առաջ տեղեկացել է հեռախոսազանգով Վլադիկից:
Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ, 123-րդ, 214-րդ, 223-րդ, 265-րդ հոդվածները` խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Աբրոյանի կողմից գլխավոր ճարտարագետ Սեդրակ Մարտիկյանին աշխատանքից ազատելու և 2017 թվականի մարտի 6-ին կնքված թիվ 4 պայմանագիրը լուծելու մասին 11.02.2021 թվականի թիվ 50 հրամանը և որպես հետևանք վերականգնելու նախկին աշխատանքում:
23.06.2021 թվականին հայցապահանջն ավելացնելու վերաբերյալ միջնորդությամբ հայցվորի ներկայացուցիչը խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Աբրոյանի կողմից գլխավոր ճարտարագետ Սեդրակ Մարտիկյանին աշխատանքից ազատելու և 2017 թվականի մարտի 6-ին կնքված թիվ 4 պայմանագիրը լուծելու մասին 11.02.2021 թվականի թիվ 50 հրամանը, որպես հետևանք վերականգնելու նախկին աշխատանքում (պաշտոնում) և պատասխանող <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությունից հօգուտ հայցվոր Սեդրակ Մարտիկյանի բռնագանձել միջին աշխատավարձ՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը կազմում է 264.285 ՀՀ դրամ՝ 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 5-ը, և բռնագանձումը շարունակել 09.03.2021 թվականից մինչև հայցվոր Սեդրակ Մարտիկյանի իր նախկին աշխատանքում վերականգնվելը՝ 370.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ամսվա համար:
29.10.2021 թվականին հրավիրված դատաքննությանը հայցվորի ներկայացուցիչը պնդել է պահանջը և խնդրել այն բավարարել, միաժամանակ խնդրել է հիմք ընդունել 23.06.2021 թվականին հայցապահանջն ավելացնելու վերաբերյալ միջնորդությամբ ներկայացված պահանջը։
Պատասխանողի դիրքորոշումը.
03.05.2021 թվականին պատասխանող <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Աբրոյանի կողմից դատարան է մուտքագրվել հայցադիմումի պատասխան, որով վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ, 123-րդ հոդվածները, հայտնել է, որ ներկայացված պահանջի դեմ առարկում է, քանի որ Սեդրակ Հոմբերտի Մարտիկյանն երկու օր անընդմեջ աշխատանքի չի ներկայացել, տեղյակ չի պահել չներկայանալու պատճառների մասին:
Իր՝ 10.02.2021 թվականի պահանջին, հայցվորի կողմից գրավոր բացատրություն ներկայացնելու, 04.02.2021 թվականին և 05.02.2021 թվականին աշխատանքի չներկայանալու պատճառների մասին, հայցվորը 11.02.2021 թվականին ներկայացրել է գրավոր զեկուցագիր, որով հայտնել է, որ 03.02.2021 թվականի երեկոյան տեղեկանալով այն մասին, որ մոտակա օրերի ընթացքում հիմնարկում սպասվում են ստուգումներ վերադասի կողմից, 04.02.2021 թվականին ուղևորվել է Գառնիի «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊ ընկերությանն պատկանող ՀԷԿ՝ վերջիններիս հետ ջրօգտագործման պայմանագրի կնքման շուրջ քննարկումների համար, դրա հետ կապված տևական ժամանակ առկա թյուրըմբռնումները վերացնելու նպատակով: Զեկուցագրում նշել է նաև, որ «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊ ընկերություն հասել է մոտավորապես մեկ ժամ անց, ժամը 10:00-ի սահմաններում, որտեղ տնօրինության հետ պայմանագրի շուրջ աշխատել է մինչև երեկո: Պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ իր համար անհասկանալի են պայմանագրի շուրջ առավոտից մինչև երեկո աշխատելու և այդպես էլ վերջնական համաձայնության չգալու պատճառները:
Զեկուցագրի մեկ այլ մասում հայցվորը նշել է, որ 10:44-ին հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացել է, որ ընկերության տնօրենը մեկնել է հոգեհանգստի արարողության, ինչի կապակցությամբ պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ ինքը գնացել է գյուղ Վարդենիկ 11:30-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում:
Հայտնել է նաև, որ 10.02.2021 թվականին Սեդրակ Մարտիկյանից և Արման Մինասյանից գրավոր պահանջել է գրավոր բացատրություն տալ ընկերությունում 03.02.2021 թվականին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որին ի պատասխան հայցվորը 12.02.2021 թվականին ներկայացրել է գրավոր զեկուցագիր և հայտնել, որ այդ վիճաբանության մասին տեղեկություն չունի, այդ օրը հիմնարկում տեղի է ունեցել միջոցառում և միգուցե եղել է բարձր խոսակցություն մասնակիցների միջև, բայց կարծում է, որ դա վիճաբանություն չէ:
Նշված զեկուցագրի հետ կապված պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ իր կողմից 10.02.2021 թվականին ներկայացված գրավոր պահանջում խնդրել է տալ գրավոր բացատրություն ոչ թե վիճաբանության, այլ միջադեպի մասին, քանի որ ինքն այդ ժամանակ գտնվել է Ջրային կոմիտեում:
Հայցվորի՝ ամբուլատոր բուժման մեջ գտնվելու և հերթական արձակուրդ տրամադրելու խոսակցության վերաբերյալ հայտնել է, որ իրենց միջև տեղի է ունեցել խոսակցություն, որտեղ հայցվորը խնդրել է արձակուրդ տրամադրել հետին ամսաթվով, որն ինքը մերժել է, սակայն ասել է, որ կարող է միայն վիրահատության օրը չներկայանալ աշխատանքի: Բացի այդ հայցվորը տեղյակ չի պահել, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, ինչպես նաև չի ներկայացրել բժշկական փաստաթուղթ կամ անաշխատունակության թերթիկ:
Պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ հայցվորի ասածները չեն համապատասխանում իրականությանը և 04.02.2021-05.02.2021 թվականներին «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊ ընկերությանն պատկանող ՀԷԿ գնալու հետ կապված իր կողմից Սեդրակ Մարտիկյանին նման բանավոր ցուցումներ չեն տրվել:
Վերոգրյալի հիմքով խնդրել է հայցվորի պահանջը՝ աշխատանքից ազատելու և 2017 թվականի մարտի 6-ին կնքված թիվ 4 պայմանագիրը լուծելու հրամանն անվավեր ճանաչելու և որպես հետևանք նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը, մերժել:
Վկա Հասմիկ Իվանի Խաչատրյանի ցուցմունքը.
Դատաքննության ընթացքում որպես վկա դատարան հրավիրված Հասմիկ Իվանի Խաչատրյանը (նույնականացման քարտի տվյալները՝ 005234562, տրված՝ 11.06.2014 թվականին, 019-ի կողմից) հայտնել է, որ ճանաչում է կողմերին, վերջիններս իր գործընկերներն են, իսկ 04.02.2021 և 05.02.2021 թվականներին գտնվել է աշխատավայրում: Հայտնել է, որ ինքը տեղյակ էր Սեդրակ Մարտիկյանի` նշված երկու օրերի ընթացքում <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության Գառնիի տեղամասում գտնվելու մասին, որտեղ նա իր աշխատանքային գործառույթներ էր իրականացրել, մասնավորապես զբաղվել է «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊ ընկերության հետ կապված խնդիրները լուծելով: Նշված երկու օրերի ընթացքում մի քանի անգամ Սեդրակ Մարտիկյանի հետ ունեցել է հեռախոսազրույց, որոնց միջոցով կատարել է Սեդրակ Մարտիկյանի հանձնարարությունները, մասնավորապես 04.02.2021 թվականին հայցվորն իրեն խնդրել է 2018 թվականի «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊ ընկերության հետ կապված թղթաբանությունից տեղեկություններ տրամադրել, իսկ 05.02.2021 թվականին հայցվորին հեռախոսով տրամադրել է տեղեկություն արդեն 2019 թվականի «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊ ընկերության հետ կապված գրությունների վերաբերյալ:
Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշված օրերին ներկայացել է միայն առավոտյան ժամերին, որից հետո բացակայել է վարչական շենքից: Տեղյակ է, որ 08.02.2021 թվականին հայցվորը տնօրենի պաշտոնակատարին տեղեկացրել է իր՝ 04.02.2021 և 05.02.2021 թվականների բացակայության և կատարած աշխատանքների մասին:
Վկա Ալբերտ Սարգսի Հարությունյանի ցուցմունքը.
Դատաքննության ընթացքում որպես վկա դատարան հրավիրված Ալբերտ Հարությունյանը (անձնագրային տվյալները՝ AR0449758, տրված՝ 08.09.2017 թվականին, 019-ի կողմից) հայտնել է, որ «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊ ընկերությունում աշխատում է որպես գլխավոր ճարտարագետ, ճանաչում է կողմերին, վերջիններիս հետ գտնվում է աշխատանքային փոխհարաբերությունների մեջ: 04.02.2021 և 05.02.2021 թվականներին Սեդրակ Մարտիկյանին հանդիպել է աշխատանքային քննարկումներ կատարելու նպատակով, իսկ այդ քննարկումները կրել են պարբերական բնույթ: Հայտնել է նաև, որ նախորդ տարվա վերջում տարին փակելու հետ կապված ընդհանուր եզրահանգման չէին եկել և ոչ մի հաշիվ-անդորրագիր չէին ստորագրել, այդ օրերին հանդիպել են նաև այդ նպատակով և իրականացրել քննարկումներ, որքանով որ հիշում է 05.02.2021 թվականին փորձել են բարձրանալ նաև 5-րդ ՀԷԿ՝ հաշվիչները տեսնելու նպատակով:
Հայտնել է նաև, որ Սեդրակ Մարտիկյանի համար կարևոր էր այդ հանդիպումները, քանի որ վերջինս ջրօգտագործման թույլտվություն պետք է ստանար: Հանդիպել են 04.02.2021 և 05.02.2021 թվականներին առավոտյան 10:00-10:30-ից մինչև մոտավորապես ժամը 15:00-16:00 ընկած ժամանակահատվածում: «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊ ընկերության հետ կապված բանակցություններն իրականացրել է գլխավոր ճարտարագետը:
Վկա Խաչատուր Թոռնիկի Հայրապետյանի ցուցմունքը.
Դատաքննության ընթացքում որպես վկա դատարան հրավիրված Խաչատուր Թոռնիկի Հայրապետյանը (նույնականացման քարտի տվյալները՝ 001663616, տրված՝ 27.04.2014 թվականին, 019-ի կողմից) հայտնել է, որ կողմերի հետ գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ, աշխատել է որպես Գառնիի տեղամասի պետ, ներկայումս չի աշխատում: 04.02.2021 թվականին առավոտյան մոտավորապես ժամը 10:00-ին, իսկ երեկոյան մոտավորապես 16:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, դրսում՝ հուշարձանի մոտ, գնալուց առաջ Սեդրակ Մարտիկյանին տեսել է Գառնիի ՀԷԿ-ում, իսկ 05.02.2021 թվականին երեկոյան, մոտավորապես 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում է տեսել Սեդրակ Մարտիկյանին:
Հայտնել է նաև, որ նախորդ օրը երեկոյան Սեդրակ Մարտիկյանը զանգահարել էր իրեն և տեղյակ պահել, որ առավոտյան գալու է ՀԷԿ, որտեղ հայցվորը ջրի հետ կապված խնդիրներ պետք է լուծեր, խնդիրը ջրի պայմանագիր կնքելն էր ու ջուր վերցնելը։
Պատճառաբանական մաս
Գործի փաստերը
1. <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության՝ ի դեմս տնօրեն Մ. Խ. Հովհաննիսյանի, ով գործել է կանոնադրության հիման վրա, որպես գործատու և քաղաքացի Սեդրակ Մարտիկյանի միջև 06.03.2017 թվականին կնքված թիվ 4 աշխատանքային պայմանագրի համաձայն` Սեդրակ Մարտիկյանն ընդունվել է աշխատանքի <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությունում` որպես ջրօգտագործման և հաշվառման բաժնի պետ: Աշխատավարձը սահմանվել է 220.000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկային պարտավորությունները:
2. 06.08.2018 թվականին կնքված աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 1 համաձայնագրի համաձայն՝ պայմանագրի 1.1 կետը փոփոխվել է, որով Սեդրակ Մարտիկյանը նշանակվել է ընկերության գլխավոր ճարտարագետի պաշտոնում: Պայմանագրի 7 կետը փոփոխվել է, և գործատուն պարտավորվել է աշխատողին վճարել աշխատավարձ՝ 420.000 ՀՀ դրամ:
3. 18.04.2019 թվականին կնքված աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 1 համաձայնագրի համաձայն՝ 2019 թվականի ապրիլի 18-ից պայմանագրի 7 կետը փոփոխվել է և գործատուն պարտավորվել է աշխատողին վճարել աշխատավարձ՝ 370.000 ՀՀ դրամ:
4. 12.03.2020 թվականին հաստատված <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության գլխավոր ճարտարագետի պաշտոնական հրահանգի 1-ին կետի համաձայն՝ գլխավոր ճարտարագետը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանագրային կարգով աշխատանքի է ընդունվում և աշխատանքից ազատվում ընկերության գործադիր տնօրենի կողմից: Գլխավոր ճարտարագետն անմիջականորեն ենթարկվում է գործադիր տնօրենին, կատարում նրա հանձնարարությունները:
5. <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության գլխավոր ճարտարագետի պաշտոնական հրահանգի 2-րդ կետի համաձայն՝ գլխավոր ճարտարագետը կազմում է ընկերության սպասարկման տարածքի ջրօգտագործման պլան-ժամանակացույցը և իրականացնում է ջրամատակարար կազմակերպությունից ընկերության սպասարկման տարածքի համար անհրաժեշտ ոռոգման ջրի ստացման ամենօրյա աշխատանքները:
6. <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Աբրոյանի՝ Սեդրակ Մարտիկյանին աշխատանքի չներկայանալու պատճառների մասին բացատրություն տալու վերաբերյալ 10.02.2021 թվականի գրության համաձայն՝ վերջինս խնդրել է տալ գրավոր բացատրություն 04.02.2021 և 05.02.2021 թվականներին ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, առանց տեղյակ պահելու աշխատանքի չներկայանալու վերաբերյալ: Բացատրություն տալու համար տրվել է մեկ օր ժամանակ:
7. Սեդրակ Մարտիկյանի 11.02.2021 թվականի զեկուցագրի համաձայն՝ վերջինս հայտնել է, որ 04.02.2021 և 05.02.2021 թվականներին գտնվել է Գառնի «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊ ընկերությանը պատկանող ՀԷԿ-ում՝ վերջիններիս հետ ջրօգտագործման պայմանագրի կնքման շուրջ քննարկումների, դրա հետ կապված տևական ժամանակ առկա թյուրըմբռնումները վերացնելու նպատակով: Նշել է այն հանգամանքը, որ նախնական պայմանավորվածությունը ՀԷԿ-ի Գեղարդ համայնքի բնակիչների և <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության միջև ոռոգման սեզոնի սկզբին ձեռք է բերվել դեռ նախորդ տնօրենի նախաձեռնությամբ, և որը մնացել էր անավարտ: Պայմանագրի հետ կապված հարցերի քննարկման, դրա վերաբերյալ ճշգրտումներ կատարելու նպատակով 04.02.2021 թվականին հեռախոսազրույցներ է ունեցել հիմնարկի աշխատակիցներ Թադևոս Թադևոսյանի, Արմենուհի Վահանյանի, Խաչիկ Հայրապետյանի, Հասմիկ Խաչատրյանի հետ: Աշխատանքները Գառնի ՀԷԿ-ում աշխատանքային օրվա հետ կապված ՀԷԿ-ի տնօրինության խնդրանքով դադարեցվել են և շարունակվել հաջորդ օրը՝ 05.02.2021 թվականին: 05.02.2021 թվականին հեռախոսազանգերով քննարկումներ է ունեցել Խաչիկ Հայրապետյանի, Արմենուհի Վահանյանի հետ: Նշել է նաև, որ 17.01.2021 թվականից գտնվում է ամբուլատոր բուժման մեջ՝ տանելով ծանր խրոնիկական գրանուլացվող պերիոդոնտիտ, որի պատճառով կատարվել է վիրաբուժական միջամտություն՝ դրենաժի տեղադրմամբ, իսկ բուժումները շարունակվում են մինչև օրս: Այդ ընթացքում բացակայել է միայն վիրահատության հաջորդ օրը, փոխարինելով նախորդ երկու շաբաթներին շաբաթ և կիրակի օրերով:
8. <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Աբրոյանի՝ Սեդրակ Մարտիկյանին և Արման Մինասյանին գրավոր բացատրություն տալու վերաբերյալ 10.02.2021 թվականի գրության համաձայն՝ խնդրել է տալ գրավոր բացատրություն 03.02.2021 թվականին ընկերության վարչական շենքում իրենց միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Բացատրություն տալու համար տրվել է երկու օր ժամանակ:
9. Սեդրակ Մարտիկյանի 12.02.2021 թվականի զեկուցագրի համաձայն՝ վերջինս հայտնել է, որ 03.02.2021 թվականին հիմնարկում տեղի ունեցած վիճաբանության մասին տեղեկություններ չունի, այդ օրը հիմնարկում տեղի է ունեցել միջոցառում, միգուցե նաև եղած լինի բարձր խոսակցություն մասնակիցների միջև, բայց կարծում է, որ դա վիճաբանություն անվանելը գերչափազանցված է:
10. <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ.Աբրոյանի՝ 11.02.2021 թվականի թիվ 50 հրամանի համաձայն՝ ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 123-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սեդրակ Մարտիկյանի բացատրագիրը՝ 2021 թվականի փետրվարի 12-ից <<Կոտայք>> ՋՕԸ-ի գլխավոր ճարտարագետ Սեդրակ Մարտիկյանին ազատել զբաղեցրած պաշտոնից և լուծել 2017 թվականի մարտի 6-ին կնքված թիվ 4 աշխատանքային պայմանագիրը: (հրամանի վրա առկա է գրառում, համաձայն որի` 12.02.2021 թվականին ազատման մասին հրամանը ստացել է առանց պատշաճ ծանուցման):
11. 12.02.2021 թվականի Ս.Մարտիկյանի դիմումի համաձայն՝ ստանալով 12.02.2021 թվականի աշխատանքից ազատվելու հրամանի օրինակը, Ս. Մարտիկյանը խնդրել է իրեն տրամադրել տվյալ որոշման հիմքերը:
12. «Կոտայք» ՋՕ ընկերության կադրերի տեսուչ Գ.Գիլոյանի՝ աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կազմված տեղեկագրի համաձայն՝ գլխավոր ճարտարագետ Սեդրակ Մարտիկյանի դրույքը կազմում է 370.000 ՀՀ դրամ:
13. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Նաիրիի տարածքային բաժնի կողմից 12.03.2004 թվականին գրանցված և 13.12.2016 թվականին <<Եղվարդ>>, <<Ջրվեժ-Ձորաղբյուր>>, <<Նաիրի>>, <<Հրազդան-Ջուր>>, <<Գառնի-Գեղարդ>> ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչների համատեղ ժողովի որոշմամբ հաստատված «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության (նոր խմբագրություն) կանոնադրության <<Ընդհանուր դրույթներ>> վերտառությամբ գլխի 1.1 կետի համաձայն՝ (…) Ընկերությունը հանդիսանում է «Ջրվեժ-Ձորաղբյուր», «Նաիրի», «Հրազդան-Ջուր», Գառնի-Գեղարդ» ջրօգտագործողների ընկերությունների իրավահաջորդը՝ փոխանցման ակտերին համապատասխան:
14. Ընկերության սպասարկման տարածքն իր մեջ ընդգրկում է (...). 5. Գեղարդի ջրամբարի, Գառնու մայր ջրանցքի, Գեղադիր և Հացավան պոմպակայանների իշխման տակ գտնվող Գառնի, Գեղարդ, Գողթ, Հացավան և Գեղադիր համայնքների հողատարածքները:
15. Կանոնադրության <<Ընկերության խնդիրները և գործառույթները>> վերտառությամբ գլխի 2.1 կետի «դ» ենթակետի համաձայն՝ ընկերության հիմնական խնդիրներն են` ջրամատակարարից ոռոգման ջուր ձեռք բերելը կամ ջրառը՝ համապատասխան թույլտվության առկայության դեպքում (...), իսկ 2.2 կետի համաձայն` ընկերությունն իր խնդիրներն իրականացնելու համար կատարում է հետևյալ գործառույթները.
ա. ուսումնասիրում է Ընկերության սպասարկման տարածքում գտնվող բոլոր ջրօգտագործողների ոռոգման ջրի պահանջը, նրանց ոռոգման ջրով ապահովելու հնարավորությունները, կազմում է ոռոգման ջրի օգտագործման տարեկան պլան–ժամանակացույց և իրականացնում այն (...),
է. կնքում է ոռոգման ջրի մատակարարման պայմանագրեր ջրամատակարարի հետ, որի հիման վրա կազմակերպում է ջրբաշխում (ջրամատակարարում) ընկերության սպասարկման տարածքի ջրօգտագործողներին:
Վերլուծություն.
Դատարանը, լսելով հայցվորին, վերջինիս ներկայացուցչին, պատասխանողի ներկայացուցիչներին, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ հայցն ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի համաձայն`
1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
2. Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից հետևյալ ապացույցները պահանջելու մասին.
1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,
2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,
3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:
3. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն`
1. Վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:
2. Պատասխանողը վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Վերոնշյալ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը հատուկ հայցային նշված վարույթի շրջանակներում հատուկ կանոններ է սահմանում ինչպես դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ ապացույց պահանջելու, այնպես էլ նշված որոշումը կատարելու ժամկետների հետ կապված: Ընդ որում, նշված կանոնակարգումների տրամաբանության վրա են կառուցված ինչպես ապացուցման պարտականությունը բաշխելու, այնպես էլ ապացույցներ ներկայացնելու ժամկետների հատուկ կանոնակարգումները: Նշված կանոնակարգումներն ուղղված են անհատական աշխատանքային վեճերով գործի քննության առանձնահատկությունների ապահովմանը:
Վերոնշյալի համատեքստում դատարանն արձանագրում է, որ առանձին աշխատանքային վեճերի հատուկ վարույթի շրջանակներում գործի քննության ժամանակ սահմանված դատավարական առանձնահատկությունները հանգում են հետևյալին.
1. գործի ի պաշտոնե քննության առանձնահատուկ դրսևորման շրջանակներում դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ կայացնում է օրենքով նախատեսված ապացույցները պահանջելու մասին որոշում,
2. նշված որոշումը ենթակա է կատարման պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում,
3. նշված ժամկետից հետո ապացույցներ ներկայացվել որպես կանոն չեն կարող, ներկայացված ապացույցները համարվում են օրենքով նախատեսված կարգի խախտմամբ ներկայացված ապացույցներ, եթե պատասխանողը չի հիմնավորում ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով,
4. վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:
5. վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերն ապացուցելու պարտականությունը պատասխանողը պետք է կրի օրենքով նախատեսված ընթացակարգի պահպանմամբ, այսինքն` դատարանի` ապացույց պահանջելու մասին որոշումն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:
Վերոնշյալ վերլուծությունների հիման վրա դատարանը եզրակացնում է, որ վերը թվարկված ընթացակարգի պահպանմամբ պատասխանողի կողմից ապացուցման պարտականությունը կրելու գործընթացի ապահովման դեպքում միայն դատարանը կարող է քննարկման առարկա դարձնել պատասխանողի` վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերի հիմնավորվածությունը և դրա հիմքում դրված ապացույցների թույլատրելիությունը, վերաբերելիությունը, արժանահավատությունը և բավարարությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի համաձայն`
1. Վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված՝ անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջների խախտումն ինքնին հիմք չէ այդ ակտն անվավեր ճանաչելու համար:
2. Դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝
1) դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը.
2) պատասխանողի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը։
3. Այն դեպքերում, երբ վիճարկվող անհատական իրավական ակտն ընդունվել է մեկից ավելի փաստական հիմքերով, ապա դրանցից առնվազն մեկի առկայությունը հաստատվելը բավարար է վիճարկվող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար:
Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ առանձին աշխատանքային վեճերով գործերի քննության առանձնահատկություններից է նաև այն, որ օրենսդիրը սահմանում է որոշակի չափանիշներ, որոնք ինքնին հիմք են վիճարկվող անհատական ակտն անվավեր ճանաչելու համար: Ընդ որում, նշված հանգամանքներին դատարանն անդրադառնում է անկախ այդ հանգամանքը գործին մասնակցող անձանց կողմից վկայակոչված լինելուց, եթե գործում առկա հանգամանքները հիմք են նշված հարցերը քննարկելու համար:
Այդպիսի հանգամանքներից է աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական կամ իրավական հիմքը նշված չլինելը:
<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում`
1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ
2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդրական տեխնիկայի կանոնների տեսանկյունից օրենսդիրը «կամ» շաղկապի օգտագործմամբ պայմանավորել է նորմի կիրառման հանգամանքը: Այդ առումով «կամ» շաղկապի կիրառումը բավարար է դարձնում նորմում թվարկված բոլոր պայմաններից միայն մեկի առկայությունը նորմում նշված դիսպոզիցիայի կամ սանկցիայի կիրառման համար:
Վերոնշյալ օրենսդրական տեխնիկայի կանոնների հիման վրա մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը` դատարանն արձանագրում է, որ նշված նորմի կիրառման, այսինքն` վիճարկվող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու համար բավարար է ներքոնշյալ երկու պայմաններից միայն մեկի առկայությունը`
1. աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքը նշված չլինելը,
2. աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավական հիմքը նշված չլինելը:
Հետևաբար, այն դեպքերում, երբ վիճարկվող անհատական իրավական ակտում նշված չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքը, նշվածն արդեն իսկ բավարար պայման է վիճարկվող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու համար, քանի որ օրենսդիրն օգտագործում է «կամ» շաղկապը:
Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածում սահմանել է իմպերատիվ պահանջ` անվավեր ճանաչելու վիճարկվող անհատական ակտը դրանում աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքի բացակայության դեպքում:
Դատարանն արձանագրում է, որ փաստական հիմքն այն իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Ընդ որում, օրենսդիրը հստակ ամրագրել է, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար հիմք հանդիսացող փաստական հանգամանքները (անհատական իրավական ակտի փաստական հիմքը) պետք է արտացոլված լինեն վիճարկվող անհատական իրավական ակտում և անկախ այն հանգամանքից, թե կողմը փաստարկում է նորմով նախատեսված խախտումների մասին, թե ոչ, անկախ այն հանգամանքից, թե պատասխանող կողմն իր դիրքորոշումներով հետագայում պարզաբանում է հրամանի փաստական հիմքը, թե ոչ, դատարանը պարտավոր է հրամանն անվավեր ճանաչել, եթե աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքը հրամանում նշված չէ:
Միաժամանակ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող անհատական իրավական ակտում փաստական հիմքը նշված չլինելու օրենսդրական պահանջը և դրա կողմից դատարանի տված մեկնաբանությունը չի կարող ինքնանպատակ լինել: Նշված կանոնակարգումը կառուցված է անհատական աշխատանքային վեճերով հատուկ հայցային վարույթի ընդհանուր տրամաբանության վրա և ուղղված է նրան, որ անհատական իրավական ակտը վիճարկելու դեպքում հնարավոր լինի տվյալ ակտից ողջամտորեն դուրս բերել այն փաստական հիմքը, որի հիման վրա ընդունվել է տվյալ ակտը: Եթե նշված գործողությունները կատարել հնարավոր է, ուրեմն անհատական իրավական ակտը պարունակում է փաստական հիմքեր:
Սույն գործում առկա ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ.Աբրոյանի՝ 11.02.2021 թվականի թիվ 50 հրամանի համաձայն՝ ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 123-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սեդրակ Մարտիկյանի բացատրագիրը՝ 2021 թվականի փետրվարի 12-ից <<Կոտայք>> ՋՕԸ-ի գլխավոր ճարտարագետ Սեդրակ Մարտիկյանին ազատել զբաղեցրած պաշտոնից և լուծել 2017 թվականի մարտի 6-ին կնքված թիվ 4 աշխատանքային պայմանագիրը։
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, արձանագրում է, որ հայցվորին աշխատանքից ազատելու մասին և աշխատանքային պայմանագիր լուծելու մասին 11.02.2021 թվականի թիվ 50 հրամանը չի համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այն է՝ դրանում առկա չէ հայցվորին աշխատանքից ազատելու փաստական հիմքի մասին նշում, ինչն անվերապահորեն նշված հրամանն անվավեր ճանաչելու հիմք է՝ անկախ աշխատանքային հարաբերությունների դադարման գործընթացքում այլ խախտումների առկայությունից կամ բացակայությունից:
Դատարանն արձանագրում է, որ բացի իրավական հիմքերի վկայակոչումից, հրամանում նշվել է նաև Սեդրակ Մարտիկյանի բացատրագիրը, մինչդեռ պարզ չէ, թե ինչ դեպքի կապակցությամբ տրված բացատրագրի մասին է վկայակոչված հրամանում։ Այսինքն, հրամանում բացատրագրի վկայակոչման փաստն անգամ քննարկելով վերոգրյալ վերլուծությունների համատեսքում` Դատարանը գտնում է, որ դրանից նույնպես հնարավոր չէ եզրահանգում կատարել հրամանի հիմքում դրված փաստական հիմքի վերաբերյալ:
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում խնդրո առարկա հրամանը չի բովանդակում փաստական հիմք, այլ դրանում նշվել են միայն իրավական հիմքերը, հետևաբար՝ դրանցից որևէ մեկի բացակայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով հրամանն անվավեր ճանաչելու անվերապահ հիմք է:
Նշվածն արդեն իսկ բավարար է հայցը բավարարելու և հրամանն անվավեր ճանաչելու համար, այդուհանդերձ, գործի քննության լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության ապահովման նկատառումից ելնելով՝ Դատարանը ստորև հարկ է համարում անդրադառնալ նաև կողմերի վկայակոչած այլ իրավական և փաստական հանգամանքներին:
Սույն գործի փաստերի համաձայն` 06.03.2017 թվականին <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության՝ ի դեմս տնօրեն Մ. Հովհաննիսյանի, ով գործել է կանոնադրության հիման վրա, որպես գործատու և քաղաքացի Սեդրակ Մարտիկյանի միջև կնքվել է թիվ 4 աշխատանքային պայմանագիրը, որով Սեդրակ Մարտիկյանն ընդունվել է աշխատանքի <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությունում` որպես ջրօգտագործման և հաշվառման բաժնի պետ: Աշխատավարձը սահմանվել է 220.000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկային պարտավորությունները: 06.08.2018 թվականին կնքված աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 1 համաձայնագրի համաձայն՝ պայմանագրի 1.1 կետը փոփոխել է և Սեդրակ Մարտիկյանը նշանակվել է ընկերության գլխավոր ճարտարագետ, աշխատավարձ է սահմանվել 420.000 ՀՀ դրամ: 18.04.2019 թվականին կնքված աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 1 համաձայնագրի համաձայն՝ 2019 թվականի ապրիլի 18-ից պայմանագրի 7 կետը փոփոխվել է և գործատուն պարտավորվել է աշխատողին վճարել աշխատավարձ՝ 370.000 ՀՀ դրամ: <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Աբրոյանի՝ Սեդրակ Մարտիկյանին աշխատանքի չներկայանալու պատճառների մասին բացատրություն տալու վերաբերյալ 10.02.2021 թվականի գրության համաձայն՝ վերջինս խնդրել է տալ գրավոր բացատրություն 04.02.2021 և 05.02.2021 թվականներին ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, առանց տեղյակ պահելու աշխատանքի չներկայանալու վերաբերյալ: Բացատրություն տալու համար տրվել է մեկ օր ժամանակ: Սեդրակ Մարտիկյանի 11.02.2021 թվականի զեկուցագրի համաձայն՝ վերջինս հայտնել է, որ 04.02.2021 և 05.02.2021 թվականներին գտնվել է Գառնի «ՀՈՎ-ԽԱՉ» ՍՊ ընկերությանը պատկանող ՀԷԿ-ում՝ վերջիններիս հետ ջրօգտագործման պայմանագրի կնքման շուրջ քննարկումների, դրա հետ կապված տևական ժամանակ առկա թյուրըմբռնումները վերացնելու նպատակով: Նշել է այն հանգամանքը, որ նախնական պայմանավորվածությունը ՀԷԿ-ի Գեղարդ համայնքի բնակիչների և <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության միջև ոռոգման սեզոնի սկզբին ձեռք է բերվել դեռ նախորդ տնօրենի նախաձեռնությամբ և որը մնացել էր անավարտ: Պայմանագրի հետ կապված հարցերի քննարկման, դրա վերաբերյալ ճշգրտումներ կատարելու նպատակով 04.02.2021 թվականին հեռախոսազրույցներ է ունեցել հիմնարկի աշխատակիցներ Թադևոս Թադևոսյանի, Արմենուհի Վահանյանի, Խաչիկ Հայրապետյանի, Հասմիկ Խաչատրյանի հետ: Աշխատանքները Գառնի ՀԷԿ-ում աշխատանքային օրվա հետ կապված ՀԷԿ-ի տնօրինության խնդրանքով դադարեցվել են և շարունակվել հաջորդ օրը՝ 05.02.2021 թվականին: 05.02.2021 թվականին հեռախոսազանգերով քննարկումներ է ունեցել Խաչիկ Հայրապետյանի, Արմենուհի Վահանյանի հետ: Նշել է նաև, որ 17.01.2021 թվականից գտնվում է ամբուլատոր բուժման մեջ՝ տանելով ծանր խրոնիկական գրանուլացվող պերիոդոնտիտ, որի պատճառով կատարվել է վիրաբուժական միջամտություն՝ դրենաժի տեղադրմամբ, իսկ բուժումները շարունակվում են մինչև օրս: Այդ ընթացքում բացակայել է միայն վիրահատության հաջորդ օրը, փոխարինելով նախորդ երկու շաբաթներին շաբաթ և կիրակի օրերով: <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ.Աբրոյանի՝ 11.02.2021 թվականի թիվ 50 հրամանի համաձայն՝ ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 123-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սեդրակ Մարտիկյանի բացատրագիրը՝ 2021 թվականի փետրվարի 12-ից <<Կոտայք>> ՋՕԸ-ի գլխավոր ճարտարագետ Սեդրակ Մարտիկյանին ազատել զբաղեցրած պաշտոնից և լուծել 2017 թվականի մարտի 6-ին կնքված թիվ 4 աշխատանքային պայմանագիրը: (հրամանի վրա առկա է գրառում, համաձայն որի` 12.02.2021 թվականին ազատման մասին հրամանը ստացել է առանց պատշաճ ծանուցման):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 216-րդ հոդվածի համաձայն` աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները, պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները, բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը, գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային կարգապահությունն աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմակերպության ներքին կարգապահական կանոնները (գործատուի ներքին իրավական ակտը) կանոնակարգում են աշխատողների` աշխատանքի ընդունման և ազատման կարգը, աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը, աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցները, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն,
2) խիստ նկատողություն,
3) նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվեն խախտման ծանրությունը և դրա հետևանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները և աշխատողի` նախկինում կատարած աշխատանքը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:
Վերոգրյալ նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ երբ աշխատողը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտավորությունները, այդ թվում՝ չի պահպանում աշխատանքային կարգապահությունը, գործատուն կարող է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգապահական տույժերից որևէ մեկը՝ հաշվի առնելով նույն օրենսգրքի 224-րդ հոդվածով սահմանված՝ աշխատողի կողմից թույլ տրված խախտման ծանրությունը և դրա հետևանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները և աշխատողի` նախկինում կատարած աշխատանքը: Այսինքն, չնայած այն հանգամանքին, որ աշխատողի կողմից աշխատանքային կարգապահությունը խախտելու դեպքում գործատուն ինքն է որոշում կիրառման ենթակա կարգապահական տույժի տեսակը, այնուամենայնիվ, այն չի կարող կրել կամայական բնույթ, և յուրաքանչյուր դեպքում գործատուի կողմից ընտրված կարգապահական տույժի տեսակը պետք է համաչափ լինի աշխատողի կողմից կատարված խախտման ծանրությանը, որի ապահովմանն էլ ուղղված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածով սահմանված՝ մինչև կարգապահական տույժի կիրառումն աշխատողից խախտման մասին պարտադիր գրավոր բացատրություն պահանջելու գործատուի պարտականությունը։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է գործատուի կողմից աշխատանքային կարգապահության խախտման մասին աշխատողից գրավոր բացատրություն պահանջելու ժամանակի հարցին` դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ գործատուն աշխատանքային կարգապահության խախտման մասին գրավոր բացատրությունը պետք է աշխատողից պահանջի մինչև կարգապահական տույժի կիրառումը` սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ (տե՛ս Մանյա Գալուստյանն ընդդեմ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի թիվ 3-357(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի որոշումը):
Դատարանը սույն գործով աշխատանքից ազատելու հրամանի իրավաչափությունը գնահատելու համար հարկ է համարում անդրադառնալ անհարգելի պատճառով երկու աշխատանքային օրերի ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավունքի իրականացման իրավական սահմաններին:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է, որ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով գործատուի կողմից վերջինիս նկատմամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու տեսքով կարգապահական տույժ կիրառելու դեպքում գործատուի կողմից պետք է հիմնավորվի մեկ ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի կողմից աշխատանքից բացակայելու հարգելի պատճառների բացակայությունը: Ընդ որում, աշխատողի՝ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքից անհարգելի բացակայությունն անհրաժեշտ և բավարար է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու համար:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանել է ինչպես անորոշ, այնպես էլ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու հիմքը, որի համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես`
1. պայմանագիրը պետք է կնքված լինի անորոշ կամ որոշակի ժամկետով.
2. պայմանագրի լուծումը պետք է պայմանավորված լինի աշխատողի կողմից մեկ ամբողջ աշխատանքային օր (հերթափոխ) աշխատանքի չներկայանալու հանգամանքով.
3. աշխատողի կողմից մեկ ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատանքի չներկայանալը պետք է լինի անհարգելի պատճառով (տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի ՇԴ/2860/02/18 գործով 2020 թվականի հուլիսի 10-ի որոշումը)։
Դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ օրենսդիրը աշխատանքային օրենսդրության նորմերը սահմանել է գործատուի և աշխատողի իրավունքների և պարտականությունների հավասարակշռման սկզբունքով: Նման սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ չի կարող աշխատողը ունենալ բացարձակ իրավունքներ, և չի կարող գործատուն ունենալ բացարձակ լիազորություններ: Գործատուի համար սահմանելով աշխատողի՝ անհարգելի բացակայության համար մեկ աշխատանքային օր աշխատանքից բացակայելու դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելու հայեցողական լիազորություն, օրենսդիրը նպատակ է հետապնդել թողնել գործատուի հայեցողությանը՝ նման դեպքերում լուծել աշխատանքային պայմանագիրը, թե ոչ:
Միևնույն ժամանակ, Դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում ոչ թե աշխատողի` աշխատանքի չներկայանալն ընդհանրապես, այլ աշխատանքի չներկայանալն անհարգելի պատճառով, հետևաբար, այդ հիմքով պայմանագիրը լուծելիս, անհրաժեշտ է գնահատել աշխատանքի չներկայանալու պատճառները, ընդ որում, այդպիսիք գնահատելու իրավասությամբ օժտված գործատուներն աշխատանքի չներկայանալու պատճառները պետք է գնահատեն ոչ թե կամայականորեն` սուբյեկտիվ չափանիշներով, այլ ողջամտորեն օբյեկտիվ չափանիշներով և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով ու այլ նորմերով սահմանված սկզբունքների պահպանմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հետազոտում և գնահատում է միայն այն ապացույցները, որոնք, հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի պահանջը, կարող են հաստատել կամ ժխտել գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
Դատարանը հարկ է համարում անդրադառնալ 06.03.2017 թվականին կնքված թիվ 4 աշխատանքային պայմանագրով սահմանված Սեդրակ Մարտիկյանի իրավունքներին և պարտականություններին, մասնավորապես աշխատանքային պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ աշխատողն անմիջականորեն ենթարկվում և հաշվետու է տնօրենին: Նույն պայմանագրի 4.1 կետի համաձայն՝ աշխատողը պարտավորվում է բարեխճորեն, արդյունավետ, պահանջված որակով և ժամանակին կատարել ստանձնած գործառույթները, պարտականությունները (աշխատանքը, ծառայությունը): Պայմանագրի 4.2 կետի համաձայն՝ աշխատողը պարտավորվում է պահպանել գործատուի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, անվտանգության համապատասխան պահանջները: Պայմանագրի 4.7 կետի համաձայն՝ աշխատողը պարտավորվում է ծանոթանալ և ենթարկվել գործատուի կարգապահական ներքին կանոնակարգին և պաշտոնական հրահանգներին: Պայմանագրի 5.1 կետի համաձայն՝ գործատուն պարտավորվում է աշխատողին ապահովել սույն պայմանագրով որոշված աշխատանքով, կազմակերպել նրա աշխատանքը, ժամանակին տալ առաջադրանքներ, ապահովել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 23 գլխով նախատեսված աշխատանքի նորմալ և աշխատողների անվտանգության ու առողջության համապատասխան պայմաններ: Պայմանագրի 6.2 կետի համաձայն` աշխատողի աշխատաժամերն են 09:00-ից մինչև 18:00-ն:
Հայցվոր Սեդրակ Մարտիկյանի գործառույթները սահմանված են նաև 12.03.2020 թվականին հաստատված <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության գլխավոր ճարտարագետի պաշտոնական հրահանգով, որի 1-ին կետի համաձայն՝ գլխավոր ճարտարագետը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանագրային կարգով աշխատանքի է ընդունվում և աշխատանքից ազատվում ընկերության գործադիր տնօրենի կողմից: Գլխավոր ճարտարագետն անմիջականորեն ենթարկվում է գործադիր տնօրենին, կատարում նրա հանձնարարությունները: Նույն հրահանգի 2-րդ կետի համաձայն՝ գլխավոր ճարտարագետը կազմում է ընկերության սպասարկման տարածքի ջրօգտագործման պլան-ժամանակացույցը և իրականացնում է ջրամատակարար կազմակերպությունից ընկերության սպասարկման տարածքի համար անհրաժեշտ ոռոգման ջրի ստացման ամենօրյա աշխատանքները:
«Կոտայք» ջրօգտագործողների ընկերության (նոր խմբագրություն) կանոնադրության 1.1 կետի համաձայն՝ Ընկերությունը հանդիսանում է «Ջրվեժ-Ձորաղբյուր», «Նաիրի», «Հրազդան-Ջուր», «Գառնի-Գեղարդ» ջրօգտագործողների ընկերությունների իրավահաջորդը՝ փոխանցման ակտերին համապատասխան: Ընկերության սպասարկման տարածքն իր մեջ ընդգրկում է Գեղարդի ջրամբարի, Գառնու մայր ջրանցքի, Գեղադիր և Հացավան պոմպակայանների իշխման տակ գտնվող Գառնի, Գեղարդ, Գողթ, Հացավան և Գեղադիր համայնքների հողատարածքները: Կանոնադրության 2.1 կետի «դ» ենթակետի համաձայն՝ Ընկերության հիմնական խնդիրներն են` ջրամատակարարից ոռոգման ջուր ձեռք բերելը կամ ջրառը՝ համապատասխան թույլտվության առկայության դեպքում, իսկ 2.2 կետի համաձայն` Ընկերությունն իր խնդիրներն իրականացնելու համար կատարում է հետևյալ գործառույթները. ուսումնասիրում է Ընկերության սպասարկման տարածքում գտնվող բոլոր ջրօգտագործողների ոռոգման ջրի պահանջը, նրանց ոռոգման ջրով ապահովելու հնարավորությունները, կազմում է ոռոգման ջրի օգտագործման տարեկան պլան–ժամանակացույց և իրականացնում այն, կնքում է ոռոգման ջրի մատակարարման պայմանագրեր ջրամատակարարի հետ, որի հիման վրա կազմակերպում է ջրբաշխում (ջրամատակարարում) ընկերության սպասարկման տարածքի ջրօգտագործողներին:
Հայցվորը հայցի հիմքում դրել է այն հանգամանքը, որ ինքը 04.02.2021 և 05.02.2021 թվականներին չի բացակայել աշխատանքից, այլ եղել է Ընկերության սպասարկման տարածքում և իրականացրել է գլխավոր ճարտարագետի՝ իր գործառույթները:
Դատարանը հայցվորի աշխատանքային պայմանագրի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ վերոնշյալ պայմանագրում բացակայում է որևէ կետ հայցվորի աշխատանքի ներկայանալու վայրի նշման վերաբերյալ, իսկ գլխավոր ճարտարագետի պաշտոնական հրահանգի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ գլխավոր ճարտարագետը կազմում է ընկերության սպասարկման տարածքի ջրօգտագործման պլան-ժամանակացույցը և իրականացնում է ջրամատակարար կազմակերպությունից ընկերության սպասարկման տարածքի համար անհրաժեշտ ոռոգման ջրի ստացման ամենօրյա աշխատանքները:
Դատարանը գլխավոր ճարտարագետի պաշտոնական հրահանգի 2-րդ կետի բովանդակությունից ելնելով` արձանագրում է, որ գլխավոր ճարտարագետի գործառույթն է հանդիսանում ջրամատակարար կազմակերպությունից ընկերության սպասարկման տարածքի համար անհրաժեշտ ոռոգման ջրի ստացման աշխատանքների իրականացումը, ընդ որում, այդ աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ, և հնարավոր են դեպքեր, որ գլխավոր ճարտարագետի կողմից նշված գործառույթների իրականացման կապակցությամբ աշխատանքներ կատարվեն նաև ընկերության սպասարկման տարածքներում: Ընդ որում, կողմերը դատաքննության ժամանակ հայտնել են, որ Ընկերության Գառնիի սպասարկման տարածքում ներքին պայմանավորվածության համաձայն աշխատանքները մշտապես կազմակերպվել և համակարգվել է գլխավոր ճարտարագետ Սեդրակ Մարտիկյանի կողմից:
Հաշվի առնելով, որ հայցվորի հետ կնքված աշխատանքային պայմանագրում առկա չէ որևէ դրույթ վերջինիս աշխատանքի ներկայանալու վայրը ընկերության կոնկրետ վարչական շենքի տարածքը հանդիսանալու վերաբերյալ, հաշվի առնելով նաև այն, որ Ընկերությունը չունի հաստատված ներքին կարգապահական կանոններ (ըստ պատասխանողի ներկայացուցչի հայտարարության), որոնցով կկանոնակարգվեր աշխատողների` աշխատանքի ընդունման և ազատման կարգը, աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը, աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցները, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր, այդ թվում նաև աշխատողի՝ իր գործառույթների իրականացմամբ պայմանավորված ընկերության սպասարկման տարածք կատարվող այցերին վերաբերող, ուստի Դատարանը գտնում է, որ վերոնշյալ հարցերը կանոնակարգված չլինելու բացասական հետևանքները կրում է վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերն ապացուցելու պարտականություն ունեցող կողմը, տվյալ դեպքում գործատուն։
Դատարանը, հիմք ընդունելով նաև վկաներ Ալբերտ Հարությունյանի, Խաչատուր Հայրապետյանի և Հասմիկ Խաչատրյանի ցուցմունքները, հաստատված է համարում, որ հայցվորը 04.02.2021 և 05.02.2021 թվականներին գտնվել է ընկերության սպասարկման տարածքում և իրականացրել է <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության 12.03.2020 թվականին հաստատված գլխավոր ճարտարագետի պաշտոնական հրահանգով սահմանված գործառույթները, ինչը դատարանը չի դիտում աշխատանքի չներկայանալ և գտնում է, որ սույն գործով չի հաստատվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ աշխատողի՝ մեկ ամբողջ օր անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու փաստը:
Այսպիսով, Դատարանը գտնում է, որ վերոնշյալ պատճառաբանությամբ ևս վիճարկվող հրամանն ենթակա է անվավեր ճանաչման:
Անդրադառնալով հայցվորի` նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար գումար բռնագանձելու պահանջներին, Դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշմամբ, անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծված լինելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով աշխատանքում վերականգնելու առանձնահատկություններին` արձանագրել է, որ`
1. ոչ բոլոր դեպքերում է, որ առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատանքի պայմանները փոփոխելը, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելը կարող է հիմք հանդիսանալ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու համար.
2. այդ կանոնից բացառություն է այն դեպքը, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը դատարանին իրավունք է վերապահում անգամ վերը նշված խախտումների փաստը հաստատված համարելու պայմաններում աշխատողին չվերականգնել նախկին աշխատանքում, եթե դա անհնարին է նաև տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով: Այս դեպքում նախկին աշխատանքում վերականգնելու փոխարեն դատարանը գործատուին պարտավորեցնում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում` նրա միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով.
3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը գնում է միայն նախկին աշխատանքում վերականգնվելու մասին, այսինքն` այն աշխատանքում, որն աշխատողը հրամանի կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարել է աշխատանքից ազատվելու հրամանն արձակելու պահի դրությամբ (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Զարգացնելով նախկինում արտահայտված դիրքորոշումները` վերոգրյալ հոդվածի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ նշված հոդվածով օրենսդիրը, անդրադառնալով աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերին, կարգավորել է աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողների խախտված իրավունքների վերականգման դեպքերը` առանձնացնելով երկու խումբ իրավիճակներ.
1. աշխատողը վերականգնվում է իր նախկին աշխատանքում` ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ,
2. աշխատողը չի վերականգնվում նախկին աշխատանքում` ստանալով հատուցումներ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց:
Վերոնշյալ երկրորդ իրավիճակը հնարավոր է հետևյալ դեպքերում.
1. Առկա են տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներ: Մասնավորապես, նման իրավիճակ հնարավոր է այն դեպքում, երբ գործատուի վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է աշխատողը, և առկա չէ աշխատողի մաuնագիտական պատրաuտվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատաuխան այլ աշխատանք (տե՛ս, օրինակ, Անաստաս Գիշյանը, Նորայր Եղիկյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0605/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշումը):
2. Գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունները վերականգնելն անհնարին է այլ պատճառներով: Ընդ որում, նշված հիմքի կիրառման համար օրենսդիրը կոնկրետ դեպքեր չի նախատեսել` հնարավորություն տալով դատարաններին յուրաքանչյուր դեպքում գործի փաստական հանգամանքների շրջանակներում գնահատել աշխատանքում աշխատողի վերականգնման անհնարինությունը:
Այսպիսով, վերլուծելով նշված հոդվածով սահմանված իրավակարգավորումները, Վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանով օրենսդիրը նպատակ է հետապնդել համապարփակ կերպով կարգավորելու աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը, մասնավորապես` գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու և լուծելու հետ կապված բոլոր վեճերը` որպես աշխատողի խախտված իրավունքների վերականգնման եղանակներ սահմանելով ինչպես աշխատողի վերականգնումը նախկին աշխատանքում, այնպես էլ դրա անհնարինության դեպքում աշխատողին փոխհատուցումներ վճարելու գործատուի պարտականությունը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հոդվածի իրավակարգավորումները կիրառելի են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու և լուծելու վերաբերյալ բոլոր վեճերով` անկախ պայմանագիրը դադարեցնելու կամ լուծելու հիմքից, այլապես աշխատանքային վեճերի մի մասը դուրս կմնա օրենսդրական կարգավորման ոլորտից:
Վիճարկվող նորմի առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրել է, որ որպես գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինություն է դիտարկվում.
- աշխատողի զբաղեցրած հաստիքի կրճատումը. ընդ որում, որպես աշխատանքում վերականգնելու անհնարինության պատճառ հաստիքի կրճատման փաստը հիմք է ընդունվում ոչ միայն այն դեպքում, երբ անձն ազատվել է հաստիքի կրճատման արդյունքում, այլ նաև այն դեպքում, երբ հաստիքի կրճատումը հաջորդել է տվյալ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների անօրինական դադարեցմանը,
- աշխատանքից ազատված աշխատողի փոխարեն նոր աշխատողի կողմից նրա հաստիքի զբաղեցումը. ընդ որում, այս առնչությամբ իրավակիրառական պրակտիկան հակասական է, քանզի մի դեպքում իրավակիրառողն այդ հանգամանքը գնահատում է որպես աշխատանքի վերականգնման անհնարինությունը պայմանավորող պատճառ, մեկ այլ դեպքում այդ հանգամանքը չի դիտարկում որպես աշխատանքի վերականգնմանը խոչընդոտող հանգամանք,
- գործատուի և աշխատողի միջև լարված հարաբերությունների առկայությունը (նման դիրքորոշում է արտահայտել Սահմանադրական դատարանը 07.07.2010 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-902 որոշմամբ):
Այսպիսով, վերլուծելով նշված հոդվածով սահմանված իրավակարգավորումները, Վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանով օրենսդիրը նպատակ է հետապնդել համապարփակ կերպով կարգավորելու աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը, մասնավորապես` գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու և լուծելու հետ կապված բոլոր վեճերը` որպես աշխատողի խախտված իրավունքների վերականգնման եղանակներ սահմանելով ինչպես աշխատողի վերականգնումը նախկին աշխատանքում, այնպես էլ դրա անհնարինության դեպքում աշխատողին փոխհատուցումներ վճարելու գործատուի պարտականությունը (տես, նաև թիվ ԵԿԴ/3295/02/15 գործով Վճռաբեկ դատարանի 2017 թվականի հուլիսի 20-ի որոշումը, տես նաև թիվ ԿԴ/1490/02/16 գործով Վճռաբեկ դատարանի 2018 թվականի ապրիլի 07-ի որոշումը, թիվ ԵԿԴ/4054/02/16 գործով Վճռաբեկ դատարանի 2019 թվականի մարտի 12-ի որոշումը):
Վերոնշյալ վերլուծությունների համատեսքում Դատարանը դատաքննության ժամանակ կողմերի հետ քննարկել է հայցվորի իր նախկին աշխատանքում վերականգնելու, այսինքն՝ կողմերի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման հնարավորության հարցը և նշվածի կապակցությամբ ի պատասխան Դատարանի հարցադրման՝ հայցվորը հայտնել է, որ բարդ է լինելու, բայց հնարավոր է, աշխատանքը մասնագիտական մոտեցում է պահանջում, ինքն իր աշխատանքին է գնալու՝ պահպանելով բոլոր նորմերը, իսկ պատասխանող <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Աբրոյանն իր հերթին հայտնել է, որ բարդ է պատկերացնել, թե հետո ինչ կլինի, ինչ որ խնդիրներ հաստատ կլինեն, ոնց կհարթվեն, ժամանակը ցույց կտա։
Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ պատասխանողի կողմից հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության վերաբերյալ որևէ ծանրակշիռ փաստ չի վկայակոչվել և չի ներկայացվել անհնարինության վերաբերյալ որևէ հիմնավորում, ուստի աշխատանքի չվերականգնելու համար օրենսդրությամբ նախատեսված անհնարինության հանգամանքների բացակայության պայմաններում Դատարանը գտնում է, որ պետք է վերականգնել հայցվորի խախտված իրավունքները, և վերջինիս վերականգնել մինչև պայմանագրի լուծումը զբաղեցրած աշխատանքին՝ ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության գլխավոր ճարտարագետի պաշտոնում:
Վերոնշյալ վերլուծությունների արդյունքում Դատարանն արձանագրում է, եթե գործի քննությամբ հաստատվում է, որ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են և այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք:
Ընդ որում, այդ գումարը, ըստ էության, հանդիսանում է աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում վճարվող աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատանքից ազատման հրամանի օրվանից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանի կողմից կայացվող վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ է անձը վերականգնվում իր նախկին աշխատանքին: Այսինքն՝ աշխատանքի լուծման հրամանն անվավեր ճանաչվելու դեպքում հարկադիր պարապուրդի գումարը հանդիսանում է աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանի օրվանից մինչև վճիռն օրինական ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի համար աշխատողի աշխատավարձը:
Հայցվորը խնդրել է պատասխանող <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությունից հօգուտ հայցվոր Սեդրակ Մարտիկյանի բռնագանձել միջին աշխատավարձ՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը կազմում է 264.285 ՀՀ դրամ՝ 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 5-ը, և բռնագանձումը շարունակել 09.03.2021 թվականից մինչև հայցվոր Սեդրակ Մարտիկյանի իր նախկին աշխատանքում վերականգնվելը՝ 370.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ամսվա համար:
Գործի փաստերի, մասնավորապես «Կոտայք» ՋՕ ընկերության կադրերի տեսուչ Գ.Գիլոյանի՝ աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կազմված տեղեկագրի համաձայն, գլխավոր ճարտարագետ Սեդրակ Մարտիկյանի դրույքը կազմում է 370.000 ՀՀ դրամ:
Դատարանը գտնում է, որ նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջները նույնպես հիմնավոր են և ենթակա բավարարման, հետևաբար ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությունից հօգուտ Սեդրակ Հոմբերտի Մարտիկյանի պետք է բռնագանձել 264.285 ՀՀ դրամ՝ որպես 15.02.2021 թվականից մինչև 05.03.2021 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված հարկադիր պարապուրդի գումար, ինչպես նաև 09.03.2021 թվականից մինչև Սեդրակ Հոմբերտի Մարտիկյանին աշխատանքի վերականգնելու օրը բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար՝ հայցվոր Սեդրակ Հոմբերտի Մարտիկյանի միջին աշխատավարձի չափով:
Անդրադառնալով դատական ծախսերին` դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցագինը որոշվում է դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի բաշխման հիմքում դրել է համամասնության սկզբունքը, որը պետք է համապատասխանի բավարարված հայցապահանջին:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
ա) դրամական պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից
բ) ոչ դրամական պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված պահանջներից հիմնական և ածանցյալ պահանջներին՝ նշելով, որ քանի որ հարկադիր պարապուրդի և նախկին աշխատանքում չվերականգնելը համարվում են հրամանն անվավեր ճանաչելու հիմնական պահանջի բավարարման հետ միաժամանակյա կատարվող պայմաններ՝ ածանցյալ, ապա այդ մասով պետական տուրք չի գանձվում (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/22289/02/18 քաղաքացիական գործով 10.07.2020 թվականի որոշումը)։
Տվյալ դեպքում Դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացվել է աշխատանքային վեճի վերաբերյալ հայց, մասնավորապես՝ աշխատանքից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար հատուցում բռնագանձելու պահանջներ, որոնց համար հայցվորն օրենքի ուժով ազատված է պետական տուրքի վճարման պարտականությունից:
Հաշվի առնելով հայցվորի պահանջներն ենթակա են բավարարման, Դատարանը գտնում է, որ բավարարված պահանջի մասով պատասխանողը պետք է կրի պետական տուրք վճարելու պարտականություն, հետևաբար պատասխանողից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված ոչ դրամական հիմնական պահանջի մասով պետական տուրքի գումար: Դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործի շրջանակներում, ներկայացված հայցադիմումի համար պետական տուրքից բացի այլ դատական ծախսերի հետ կապված պահանջներ չեն ներկայացվել, գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ, 191-րդ, 192-րդ, 214-րդ հոդվածներով՝ դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Հայցը բավարարել.
Անվավեր ճանաչել ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության ժամանակավոր պաշտոնակատար Վ. Աբրոյանի` Սեդրակ Մարտիկյանին աշխատանքից ազատելու և 2017 թվականի մարտի 6-ին կնքված թիվ 4 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 11.02.2021 թվականի թիվ 50 հրամանը:
Սեդրակ Հոմբերտի Մարտիկյանին վերականգնել նախկին աշխատանքում` ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության գլխավոր ճարտարագետի պաշտոնում:
ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությունից հօգուտ Սեդրակ Հոմբերտի Մարտիկյանի բռնագանձել 264.285 ՀՀ դրամ՝ որպես 15.02.2021 թվականից մինչև 05.03.2021 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված հարկադիր պարապուրդի գումար:
09.03.2021 թվականից մինչև Սեդրակ Հոմբերտի Մարտիկյանին աշխատանքի վերականգնելու օրը, ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությունից հօգուտ Սեդրակ Հոմբերտի Մարտիկյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար՝ Սեդրակ Հոմբերտի Մարտիկյանի միջին աշխատավարձի չափով:
ՀՀ <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
ԴԱՏԱՎՈՐ` Հ. ՋԱԼԱԼՅԱՆ
Ծանոթություն: Սույն վճռի դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ ___________________2021 թվականին:
ԴԱՏԱՎՈՐ` Հ. ՋԱԼԱԼՅԱՆ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 05 Ապրիլ 2022 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|